«Սարգիս Խաչենց» հրատարակչությունը «Իմացություն գրադարան» մատենաշարով ընթերցողին է ներկայացնում թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի «Միջնադարյան բեմ. Թատրոն-եկեղեցի հարաբերությունը եւ եւ հայ հոգեւոր դրաման» (300 էջ) խորագիրը կրող գիրքը:
Միջնադարյան արվեստի թեմատիկան, ամբողջությամբ խարսխված եկեղեցական-հոգեւոր կյանքին, սնվում է նրանից եւ, բնականաբար, թատրոնըՙ նույնպես: Հեղինակը ներկայացնում է միջնադարյան բեմարվեստն իր պայմանական համակարգի մեջ եւ քննության առնվող նյութը նույնպես ենթակա է պայմանականության: Սույն ուսումնասիրության մեջ Հ. Հովհաննիսյանի խնդիրը քրիստոնեության արշալույսին անտիկ դրամայի հետ կատարված փոփոխությունների ընթացքին հետեւելն էՙ դրամայի ընկալումը վաղ միջնադարյան դպրոցում, ինչ է փոխանցել եկեղեցական ծիսակարգին եւ ինչ ազդեցություն է ունեցել հետագա ժամանակների դրամատիկական արվեստի վրա: Թատերագետը բեմը դիտում է իբրեւ հարցադրման պայման, այլ ոչ թե որպես ուսումնասիրության առարկա:
Միջնադարյան թատրոնի տեսական այս վերլուծությունը կատարված է բծախնդիր մասնագետի խիստ գիտական լեզվով եւ նյութի խորագիտությամբ, ոչ միայն թատրոնի պատմության, այլ առհասարակ միջնադարյան մշակութային ողջ մթնոլորտի (հասարակություն, եկեղեցի, արվեստ, լեզու եւ այլն):
Գիրքը բովանդակում է 5 գլուխներՙ «Հրապարակից բեմ» եւ «Ընդդեմ թատերաց», «Դրաման եւ ճարտասանական դպրոցը», «Դրամատուրգիական ձեւի դրսեւորումները», «Ուսումնական դրամայի եվրոպական ուղիները», «Դրաման եւ ժողովրդական կրոնասիրությունը», ներառելով ներածություն եւ վերջաբան, ծանոթագրություններ, անվանացանկ բաժինները: Աշխատանքն, անշուշտ, պահանջում է համապատասխան մասնագիտական մեկնաբանություն:
Գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ եւ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:
Տեղեկացնենք, որ «Սարգիս Խաչենց» հրատարակչության «Էսթետիկա, արվեստի տեսություն» շարքով հրատարակության է պատրաստվում Ռ. Ջ. Կոլլինգվուդի «Արվեստի հիմունքները», Ռ. Ուելլեկի, Օստին Ուորրենի «Գրականության տեսություն», Յուրի Խաչատրյանի «Կոստան Զարյան. կյանքը եւ գործը», Լիոնելլո Վենտուրիի «Չորս քայլ դեպի արդի արվեստը» գրքերը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ