«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2005-04-26 | #75, 2005-04-27 | #76, 2005-04-28


ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Երկու դատական նիստի ընթացքում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը դատավոր Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ վճիռ կայացրեց կենսաթոշակի վճարման պահանջով երկու քաղաքացիական գործերով: Համահայցվորներ Ջուլիետա Մայրամյանի եւ Հովել Մարդանյանի պահանջները մերժվեցին: Ողջ խնդիրն, ըստ էության, այն էր, որ համահայցվորները պահանջում էին վճարել 2005 թ. հունվարից չվճարված կենսաթոշակները: Թոշակառուները չէին ստացել ոչինչ, քանի որ չունեին սոցիալական քարտ:

Ջուլիետա Մայրամյանը եւ Հովել Մարդանյանը հայտարարել են, որ վճիռն անպայման բողոքարկելու են վերաքննիչ դատարանում: Նմանատիպ հայցադիմումներ եւս գտնվում են դատարանի վարույթներում:

Թեեւ հայցվոր կողմն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ կենսաթոշակի չվճարմամբ խախտվում են սահմանադրության, պետական կենսաթոշակների օրենքի եւ այլ օրենսդրական ակտերի դրույթները, պատասխանող կողմըՙ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը որպես հակափաստարկ նշել էր ՀՀ կառավարության 2004 թ. հուլիսի 2-ի 963 որոշումը, որով սահմանվել է սոցիալական քարտերի կիրառման կարգը:

Ամեն դեպքում, թոշակառուների իրավունքների պաշտպանության համար դատական ատյաններին դիմելու նախադեպն իսկ ողջունելի քայլ է: Ու թեեւ դատարանը մեկ-երկու նիստով ավարտել է գործի քննությունըՙ կայացնելով հայցադիմումները մերժելու վճիռ, ի վերջո, նման նախադեպերը կարող են նորից հասարակական քննարկման առարկա դարձնել սոցիալական քարտերի խնդիրը:

Դեպի եվրոպական արժեքներ եւ Եվրոմիություն առաջնորդվող Հայաստանի Հանրապետության համար պարզվում է, որ դեռեւս հստակեցված չեն գերակա արժեքները: Ո՞րն է ավելի կարեւոր. կենսաթոշակի վճարումը եւ պարտավորության կատարումը թոշակառուի նկատմամբ, թե՞ այդպես էլ չբացատրված կարեւորությամբ սոցիալական քարտերի անհրաժեշտությունը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4