«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2005-04-26 | #75, 2005-04-27 | #76, 2005-04-28


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

«Թիմ» ուսումնասիրությունների կենտրոն ՀԿ-ն եւ Բաց հասարակության ինստիտուտը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աջակցությամբ «Պետական ծառայությունը եւ տեղեկատվության ազատությունը» թեմայով երեկ սեմինար էին կազմակերպել: Գաղտնիք չէ, որ լրագրողները կամ սովորական քաղաքացիները տեղեկություն ստանալիս հաճախ են բախվում պետական գերատեսչությունների հետ: Պետական մարմինների եւ քաղաքացիների շփումներն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված խնդիրների քննարկումն էր սեմինարի նպատակը, որին հրավիրված էին պետական ծառայությունների լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինների պատասխանատուներն ու ներկայացուցիչները:

«Պետական կառավարում եւ տեղեկատվության ազատություն. բախո՞ւմ, թե՞ փոխլրացում» թեմայով առաջին զեկույցը վարեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նշվեց, որ ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ քաղաքացիական ծառայության ոլորտում բախում կա, բայց կա նաեւ փոխլրացում պետական կառավարման եւ տեղեկատվության ազատության երկխոսությունների հիմքում, քանի որ այդ երկու օրենքների միջեւ հակասություններ չկան:

Նիստի ժամանակ, որը վարում էր Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, «Թիմ» ՀԿ-ի նախագահ Ավետ Դեմուրյանն ընդգծեց գերատեսչության տեղեկատվության փակ լինելու 3 հիմնական պատճառներՙ իրավական, կազմակերպչական եւ զուտ տեխնիկական:

«Խոսքի եւ տեղեկատվության ազատության եվրոպական չափանիշների ներդրումը Հայաստանում» զեկույցի շրջանակներում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անդրադարձավ երեքՙ զանգվածային լրատվության (2003 թ.), տեղեկատվության ազատության (2003 թ.) եւ հեռուստատեսության եւ ռադիոյի (2000 թ.) օրենքներին: Պրն Մելիքյանի խոսքերով զանգվածային լրատվության օրենքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ դրան իրենց հավանությունն են տվել միջազգային փորձագետները:

Քննարկումներից պարզ դարձավ, որ պետական ծառայությունների եւ տեղեկատվություն ստանալ ցանկացողների միջեւ իսկապես կան խնդիրներ, եւ արմատական փոփոխություններ են հարկավոր համակարգում: Եվ դժվարությունը ոչ այնքան լավ օրենք ունենալն է, որքան կյանքի կոչելը, կիրառելը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4