Արցախի գրողների միությունը կանոնադրական ժամկետից մեկ տարի շուտ գումարեց իր 3-րդ համագումարը: Դա, սակայն, կանոնադրական ժամկետի խախտում չէր, այլ մի քանի շաբաթ հետո Երեւանում կայանալիք ՀԳՄ 14-րդ համագումարի համապատկերինՙ ՀԳՄ-ին համաքայլ ընթանալու օրինաչափ պահանջ, մանավանդ, որ այսօր ԱրԳՄ շուրջ 60 անդամներից 41-ը Հայաստանի գրողների միության անդամ են:
Պատահական չէր նաեւ ՀԳՄ պատվիրակության մասնակցությունը ստեփանակերտյան համագումարի աշխատանքներին, որտեղ համատեղ կատարված աշխատանքի եւ հետագա ծրագրերի մասին ելույթ ունեցավ նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:
ՀԳՄ նախագահը նախՙ շնորհակալություն հայտնեց իրեն եւ պատվիրակության կազմում ժամանած բանաստեղծներ Արտեմ Հարությունյանին ու Հովհաննես Գրիգորյանին Արցախի ԳՄ շարքերն ընդունելու համար: Նման անակնկալ նրանց մատուցել էր ԱրԳՄ վարչությունըՙ նախօրեին միաձայն կայացրած որոշմամբ:
Լեւոն Անանյանը բարձր գնահատեց երկու գրական կազմակերպություններիՙ հատկապես վերջին 4 տարվա համագործակցությունը: Կարեւորելով Արցախի այսօրվա գրական ներուժը, նա այն որակեց իբրեւ բարձր չափանիշներով կայացած ուժ, որը համահայկական գրական դաշտում լուրջ առաքելություն ունի:
«Հայաստանի գրողների միությունը այսուհետ եւս ամենայն աջակցություն կցուցաբերի Արցախի գրական ընտանիքին», հավաստիացրեց Լ.Անանյանը: Եվ դրա մի կոնկրետ դրսեւորումը կլինի առաջիկայում Շուշիում կառուցվելիք գրողների հանգստյան տունը:
Նա բարի նախանձով մատնանշեց ԼՂՀ գրական կառույցում առկա համերաշխ մթնոլորտը:
Արցախի գրական կազմակերպության անցած 4 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Ամենակարեւորը, զեկուցողի հավաստմամբ, Արցախի գրական ընտանիքը համահայկական դաշտ դուրս բերելն է, անշուշտ, ՀԳՄ ղեկավարության շահագրգիռ աջակցությամբ: Այսօր ԱրԳՄ-ն իրեն կից ունի «Եղիցի լույս» գրական եւ «Պըլը Պուղի» երգիծական թերթերը, ինչպես նաեւ առանձին գրահրատարակչությունՙ տարեկան մեկ տասնյակից ավելի գրքեր հրատարակելու նյութական հնարավորությամբ: Գրողների միության լիարժեք գործունեությանը նպաստելու պետության բարեհաճ վերաբերմունքը փաստելով, Վ. Հակոբյանը առանձնանշեց արցախաբնակ գրողների կենցաղային պայմանների բարելավման, արտասահմանյան ստեղծագործական գործուղումներին նրանց ներգրավման, ինչպես նաեւ թարգմանական գործի վիճակը որակապես բարեփոխելու հետ կապված հարցերը:
Առանձնակի ուշադրություն է դարձվում գրական երիտասարդ սերնդի խնդիրների վրա: Համաձայն զեկուցման, երիտասարդ գրողների համար լավագույն պայմաններ են ստեղծված թե՛ գրքեր հրատարակելու եւ թե՛ գրական միջոցառումներին, այդ թվումՙ Հայաստանում կազմակերպվող, մասնակցության համար:
Վ. Հակոբյանը հատկանշեց նաեւ գրողներիՙ պետական կառավարման գործընթացում ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Այս խնդիրը, որ հնչեցվեց ուրիշ ելույթներում եւս, հրատապ է այն տեսանկյունից, որ անկախության շուրջ մեկուկես տասնամյակում ԼՂՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրագույն մարմիններում ներկայացված չի եղել ու այսօր էլ չկա ոչ մի գրող, այն դեպքում, երբ Արցախյան շարժումն 88-ին ալիքվել էր հենց գրողների նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ:
Արցախահայ արձակի ներկա վիճակի մասին զեկուցմամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, իսկ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դոցենտ Ժաննա Բեգլարյանը ներկայացրեց պոեզիայի գնահատելի համապատկերըՙ ըստ արցախաբնակ բանաստեղծների վերջին տարիների հրատարակած երկերի:
Համագումարում հնչած ելույթները նաեւ բովանդակում էին Արցախի գրողների միության վարչությանՙ հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքի մանրամասներ, որի ընդհանրականով էլ գնահատվեց վարչության կատարած աշխատանքը:
Բաց քվեարկությամբ ընտրվեց 11 հոգուց բաղկացած նոր վարչություն: Արցախի գրողների միության վարչության նախագահ միաձայն վերընտրվեց Վարդան Հակոբյանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ