Ալբերտ Կոստանյանի անդրանիկ ժողովածուն
«Սարգիս Խաչենց» հրատարակությամբ լույս ընծայված «Բացարձակի որոնումը» գիրքը գրականագետ-մշակութաբան Ալբերտ Կոստանյանի տպագիր (ստորագրված եւ անստորագիր հոդվածների) ժառանգության ամփոփումն է ստվարածավալ մեկ հատորի մեջ (804 էջ):
Գիրքը չորս բաժիններով ամփոփում է Կոստանյանի հեղինակային, գրական դիմանկարները, հոդվածներն ու գրախոսությունները, ազգաբանական-մշակութաբանական էսսեներըՙ «Երկրի փառքը», «Խոսք եւ գիրք», «Վարուժան»-ի էջերում», «Լուսանցագրություններ» խորագրերով: Գիրքը հրատարակված է գրականագետ Յուրի Խաչատրյանի աշխատասիրությամբ:
Ալբերտ Կոստանյանն ընդամենը մի քանի տարի առաջ ապրում էր մեր կողքին (մահացավ 2002 թ.), վարում «Նորք» ամսագրի տեսության եւ քննադատության բաժինը: Յուրի Խաչատրյանի բնութագրումով նաՙ «մեր գրականության միայնակ փախստականը», գրասեր անգամ նեղ հանրությանը ծանոթ անուն չէր, եւ այսօր մենք իր հետ «շփվելու» հնարավորություն ունենք լոկ գրքի էջերում, որի յուրաքանչյուր ընթերցում ներկայացնում է մտքի անակնկալների, ձեւակերպում-գնահատումների խիստ անհատականորեն վերապրած անսովոր մտածողական երեւույթ:
Անսովոր մարդ, անսովոր ճակատագրով, բացառիկ հոգեկերտվածքով անհատ, որ իր ընտրած կենսակերպին մինչեւ վերջ մնաց հավատարիմՙ պահպանելով կոստանյանական ուրույն ոճն ու կեցվածքը: «Իմ գիրն իմ մասին է», ասում է Ալբերտ Կոստանյանըՙ հեռավոր հիշեցնելով հանճարեղ Սայաթ-Նովային: Եվ այս ձեւակերպումը լիովին արդարացված է, որովհետեւ իր զարմանալի գեղեցիկ, ընտիր հայերենը, որ հեղինակի աշխարհընկալումների, մտածումների, էսթետիկայի կրողն ու արտահայտիչն է, ընթերցումը վայելքի է վերածում եւ չափազանցություն չթվա, եթե ասեմՙ ծեսի: Բառերն այնպես ճկուն, առաձգական ու կենդանի են, որ ընթերցումը հավասարեցնում են հեղինակի հետ անմիջական զրույցի:
Գրականագիտական մեր ավանդական մոտեցումներից ու սկզբունքներից, ընդունված չափանիշներից ու ձեւերից միանգամայն անկախ է Կոստանյանի միտքը, ազատ իր ներքին դրսեւորումներում, որի ամեն դիտարկում վրձնահարվածի պես դիպուկ է ու գունեղՙ անշփոթելի ձեռագրով: Մտքի այդ անսովորությամբ է նաեւ բացատրվում յուրաքանչյուր ընթերցման նոր հայտնաբերումներըՙ հեղինակային մշակութաբանական ինքնատիպ ընդհանրացումներով: Արժանին մատուցենք նաեւ Յուրի Խաչատրյանին, որիՙ գրքի առաջաբանում ակնածանքով ու սիրով ստեղծած Կոստանյան-մտավորականի արտակարգ հետաքրքրական դիմանկարն ուղեկցում է գրքի ողջ ընթերցմանը:
Պարզ ու անշուք բնակարանում է ապրել Ալ. Կոստանյանը, կարելի է ասելՙ ծայրահեղ պայմաններում. «Մթի ու ցրտի մեր սարսափելի տարիներին, երբ էլեկտրականություն էլ չկար, գիշերն իր սենյակի ջուրը սառչում էր...
Լիովին ազատ մարդ էր Ալբերտ Կոստանյանը, ազատ էր հոգով, ոգով, նկարագրով ու մտածողությամբ: Բացարձակապես կախում չուներ որեւէ մեկից, շրջակայքի մարդկանցից: Իրեն կարողացել էր ազատագրել առարկայական եւ մարդկային բազմաթիվ կաշկանդող կապերից:
Մենակյաց էր ու ոչ մարդամոտ: Դժվար, գրեթե անհաղորդ մարդ էր թվում: Խմբագրության իր սենյակում կամ տանը հաճախ տրվում էր երկար մտածումների որեւէ նյութի շուրջ, ներսուզումների, մեդիտացիաների: Եվ սարսափելի նյարդայնանում էր, երբ իրեն խանգարում էին», գրում է Յու. Խաչատրյանը:
Կոստանյանի դիմանկարը ստեղծելիս Յուրի Խաչատրյանը օգտագործել է մանրամասներ, սկսած կենցաղայինից մինչեւ բարձր մտածական, հոգեկան տրամադրություններ, վիճակներ, ըստ որումՙ վերջին տարիների ապրելակերպի փոփոխությունները պայմանավորելով ոչ այնքան կենսապայմաններով, որքան ներքին հոգեւոր կյանքի որոշակի մակարդակներովՙ բացարձակի (Աստծո) որոնումների մեջ:
«Հպարտ մենակյաց»ՙ շատերի համար անհասկանալի այս մարդն իրականում այդպիսին դարձել, կամ երեւում էր իր ներքին մարդուՙ «նուրբ զգայուն, արիստոկրատ էությունն ու յուրօրինակ պոետական հոգին եւ ներաշխարհային դյուրաբեկ կերտվածքը պաշտպանելու համար»: Նա արտիստիկ կեցվածք է ունեցել. մտավորականի ազնիվ դրսեւորումներ, մտածող, ներհայեցող մարդ էր, երբեմն բանաստեղծական «խենթացումներով»:
Ալբերտ Կոստանյանը ծնունդով Թբիլիսիից էր, կրթությունը ստացել է Մոսկվայի Լոմոնոսովի անվ. եւ Երեւանի պետհամալսարաններում, աշխատանքային ու գրական գործունեությունը սկսել գրականության եւ արվեստի թանգարանում, որոշ ժամանակ աշխատել «Պիոներ-կանչ» թերթում, ապա մինչեւ կյանքի վերջըՙ «Սովետական գրականություն» ամսագրում: Գրականագիտական ինքնատիպ դրսեւորումը, անկախ մտածողության առաջին արտահայտությունը Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմի վերլուծականն էր, ապա «Կոստան Զարյան» դիմանկար-էսսեն, ապա դրան հաջորդող հետագա գրախոսությունները, որ բացահայտում են իր նախասիրություններնՙ ամփոփված «Երկրի փառքը» բաժնում, դրանք նվիրված են Նարեկացուն, Չարենցին, Կոմիտասին, Եղիա Տեմիրճիպաշյանին, Տիրան Չրաքյանին, Հակոբ Օշականին, Թումանյանին, եւ ճաշակավոր գրականագետի մեկնողական հայացք են հայ մշակույթի անցյալին ու ներկային, որ ժամանակի մեջ, սակայն, չընդունվեց:
Ալբերտ Կոստանյանի գրականագիտական մոտեցումներում առանձնահատուկն այն է, որ յուրաքանչյուր երեւույթ ներկայացվում է ընդհանրական համատեքստում, մշակութային ամբողջական մթնոլորտումՙ իբրեւ ժամանակի եւ անցյալի հոգեւոր-մշակութային ժառանգականության արդյունք կամ հետեւանք: Երբեմն առանձին շտրիխների էլ է անդրադառնում, սակայն վրձնի մի հարվածով դարձյալ համակարգում, ամբողջացնում է: Իր դիտարկումների մեջ առկա մշակութաբանական, հասարակագիտական, պատմական, լեզվաբանական բազմապիսի շերտերը գրականագետի խորագիտության մասին են վկայում: Կոստանյանը մշակութաբան է, լեզվական կատարելությունը արվեստի վերածող գեղագետ, նրա միտքն արտասովոր կառուցիկ է, նույնիսկ կանոնավոր-կոկիկ, բնութագրումները բանաձեւումի նման հստակ են ու դիպուկ:
Գրականությունից զատ Կոստանյանի հետաքրքրությունների ու որոնումների ոլորտ եղել է նախաքրիստոնեական հայ քաղաքակրթության եւ հայոց պատմության ուսումնասիրությունները: Նա փորձել է ստեղծել մինչ քրիստոնեական հայ քաղաքակրթության համակարգված կառուցվածքը, այդ ընթացքում ուսումնասիրել է սանսկրիտ, սովորել է կարդալ սեպագրեր, հասկանալ հին պատկերանշանային համակարգերը: Դրանք ամփոփել է ծավալուն ձեռագրային տետրակներումՙ «Բիայնական տետրակ», «Նաիրական տետրակ», «Ուրարտուի տետրակ» եւ այլն:
Յուրի Խաչատրյանը, իբրեւ կազմող, Կոստանյանի տպագիր եւ անտիպ ժառանգության առնչությամբ հարկ է համարել որոշակի ճշգրտումներ անել: Նկարագրելով գրականագետի արխիվի վիճակըՙ տեղեկացնում է, որ այդ արխիվն իր ողբերգական մահից հետո 6 ամիս ինչ-որ տեղում մնացել է փակ, որից հետո են միայն տնօրինել այրին ու դուստրը: Ալ. Կոստանյանն իր աշխատանքների ոչ ձեռագիր, ոչ մեքենագիր ցանկ չի թողել եւ ողջ մատենագրությունը կատարել է Յու. Խաչատրյանը, նյութերը ներկայացվել ենՙ հաշվի առնելով հեղինակի գաղափարական դիրքորոշումներն ու սկզբունքները, պահպանված է ժամանակագրական կարգըՙ հեղինակի ավելի ներքին կենսագրական ընթացքին հետեւելու համար:
Իր կենդանության օրոք Ալբերտ Կոստանյանը սակավ գնահատողներ ու ճանաչողներ է ունեցել, որպես վկայություն կարելի է բերել Յու. Խաչատրյանի այն ակնարկը, թե Կոստանյանի մասին խոսելիս այդ նույն շենքում գտնվող «Գրական թերթի» խմբագիրներից մեկը նրա անունը չէր էլ լսել: Իր գրական վաստակի արժեւորումն ու գիտակցումն ունեցել են իր նման բացառիկ մտածող ու ապրող անհատներՙ Լեւոն Ներսիսյանը, Վիլհելմ Մաթեւոսյանը եւ մի քանի ուրիշ մարդիկ, ավելի երիտասարդ սերնդիցՙ «Ռուբիկոն» ամսագրի հիմնադիր-խմբագիր, մշակութաբան, արվեստագետ Արա Գուրզադյանը, «Փրինթինֆո» հրատարակչատան տնօրեն Արամ Մեհրաբյանը, ովքեր պատրաստ են եղել կենդանության օրոք տպագրել նրա ստեղծագործությունները:
Հեղինակային մեջբերում դժվարանում եմ կատարել, գիրքն ամբողջությամբ, ծայրեծայր էսթետիկա է, պետք է պարզապես ընթերցելու վայելքն ունենալ («Թումանյանի փառքը», «Կոմիտասի առաքելությունը», «Տիրան Չրաքյան», «Այլեւ բանիվ», «Լուսանցագրություն», «Լուսավորչի կանթեղը» եւ այլն):
Ալբերտ Կոստանյանի «Բացարձակի որոնումը» գիրքը տպագրվել է պետական մասնակի աջակցությամբ, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է «Սարգիս Խաչենց» եւ «Պրինթինֆո» հրատարակչությունների համատեղ գործակցությամբ: Մեր հրատարակչական կուլտուրայի մեջ ուշագրավ եւ օրինակելի երեւույթ է համատեղ գործելու այս իրողությունը: Այս համագործակցությամբ շուտով լույս կտեսնի XX դարի ֆրանսիացի բանաստեղծ, տեսաբան Պոլ Վալերիի «Արվեստի մասինը» (տպագրական փուլում է) հրատարակության ընթացքի մեջ են Մարկ Շագալի «Իմ կյանքը» եւ Վիլհելմ Մաթեւոսյանի գրքերը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ