«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2005-04-29 | #78, 2005-04-30 | #79, 2005-05-03


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼ

Եվ ստանում «ցեղասպանության հայկական պնդումների» հարցում Շարոնի աջակցությունը

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը բացասաբար էր անդրադառնում Իսրայելի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վրա: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն մերժում էր Անկարայում ընդունել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին, այլեւ, անտեսելով Վաշինգտոնի հորդորները, հրաժարվում էր այցելել Երուսաղեմ: Այդ ընթացքում Անկարան համառորեն դիմադրում էր «Ինջիռլիքի» ռազմաբազան ամերիկյան զորքերի օգտագործմանը վերստին տրամադրելու Վաշինգտոնի պահանջներին:

Ապրիլի 24-ի նախօրյակին «Ինջիռլիքի» շուրջը ծավալվող թուրք-ամերիկյան սակարկություններն ավարտվեցին: Թուրքիան վերականգնեց այդ բազան օգտագործելու ամերիկյան իրավունքները: Ըստ երեւույթին հենց այդ օրերին էլ Էրդողանն Իսրայել այցելելու հարցում որոշեց ընդառաջել ամերիկացիներին: Այս պայմաններում միանգամայն տրամաբանական էր, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ապրիլքսանչորսյան ելույթում, հակառակ ամերիկահայ շրջանակների ակնկալիքներին, չարտասաներ «ցեղասպանություն» բառը:

Համենայն դեպս, մայիսի 1-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պետնախարար Բեշիր Աթալայի, պաշտպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, արդյունաբերության եւ առեւտրի նախարարների, երկու խորհրդարանների եւ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ այցելեց Իսրայել: Այցի առաջին օրը Երուսաղեմում Էրդողանին ընդունել է Իսրայելի նախագահ Մոշե Կացավըՙ քննարկելով երկկողմ հարաբերություններին, Պաղեստինին, տարածաշրջանին առնչվող խնդիրներ: Էրդողանը նշել է միջնորդական առաքելությամբ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Նա նույնը կրկնել է Սիլվան Շալոմի հետ հանդիպմանը, որի ավարտին Իսրայելի արտգործնախարարը ռադիոելույթով մերժել է Թուրքիայի միջնորդությունը:

Այնուհետեւ Էրդողանն իր տիկնոջ եւ թուրքական պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Երուսաղեմի Յադ Վաշեմ ցեղասպանության թանգարան: Հատկանշական է, որ նա թանգարան մտնելիս հրաժարվել է գլխին կիպա դնել: Թուրքական պատվիրակությունից թերեւս պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, իսլամական Թաքքե, իսկ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Ալի Ջոշքունը բերետ են կրել, որ գլխաբաց թանգարան չմտնեն:

Կիպայից հրաժարվելը, սակայն, չի խանգարել, որ Էրդողանը Յադ Վաշեմ թանգարանի հուշամատյանում գրի. «Ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ամենադաժան հանցագործությունն է: Թուրք ազգը դարեր շարունակ բարեկամական հարաբերության մեջ է եղել հրեա ժողովրդի հետ եւ շարունակելու է զարգացնել այդ բարեկամությունը: Մենք չենք կարող տուրք տալ ազգայնամոլությանը, ընդհակառակըՙ ունենք դրա դեմ պայքարելու ընդգծված վճռականություն»:

Մայիսի 2-ին Էրդողանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին: «Ենի շաֆաքը», տեղեկացնելով այդ մասին, նշում է, որ Թուրքիայի վարչապետը դրանով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի եւ Եվրոմիության ղեկավարության հետ անցավ Շարոնին հանդիպող օտարերկրյա ղեկավարների շարքը: Հանդիպմանը քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի, Իրաքի քաղաքական զարգացումների, թուրքական ռազմական ինքնաթիռների արդիականացման, ինչպես նաեւ «Հայոց ցեղասպանության պնդումներին» վերաբերող հարցեր: «Ենի շաֆաք» թերթը, հենվելով իսրայելական մամուլի վրա, նշում է, որ Շարոնը խոստացել է ցեղասպանության հայկական պնդումների հարցում ե՛ւ Իսրայելի, ե՛ւ ԱՄՆ-ի հրեաների աջակցությունը Թուրքիային:

Հանդիպման ավարտին Էրդողանը լրագրողներին հիշեցրել է Թուրքիայում բնակվող 30 հազար, Թուրքիայից Իսրայել գաղթած 100 հազար հրեաների մասին: Նա ասել է, որ նրանք երկու երկրների միջեւ կամրջի դեր են կատարում, այնուհետեւ ավելացրել. «Թուրքիան հակասեմիտիզմը որակում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Ազգայնամոլության դեմ միշտ եւ ամենուրեք պայքարում ենք»: Էրդողանն անդրադարձել է նաեւ այցի արդյունքում Թուրքիայի եւ Իսրայելի վարչապետների միջեւ հաստատված ուղիղ հեռախոսակապինՙ նշելով, որ առաջարկն արեց Շարոնը, իսկ մենք ընդունեցինք: Նույն օրը Թուրքիայի վարչապետը Երուսաղեմից շարժվել է Պաղեստինյան ինքնավարության վարչական կենտրոն Ռամալլա:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4