«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2005-04-28 | #77, 2005-04-29 | #78, 2005-04-30


Ս. ԵՐԻՑՅԱՆ. «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ» ՍՈՈՒՍԻ ՏԱԿ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ, ՈՐԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ»

Երեկ կրթության նախարար Սերգեյ Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել մարզպետարանների կրթության վարչության պետերին: Վերջին տարիներին ավարտական միջոցառումները դարձրել են ճոխ խրախճանք: Դրամահավաքությունը, նվերները, ռեստորանային խնջույքները աշակերտներին դնում են վատ վիճակի մեջ եւ կախվածության մեջ գցում, չէ՞ որ առջեւում քննություններ են, ավարտական վկայականների հանձնում: Չնայած, մյուս կողմից էլ, որ ծնողները պնդում են իրենց երեխաների համար այդ օրը անցկացնելու կարեւորությունը, հակասություն են առաջացնում, բայց այնուամենայնիվ այդ ծախսերը պետք է խիստ սահմանափակել:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Նուրիջան Մանուկյանի խոսքերով «Վերջին զանգը» պետական միջոցառում չէ, այլ տարիներից եկած գեղեցիկ ավանդույթ, որի գաղափարը այս տարիների ընթացքում խեղաթյուրվել է` վերածվելով շոուի: «Սցենար գրողներ են հայտնվել, որոնք սցենար են գրում, վաճառում. մենք չենք խրախուսում այդպիսի միջոցառումները, որոնք ոչ մի բանի չեն նպաստում», մտահոգություն հայտնեց պետի տեղակալը:

«Ես չեմ ուզում թաքցնել, որ «Վերջին զանգ» սոուսի տակ փորձում են դրամահավաքություն անցկացնել, բայց դա մենք չենք խրախուսում», ասաց ԿԳ նախարարը: Սերգեյ Երիցյանի խոսքերով, դա չի նշանակում, որ չի լինի ավարտական միջոցառում: «Խոսքն այն մասին է, որ այդ միջոցառումները անցկացվեն համեստ, բայց բովանդակալից, որ դրանք հասանելի լինեն բոլոր աշակերտներին, այնպես չլինի, որ գումարի պատճառով ոմանք հրաժարվեն «Վերջին զանգից»: Ավարտական հանդիսությունների հիմքում չպետք է դրվեն չարդարացված ծախսեր», նշեց նախարարը: Նրա խոսքերովՙ ոչ ոք չի արգելի, որ այդ երեկո շրջանավարտները մեկ բաժակ շամպայն խմեն կամ տորթ ուտեն, բայց դա չպետք է վերածվի խրախճանքի:

Նախարարը առաջարկեց, որ այդ օրը լինի մարզային մի համահավաք ծրագիր, իսկ թե դրանից հետո ով ինչ միջոցառում կկազմակերպի, այլ հարց է: «Մեզ համար խնդրառու է մայիսի 25-ըՙ վերջին զանգի օրը, եւ մեր ուշադրությունը պետք է սեւեռենք այդ օրվա վրա», ավելացրեց պրն Երիցյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4