Ինչպես են պաշտպանվել մարդու իրավունքները Հայաստանում անցած տարի
ՀՀ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը երեկ ներկայացրեց պաշտոնավարման 10 ամիսների (2004 թ. մարտի 1-ից մինչեւ դեկտեմբեր) իր գործունեության եւ այդ ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը: Հայաստանի 2346 քաղաքացիներից օմբուդսմենը բողոքներ է ստացել ամենատարբեր խնդիրների վերաբերյալ (գույքի կառավարում, քրեական հարցեր, սոցիալական, բնակարանային, կրթական, առողջապահական, զինծառայողների եւ այլն): Այդ բողոքների հիմքը շատ հաճախ նաեւ անկատար օրենքներն են ու որոշումները: Անցած շաբաթ օմբուդսմենը նամակով դիմել է Ռոբերտ Քոչարյանին, ներկայացնելով կառավարական մի շարք որոշումներ, առաջարկելով, որ երկրի նախագահը դիմի սահմանադրական դատարան` այդ որոշումների սահմանադրականությունը հաստատելու կամ ժխտելու համար:
Մարզերից ստացվող բողոքներն անհամեմատ քիչ են եղել, որովհետեւ պաշտպանի գրասենյակն այնտեղ ներկայացուցչություններ չունի:
Օմբուդսմենն աշխատանքային ամենաբարդ ոլորտ համարում է բանակը, գրասենյակի աշխատակիցները եղել են զինվորական տարբեր ստորաբաժանումներում: Այստեղ խնդիրները, որպես կանոն, առնչվում են դաժան վերաբերմունքի արտահայտություններին: Այս կտրվածքով խոր ուսումնասիրություններ դեռ չեն իրականացվել, դրանք նախատեսվում են առաջիկայում:
Բանակի էական պրոբլեմը, որ հասցրել է արձանագրել, այն է, որ այստեղ չի գործում կատարվածի համար սպայի պատասխանատվության սկզբունքը ե՛ւ հարազատների, ե՛ւ պատկան մարմինների, ե՛ւ օրենքի առջեւ:
Օմբուդսմենի խոստովանությամբ, սակայն, առավել ցավալի են սոցիալական ոլորտին առնչվող բողոքները:
Հայաստանում աստիճանաբար կրճատվում է աղքատության նպաստառուների եւ հաշմանդամների թիվը: Հիմա հասել ենք այնպիսի վիճակի, որ հաշմանդամների թիվը բնակչության ընդհանուր թվի հետ հարաբերակցության մեջ անհամեմատ ավելի փոքր է, քան այլ երկրներում: Եվ դա պատերազմ ու երկրաշարժ ապրած երկրում: Արհեստականորեն կրճատվում են ե՛ւ անապահովության գործակիցները, ե՛ւ հաշմանդամության չափորոշիչները: Արհեստականորեն կրճատվում է աղքատության մակարդակը, եւ տպավորություն է ստեղծվում, թե հաշմանդամները Հայաստանում աստիճանաբար ազատվում են այդ կարգավիճակից, իսկ աղքատները հարստանում են:
Վատ վարչարարությունը, քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանների ձգձգումները հաջորդ անախորժ ու անլուծելի խնդիրն են, չնայած արդեն 2 տարի տարփողվում է բաց պատուհանի գաղափարը, բայց դա ընդամենը վարչարարության այլ որակ է ստացել: Բավական տարածված է արատավոր այն գործելաոճը, որ քաղաքացու դիմումին կամ բողոքին բոլորովին չվերաբերող կամ հիմնական բովանդակությունը շրջանցող «խուսագրություններ» են տրվում:
Մեր քաղաքացիները շատ աղոտ պատկերացումներ ունեն օրենքների, իրենց իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների մասին, առավել եւս անկարող են դրանք պաշտպանել: Սա Լարիսա Ալավերդյանը նշում է իբրեւ տարածված արատ քաղաքացիական հասարակության ձգտող մեր իրականության համար:
Օմբուդսմենը հիշատակեց նաեւ մի քանի անուններ, որոնք առնչվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումներին: Դրանց թվում տրվեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի անունը, որը հովանավորում է ալրաղացի առ ու վաճառքի հետ կապված մի խառը պատմություն:
Իսկ տարվա ընթացքում օմբուդսմենի ինստիտուտն արդեն կհրապարակի (ընթացքի մեջ է) հատուկ զեկույց` իրավախախտումների դեպքերը, կոնկրետ հասցեատերերով ու անուններով: Այսպիսի զեկույցները սովորաբար չեն տարածվում հասարակության մեջ, բայց ընդհանրացումների մասին վերջինս տեղյակ կպահվի:
Պարտությունը դաս քաղել կլինի
Այսօր սահմանադրական դատարանում քննարկվելու է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համապատասխանությունը սահմանադրությանը: Խոսքը վերաբերում է այն հարցին, թե օմբուդսմենը որքանով իրավունք ունի միջամտելու դատարանների գործունեությանը, որի համար արժանացել էր հանրապետության նախագահի դիտողությանը:
Լարիսա Ալավերդյանը փաստը դիտարկում է իբրեւ ժողովրդավարության մի փոքրիկ նվաճում եւ պարտությունից չի վախենում. «Դա դաս քաղելու եւ հետագայում ավելի հստակ աշխատելու առիթ կլինի»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ