Հերթը հասել է Ախալցխայի Սուրբ Նշանին
Վրաց ուղղափառ եկեղեցին շարունակում է Թբիլիսիի եւ երկրի մյուս բնակավայրերի հայկական մշակութային կոթողների զավթումը: Մի քանի օր առաջ Ախալցխայի հայկական Սուրբ Նշան եկեղեցու բակ են տեղափոխվել վրացական արձանագրությամբ տապանաքարեր: Բռնազավթումը կատարվում է վրացական զավթողական քաղաքականությանը բնորոշ ձեւով: Եթե եկեղեցու բակում կան վրացական արձանագրություններով տապանաքարեր, ուրեմն բակում վրացիներ են թաղված, հետեւաբար եկեղեցին չի կարող չլինել վրացական: Ահա «իրավական» այս պարզաբանումն են տալիս վրաց հոգեւորականները հերթական հայկական կամ կաթոլիկ եկեղեցին յուրացնելիս:
Սուրբ Նշանը վեճի առարկա է դարձել վերջին տարիներին: Ու քանի որ հնարավոր չի եղել խնդիրը հարթել Հայ առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ, որոշվել էր եկեղեցին բաց պահել Ախալցխայի ինչպես հայ, այնպես էլ վրացի հավատացյալների համար: Նշենք, որ Վրաստանում արդեն զավթվել են շուրջ 30 հայկական եկեղեցիներ եւ օծվել վրացական ծեսով:
«Ազգը» երեկ տեղեկացավ, որ Վրաստանում գտնվող հայկական հուշարձանների վիճակը քննարկելու համար Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ապրիլի 20-ին պատվիրակություն է մեկնել Թբիլիսի եւ հանդիպել Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրագույն հոգեւորականության հետ: Պատվիրակությունը գլխավորել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը:
Երբ պատվիրակությունը բանակցություններ էր վարում վրացական կողմի հետ հիմնականում Թբիլիսիի հայկական մի քանի եկեղեցիների հարցով, վրացի Տարիել անունով քահանան շարունակել է Նորաշենի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու յուրացման աշխատանքները: Հենց այդ օրերին Նորաշենի բակից տեղափոխվել են հայկական տապանաքարերըՙ փոխարինելով վրացականով:
Վրաց ուղղափառ եկեղեցին յուրացնում է նաեւ կաթոլիկ եկեղեցիները: Սակայն ի տարբերություն հայկական հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների, որոնք լավագույն դեպքում բարձր մակարդակով հանդիպումներում կարող են մտահոգություն հայտնել հայկական մշակութային կոթողների յուրացման առնչությամբ, Վատիկանը տեղի չի տալիս: Մասնավորապես Ստրասբուրգի դատարանը քննում է Քութայիսի կաթոլիկ եկեղեցու հարցը: Մի քանի տարի առաջ վրաց եկեղեցին դա զավթել էր եւ օծել: Վատիկանի Պապական նվիրակ Կլաուդիո Գուջերատտին վրացական դատարաններում երկու անգամ պարտվելուց հետո ստիպված էր հայց ներկայացնել եվրոպական դատարան:
Երբ անցյալ տարի Երուսաղեմի հունական եկեղեցիներից մեկում վնասվեց վրացական մի որմնանկար, մի քանի օր շարունակ պաշտոնական Թբիլիսին եւ լրատվամիջոցներն աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, թե սուրբ քաղաքում ոչնչացվում է վրացական ժառանգությունը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ