«Ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց թուրք չեմ»
Երեք օր առաջ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական թրքատառ շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը Ուրֆայի դատախազությունից տեղեկացել է, որ իր դեմ դատավարություն է սկսվում: Եթե նրա դեմ հարուցված մեղադրանքը դատարանում հաստատվի, ապա նրան սպառնում է մինչեւ 3 տարվա բանտարկություն:
Ստամբուլից «Ազգի» հետ հեռախոսազրույցում Դինքն ասաց, որ իրեն Ուրֆայում մեղադրանք են ներկայացրել «թրքության հասցեին անարգանք» հասցնելու մեջ: Մասնավորապես, ինչպես նշեց «Ակօսի» խմբագիրը, Ուրֆայում 2002 թ. տեղի ունեցած մի կոնֆերանսում ինքը դժգոհություն է հայտնել թուրքական հիմնի մեջ «իմ հերոս ցեղ» արտահայտության դեմ:
«Ես ասացի, որ հակառակ եմ այդ նախադասությանը, դա ցեղապաշտություն է: Թուրքիայում թուրքերից բացի բնակվում են հույներ, հայեր, այլ ազգություններ: Ես ասացի, որ տարբեր ցեղ եմ, եւ ինձ համար հեշտ չէ գործածել այդ արտահայտությունը», ասաց Դինքը:
Նույն կոնֆերանսում «Ակօսի» խմբագիրը դեմ է արտահայտվել նաեւ «ես թուրք եմ, ես ազնիվ եմ, ես ջանասեր եմ» նախադասությանը, որը երեխաներն արտասանում են Թուրքիայի բոլոր դպրոցներում դասերն սկսելուց առաջ: «Ես կոնֆերանսում ասացի, որ ես հայ եմ, թուրք չեմ, ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց թուրք չեմ», ասաց նա «Ազգի» հետ հեռախոսազրույցում:
Դինքն իր նկատմամբ դատավարությունը չի կապում իր գործունեության կամ օրերս Երեւանում համաժողովին իր մասնակցության հետ: «Վերջին իրադարձությունների հետ կապ չունի: Ես կարեւոր չեմ համարում այս դատավարությունը: Անշուշտ, ինձ կարող են դատել, բայց ես մեղավոր չեմ», ասաց նա: «Ակօսի» խմբագիրը նաեւ ասաց, որ անձամբ չի մեկնի Ուրֆա, հավանաբար «փաստաբան կբռնեմ»:
Հատկապես վերջին շրջանում, երբ ակտիվացել են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու խոսակցությունները, Հրանտ Դինքը հաճախ է հրավիրվում կոնֆերանսներում ելույթներ ունենալու, այդ թվում Եվրոպայում: Արեւմտյան մամուլում Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների մասին հրապարակվող գրեթե բոլոր հոդվածներում մեջբերումներ են արվում Դինքից:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ