Վրաստանի մայրաքաղաքն այս օրերին անսովոր եռուզեռի մեջ է. քաղաքի կենտրոնում վերանորոգվում են այնպիսի խոր ճաքեր ունեցող ու կիսավեր պատմամշակութային շենքեր, որոնք մեր սեփականատերերը վաղուց արդեն հողին էին հավասարեցրել: Թբիլիսիի կենտրոնում այդ բազմագույն աղյուսե շենքերից ոչ մեկը չի քանդվել, դրանց հետ համեմատելիս մեր քաղաքի կենտրոնումՙ Բուզանդի, Արամի եւ Ամիրյան փողոցներում քանդված բազալտե շենքերը առանց երկմտանքի կարելի է ամրակուռ անվանել: Վերանորոգումից բացի, քաղաքը նաեւ ծաղկապատվում էր եւ իսկական եվրոպական քաղաքի տեսք ստանում: «Բուշի այցի հե՞տ է կապված այս փոփոխությունը», հարցրեցի վրացի լրագրող Իրակլիին: «Ոչ», պատասխանեց նա, «թավշյա» հեղափոխությունից հետո քաղաքը սկսել է ապրել, գեղեցկանալ»:
Ախալցխայում ապրող Գարբուշ պապիկը հակառակ կարծիք ուներ.
«Բուշը պիտի գա, ադոր համար է: Պատերը կճերմակցնեն, սիրունցնեն գը, բան կենեն: Թիֆլիսի էդ 2-3 փողոցն է, հըլը ուրիշ տեղ գնա, տես լա՞վ է»:
Ախալցխայում վիճակն իսկապես տխուր էր, քաղաք մտնելիս կանգնում ես խեղճությանը դեմուդեմ. քարուքանդ ճանապարհներ, կիսամութ փողոցներ, տխուր դեմքեր...
«Ինչո՞ւ են ճանապարհներն այսպես», հարցնում եմ Գարբուշ պապիկին:
«Ամեն տարի շինեն գը, 2 ամիս կանցնի, նորից քանդվի գը: Մե քիչըմ կենեն, էնքան որ մարդկանց աչքերը փակեն: Քաղաքը լրիվ քարուքանդ է: Մի ժամանակ շատ լավ էր, իստակ էր, ամեն առավոտ կավլեին: Հիմի հեչ, քաղաքը աղբանոց է դառել: Ամեն տարի խոսք կուտան, հենց աթոռին նստան, մոռանան գը: Մե տարվա մեջ 3 գուբերնատոր փոխվավ, ասոնք փող չունին, փող որտեղի՞ց, փող ըլնիՙ կուտեն», ասում է նա:
Քաղաքում աշխատանք գտնելը շատ դժվար է, շատերի պես նրա 2 որդիներն էլ մեկնեցին Ռուսաստան: «Հոս գործ չկա, եթե եղավՙ վրացոնց կուտան, մեզի չեն տա: Մի ժամանակ մեր վրա խնդային գը, որ փորելու գործեր կենեինք, հիմա իրենք կենեն, մեզի չեն տա: Ո՞վ էր տեսե, վրացին շինարար աշխատի, էդպես բան չկար, վրացին պիտի կաբինետում նստեր, բալնիքը տաներ- բերեր», շարունակում է նա:
Հայերը հույսեր կապո՞ւմ են Սաակաշվիլու հետ: «Հեչ մի անգամ ալ հույս չունին, ոչ էլ կունենան: Վրացիք արդեն չեն ուզե, էն օրը կճվայինՙ փոխեցեք: Ինչ որ խոսք տվավ, էդիկ չի էնե: Մարդիկ լավ չեն ապրե, վրացիք էլ, հայերն էլ, մուրացկան են դառե: Ամբողջ օրը դոմինո կխաղան, ի՞նչ Էնեն»:
Վերջին տարիներին Ախալցխայում հայերի թիվը, հասկանալի պատճառներով, գրեթե կիսով չափ նվազել է: Նրանց ամենամեծ խնդիրը աշխատանք գտնելն է: Հայերի պատմելով, շատերը փոխում են իրենց ազգանունը, զուտ աշխատանք ստանալու ակնկալիքով: Մեզ ուղեկցող տաքսու վարորդի ազգանունը Նանայան էր: «Հա՜, Նանոաշվիլի», կատակեցի: Նա ծիծաղով արձագանքեց ու որպես համաձայնության նշան ձեռք-ձեռքի զարկեցինք, որովհետեւ միանգամից հասկացավ ակնարկս: Ուծացման վտանգը վիրահայությանն սպառնում է նաեւ խառը ամուսնությունների տեսքով: Մեկ ժամվա հյուրընկալության ընթացքում մեկ դեպք հասցրեցինք արձանագրել. Քյուրքչյանների տոհմի արու զավակներից մեկը ամուսնացել էր վրացուհու հետ եւ ապրում է Գերմանիայում, որոշել են ընդմիշտ այնտեղ մնալ:
Ախալցխան հայաթափ է լինում, բայց այնտեղ դեռ մնացած հայերը փորձում են ոտքի կանգնել, իհարկե մեծ դժվարությամբ: Նոյեմբերից քաղաքում բացված «Պրեստիժ» հյուրանոցի տերը հայ է, 5 տարի տանջվել է հյուրանոցը կառուցելու համար, եւ ի վերջո հասել է նպատակին: Հյուրանոցի դիմացի երկհարկանի տան ճակատին փորագրված էր «անգլիչանին»: Հյուրանոցի տիրուհին պատմեց, որ տան տերը հայ է եղել, պատվելի մեկը, տունը մի քանի տարի առաջ է վաճառել ու գնացել:
Վերջին 1-2 տարիներին հայերն այստեղից մեկնում են ոչ միայն Ռուսաստան, այլեւ Իսպանիա: Հայերի լքված տները դժվար չէ զանազանել, դրանք անպայման զարդաքանդակներով ենՙ արծիվ, նուռ, ծաղիկ...
Ախալցխայի հայերը պատվախնդիր են, իրենց տները լքելու դեպքում այլեւս չեն վերադառնում, բայց չեն դադարում քաղաքը սիրելուց ու ամեն առիթով հիշում են նախկին Ախալցխան, որն, ինչպես իրենք են սիրում ասել, ուրի՜շ քաղաք էր, ուրի՜շ մարդիկ էին: Հիմա քաղաքը փոխել է դեմքը, բնիկներին փոխարինել են նորեկները, բայց այնտեղ մնացած հայերը դեռ ամուր են, այնքան ամուր, որ Սբ. Նշան եկեղեցու դռներն այսօր բաց են:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Ախալցխա-Երեւան