«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2005-04-29 | #78, 2005-04-30 | #79, 2005-05-03


ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ

Սպառողը հանգիստ կարող է հրաժարվել օրենքի պահանջները կատարելուց

Ոռոգման ջրի վարձավճարները չմուծելու համար գյուղացին հաճախ է զրկվում ջրից, այդպիսի փաստեր վերջին տարիներին հաճախ են արձանագրվում: Իհարկե, հակառակ ոռոգման ջրի, խմելու ջրի դեպքում վարձավճարները չմուծելու համար պատժի նույն մեխանիզմի կիրառումը զանգվածային բնույթ չունի, բայց նկատի առնելով ջրային օրենսգրքի պահանջները, հավանական է, որ այս իրողությունը շատ շուտով սովորական դառնա նաեւ այս դեպքում:

Հայաստանի Կանաչների միությունը քարոզչություն է սկսել ապացուցելու, որ ՀՀ ջրային օրենսգրքի ոգին ու տառը ոտնձգություն է բնության այս անփոխարինելի արժեքն օգտագործելու մարդու բնական իրավունքի դեմ:

Օրենսգիրքը, ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, հեղափոխական է այս բառի բացասական իմաստով, քանի որ հակասում է ե՛ւ միջազգային կոնվենցիաներին, ե՛ւ մեր գործող օրենքներին, հակասական դրույթներ ունի հենց իր սահմանումների մեջ: Այն բեւեռված է հիմնականում ջուր-ապրանք հարաբերությունների, ջրի շուկայի ստեղծման վրա եւ նույնիսկ չի ներառում ողջ ջրային ոլորտը:

Հակոբ Սանասարյանին խնդրեցինք մանրամասնել միության դիտողություններն այս կարեւորագույն օրենքի վերաբերյալ:

- Ինչպես մյուս ապրանքների պարագայում (հաց, սննդամթերք, հագուստ եւ այլն), այս դեպքում էլ սահմանվում է, որ ջուրն ապրանք է եւ նրա սպառման հետ կապված հարաբերությունները պետք է նույն հիմունքներով լինեն:

Ջուրն իրոք ապրանք է, բայց ողջ աշխարհում, բոլոր ժամանակներում եւ գործող բոլոր համակարգերում միշտ էլ շրջանառու ապրանքների ցանկից հանված է եղել: Ինչպես թթվածինը, ջուրը կենսական է մարդու համար, քանի որ եթե օդ ու ջուր չկա, մարդը մահանում է: Աշխարհում հիմա բոլոր կարգի բնական ռեսուրսների վրա աշխատում են հարկեր սահմանել: Այս դիրքորոշումը պատճառաբանվում է մի ընդհանուր սահմանումով` բնական պաշարների նպատակային օգտագործման համար նրանց արժեքները պետք է բարձրացվեն: Բնական պաշարների խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումը կարեւորագույն խնդիր է, բայց այստեղ նաեւ համաշխարհային խաղ է, որի ողջ միտումը բնական պաշարների վճարների, հարկերի, տուրքերի, կոմունալ ծառայությունների վճարների կտրուկ բարձրացումն ու հավասարեցումն է (ցավալիորեն խոսք չկա աշխատավարձերի բարձրացման ու հավասարեցման մասին): Հայաստանում օդի վարձ վերցնելն էլ պատահական չէ, կարելի էր ինքնաթիռի տոմսի արժեքը բարձրացնել, բայց միտումը մարդկանց մտածելակերպում օդն իբրեւ ռեսուրս ամրագրելու եւ դրա համար վճարելու գաղափարի հաստատումն է:

- Փաստորեն, ձեր դիտարկմամբ, ջուրն ապրանք դիտարկելը սպառնալիք է սպառողի համար:

- Ես զանգահարել եմ Հայաստանում գործող տարբեր դիվանագիտական ծառայությունների փորձելով ճշտել, արդյոք իրենց երկրներում ջուրն ապրա՞նք են համարում: Նույն թյուրըմբռնումը, թե ջուրն ապրանք է, հաստատեցին եւ նրանք: Իհարկե, ջրի սպասարկման համար պետք է վճարել, եթե ոչՙ ջրային համակարգը կկործանվի: Բայց ի տարբերություն մյուս ապրանքների, ջրի համար ռեսուրսավճար չպետք է վերցնել, քանի որ ով վճարելու հնարավորություն չունի, զրկվելու է ջրից:

Երբ ջուրն ապրանք է դիտարկվում, այն արդեն ենթարկվում է այս ոլորտի կանոններին, մտնում է շրջանառու ապրանքների ցանկ, եւ այստեղ էլ թույլատրելի է դառնում շահույթ ստանալը:

Մեզ մոտ ջրային ոլորտի կառավարման համակարգում ջրի խնայողությունը երկրորդական խնդիր է, աշխատում են միավոր ջրի դիմաց ավելի շատ վարձ վերցնել եւ շահույթ ստանալ: Դա ճշտորեն համապատասխանում է գների կտրուկ բարձրացման գաղափարին: Մանավադ որ ջրային օրենսգիրքը ջրի սակագների վերջին սահման չի նշում: Դրա փոխարեն նշում է օրենքներին անհարիր «ողջամիտ շահույթ» եզրը, որը կարելի է անընդհատ ձգել:

- Բայց օրենքում մի կետ կա, ըստ որի սոցիալական ծանր վիճակում գտնվողների համար պետությունը պետք է դոտացիաներ հատկացնի:

- Այդ դրույթը դատարկ հնչյուն է, քանի որ պետական գանձարանի միջոցները սուղ են, եւ պետությունը միշտ չէ, որ նման հնարավորություններ է ունենում: Ջրի դիմաց փոխհատուցում կամ հավելավճար տալը լուծում չէ, քանի որ անապահով խավը, ստանալով դա, ավելի շուտ 1 հաց ավելի կգնի, քան թե կկուտակի, որ վճարի սպառման դիմաց: Ցավալի դեպք վերջերս գրանցվեց Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում, երբ մեկուկես շաբաթ գյուղացիներին զրկեցին ջրից: Ջուր կտրելը առաջին ծիծեռնակն է: Աֆրիկյան որոշ մարզերի օրինակով, մարդիկ կարող են իրենց տունը, ունեցվածքը, հողամասը կորցնել ջրի սպառման պարտքերի դիմաց:

- Դուք առաջարկում եք չեղյա՞լ համարել Հայաստանի ջրային օրենսգիրքը:

- Այսօր այդ օրենսգիրքն առանց այդ էլ գոյություն չունի: Օրենսգրքի երկրորդ հոդվածում նշվում է, որ եթե միջազգային պայմանագրերում նշվածից տարբեր այլ դրույթ կա, այդ դեպքում պիտի գործի միջազգայինը:

2002 թ. նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ն ընդունեց «Պարզաբանումներ ջրի իրավունքի մասին» դաշնագիր-վերլուծությունը, որի մեջ անթույլատրելի է համարվում ջուրն ապրանք դարձնելը: ՀՀ-ն վավերացրել է այդ դաշնագիրը:

- Այդ դաշնագրի դրույթներին մեր օրենսդիրները ծանո՞թ չեն եղել:

- Դաշնագիրը վավերացրած պետությունն անմիջապես պարտավոր է թարգմանել եւ իրազեկ դարձնել այն, բայց դաշնագիրն ընդունելուց 4 տարի անց էլ ոչ մի քայլ չի արվել:

Դաշնագիրն անթույլատրելի է համարում նաեւ ջրային ոլորտն ապապետականացնելն ու վարձակալությամբ հանձնելը: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում առաջին հերթին բարձրանում է ջրի սակագինը, ընկնում է ջրի որակը, որպեսզի ավելի շատ շահույթ ստանան, ակունքից ավելի շատ ջուր են վերցնում, քան գիտականորեն հիմնավորված ծավալներն են: Եվ արդյունքում խաթարվում է ջրի վերարտադրման ֆունկցիան: Եվ բացի այդ, մասնավորեցումը կարող է հանգեցնել նաեւ անապատացող հողերի ավելացմանը (ինչն արդեն սկսվել է Հայաստանում), քանի որ եթե ոռոգման ջրի դիմաց վարձ չի վճարվում, հողը չի ջրվում, եւ այդ տարածքներն անապատ են դառնում:

Բնակչությունն այսօր հանգիստ կարող է հրաժարվել ջրային օրենսգրքի պահանջները կատարելուց, քանի որ այդ օրենքը հակասում է միջազգային համապատասխան փաստաթղթին:

2001 թ. Կանաչների միությունը, երբ նոր-նոր քննվում էր օրենքի նախագիծը, հատուկ կարծիք է հայտնել «Գարուն» ամսագրում` նախագիծը հայտարարելով ոտնձգություն մարդու իրավունքների դեմ: Վերլուծությունը ուղարկվել է կառավարություն, ԱԺ` նախագծի աշխատանքային խմբին: Դիտողություններն իբր թե ընդունվել են, նույնիսկ վերացրել են սեփականաշնորհում, ռեսուրսավճար արտահայտությունները, բայց իրականում օրենքի բովանդակությունը բացարձակապես անփոփոխ է մնացել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4