Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ցուցահանդեսներ կազմակերպվեցին Երեւանումՙ ազգային պատկերասրահ, նկարիչների միություն եւ այլ ցուցասրահներում: Արվեստաբան Շահեն Խաչատրյանից տեղեկացանք, որ նկարիչների միությունում կազմակերպված հանրապետական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին նաեւ սփյուռքահայ արվեստագետներ, նրանց նկարներից երկուսը նվիրաբերվել է Երեւանի ցեղասպանության թանգարանին: Առաջինը պատկանում է ֆրանսահայ հայտնի նկարիչ, Եղեռնը վերապրած Զարեհ Մութաֆյանի վրձնին: Նկարիչը բնիկ սամսունցի է եւ տեսել ու ապրել է ցեղասպան ոճրագործության ողջ սարսափը, նա իր ընտանիքից միակ փրկվածն է: Մութաֆյանն ընկել է Կորֆուի (Հունաստան) որբանոցը, գեղարվեստական կրթությունն ստացել է Իտալիայում, ստեղծագործել Ֆրանսիայում: Բացի նկարչությունից, նա արվեստաբանական հետաքրքրական աշխատությունների հեղինակ է: Նկարչի որդինՙ հայտնի մաթեմատիկոս եւ պատմաբան, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն (Կլոդ) Մութաֆյանը, որ հրավիրված էր միջազգային գիտաժողովին, իր հոր «Ցեղասպանությունից փրկվածները» նկարը նվիրեց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Օրեր առաջ Արմեն Մութաֆյանը Երեւանի Մատենադարանին նվիրեց այժմ հանգուցյալ, փարիզահայ կոլեկցիոներ Սարգիս Պողոսյանի հավաքածուից 9-10-րդ դդ. Հովհաննու ավետարանի ձեռագիր պատառիկՙ երկաթագիր էջը: Կլոդ Մութաֆյանը հեղինակն է «Կիլիկիա» երկհատորանոց աշխատության, որ արժանացավ ֆրանսիական երկրորդ հրատարակության, իսկ վերջերս տպագրվեց Հայաստանումՙ հայերեն: Կլոդ Մութաֆյանը երկրաշարժի օրերին կազմակերպեց մարդասիրական օգնություն, տուժածներին բերելով իր նպաստը:
Երկրորդ նվիրատվությունը կատարեց ֆրանսահայ նկարչուհի Ասիլվան: Նախքան Ճապոնիա իր անհատական ցուցահանդեսին մասնակցելը մի քանի օրով այցելեց Երեւան եւ իր «Աքսոր» կտավը նվիրեց Ցեղասպանության թանգարանին. «Ես ալ այդ հողերուն վրա ծնած ու իր կարգին Եղեռնին տուրքը վճարած ընտանիքի մը անդամը, բուռն փափաքը ունեցա համեստ վրձինովս հավերժացնելու անթառամ հիշատակը բոլոր այն հայրենակիցներուս, որոնք ինկան Եղեռնի ճամփաներուն վրայ հուսահատության ու տառապանքի մեջՙ տալով իրենց վերջին շունչը: Եվ որոնց անշիրիմ մարմինները հանձնվեցան գետերուն, անապատի գիշատիչ թռչուններու մագիլներուն կամ շուներու ճիրաններուն, ու անմեղ հոգիներնՙ արդարահատույց պատմության»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ