«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2005-04-29 | #78, 2005-04-30 | #79, 2005-05-03


ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ

«Առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա», ասում է ՀՀ նախագահի մամլո խոսնակը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Թուրքական «Զաման» օրաթերթը մայիսի 1-ի համարում վկայակոչելով «դիվանագիտական աղբյուրներ», հաղորդում է, որ Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է «երկրորդ նախաձեռնությանը»ՙ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը:

Հիմք ընդունելով Թուրքիայի վարչապետի գրասենյակի հաղորդումները, «Զամանը» գրում է, որ Էրդողանի եւ Քոչարյանի «դեմ առ դեմ» հանդիպումը նախատեսված է Վարշավայում, որտեղ մայիսի 15-16-ը տեղի է ունենալու Եվրոխորհրդի գագաթաժողովը: Մինչ այդ Քոչարյանն ու Էրդողանը կմասնակցեն մեկ այլ միջազգային միջոցառման. մայիսի 8-9-ը Մոսկվայում տեղի կունենան ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյա տոնակատարությունները:

«Հանդիպման ժամանակը եւ տեղը ճշտված չեն, փոխարենը գագաթաժողովի ընթացքում նման հանդիպման հնարավորություն կստեղծվի», գրում է թերթը եւ հավելում. «Եթե Էրդողանի եւ Քոչարյանի հանդիպումը կայանա, ապա երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամ դեմ առ դեմ կքննարկեն ցեղասպանության պնդումները»:

Վարշավայում Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպման «որեւէ պայմանավորվածություն առայժմ չկա», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Թուրքական թերթն ընդգծում է, որ «ցեղասպանության պնդումների» հարցով Անկարայի դիվանագիտական նախաձեռնությունն սկսվել է երկու երկրների առաջնորդների նամակների փոխանակմամբ:

Ապրիլի 10-ին Թուրքիայի վարչապետը Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էր «պատմաբաններից եւ այլ փորձագետներից ստեղծել մի խումբ, որն անցյալի դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը: Հայաստանի նախագահը պատասխան նամակում նկատել էր, որ «մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին, ուստի առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ»:

Նախքան Քոչարյանի նամակն ստանալը, թուրքական մամուլը, ինչպես նաեւ հեղինակավոր «Նյու Յորք թայմսը», շտապեցին գրել, որ Հայաստանի նախագահը մերժել է Թուրքիայի վարչապետի առաջարկը, դրանով իսկ փորձելով տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը խուսափում է երկխոսությունից: Չպետք է բացառել, որ այս դեպքում էլ թուրքական մամուլն Անկարայի ցուցումով փորձում է ժամանակից շուտ շրջանառության մեջ դնել Էրդողան-Քոչարյան հանդիպման հավանականությունը, որպեսզի դա չկայանալու դեպքում փորձ արվի չկամության մեջ մեղադրել Հայաստանին:

Եթե վարշավյան հանդիպումը կայանա, ապա դա չպետք է դիտել արտասովոր, քանի որ Քոչարյանը երկու անգամ հանդիպել է Թուրքիայի, ճիշտ էՙ նախկին, վարչապետին: 1998 թ. հունիսի 5-ինՙ Յալթայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 4-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Քոչարյանի 20-րոպեանոց հանդիպումը Սուլեյման Դեմիրելի հետ: 1999 թ. նոյեմբերի 17-ինՙ ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում տեղի ունեցավ նրանց երկրորդ հանդիպումը, որի ավարտին Հայաստանի նախագահը հանդիպումն անվանեց երկուստեք «բարի կամքի» դրսեւորում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4