«Կարապետ Խաչերյանի օրագրությունը ընթերցողին ներկայանում է որպես դեպքերն անմիջականորեն ու մոտիկից վերապրած ու տեղնուտեղը գրի առած ականատեսի վկայություն: Այն պետք է իր արժանի տեղը գտնի հույն-թուրքական հակամարտության, ինչպես նաեւ Փոքր Ասիայում քրիստոնյա ազգությունների նկատմամբ հալածանքների ու բնաջնջման պատմության համապատկերում», գրել է գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանըՙ Դորա Սաքայանի «Զմյուռնիա 1922. բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը» գրքի ծավալուն առաջաբանում:
Աշխարհի 9 լեզուներով թարգմանված այս գիրքը վերջերս լույս է տեսել թուրքերենով, իսկ օրերսՙ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է արեւելահայերենով եւ ռուսերենով:
Դորա Սաքայանի եւ Թեսա Հոֆմանի ներկայությամբ Գրողների միության փոքր սրահում երեկ տեղի ունեցավ «Զմյուռնիա 1922» գրքի շնորհանդեսը, որտեղ գնահատանքի ջերմ խոսքեր ասացին Լեւոն Անանյանը, Խորեն Պալյանը, Վերժինե Սվազլյանը եւ ուրիշներ: «Վերապրողների հիշողությունների մեջ սա բացառիկ գիրք է, մի նոր մասունք ցեղասպանության մասին, նաեւ փուշ ու գերան ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող Թուրքիայի աչքը մտցնելու համար», ասաց Խորեն Պալյանը: Վերժինե Սվազլյանը նշեց, որ մինչեւ վերջին ժամանակներս ցեղասպանության մասին պատմող ականատեսների ձայնը չէր հնչում, մինչդեռ դրանք չափազանց արժեքավոր վկայություններ են, եւ դրանցից մեկը դարձավ բժիշկ Խաչերյանի օրագրությունը:
«Այս գրքով ես մեծ հորս հայրենադարձ արեցի, նրա հոգին այժմ Հայաստանում է, իր ժողովրդի հետ: 10 տարուց ավելի աշխատել եմ նրա օրագրի վրա, անվերջ նորանոր մտքեր են ծնվել իմ մեջ, նոր շերտեր են բացահայտվել», ասաց Դորա Սաքայանը: Նա անչափ ոգեշնչված էր Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը պահանջատերի կեցվածքով դիմավորելու մեր ժողովրդի միասնական կամքով: «Մեր լալու ու ողբալու ժամանակներն անցել են, եկել է առողջ մտածողությամբ եւ ազատ մտքով գործելու ժամանակը: Պահանջատեր լինելը ամեն մի հայ մարդու պարտքը պետք է լինի», հավելեց նա:
Թեսա Հոֆմանը խոստացավ, որ շատ շուտով գիրքը լույսը կտեսնի գերմաներեն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ