Միայն թե թուրքական կողմը դա չփորձի ծառայեցնել սեփական նկրտումներին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգը» նախորդ համարում «Քոչարյանն ու Էրդողանը կհանդիպե՞ն Վարշավայում» վերնագրով Թուրքիայի վարչապետի «երկրորդ նախաձեռնության» մասին տեղեկացնելիս միաժամանակ նշել էր, որ «առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա»: Հանդիպման մասին տեղեկության մեր աղբյուրը թուրքական «Զաման» թերթն էր, որն իր հերթին, հիմք ընդունելով Թուրքիայի վարչապետի գրասենյակը, մայիսի 1-ի համարում գրել էր, որ երկու երկրների ղեկավարների «դեմ առ դեմ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-17-ին Եվրոխորհրդի Վարշավայում նախատեսվող առաջիկա գագաթաժողովում:
Ինչ վերաբերում է Քոչարյան-Էրդողան հանդիպման առնչությամբ պայմանավորվածությունների բացակայությանը, ապա այս հետեւության համար էլ «Ազգը» հիմք էր ընդունել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ հեռախոսազրույցը: Ըստ երեւույթին ՀՀ նախագահի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ իրատեսական է, որ նախատեսվող հանդիպմանը մայիսի 3-ի համարում անդրադառնում է նաեւ «Ռադիկալը», ընդ որումՙ «Քոչարյանի հետ հանդիպման որոնումներ» խորագրով:
Ակնհայտ է, որ որոնումները վերաբերում են թուրքական կողմին: Խորագրում «Ռադիկալն» անուղղակիորեն արձանագրելով այս փաստը, որոնումների հիմքում է դնում նամակների փոխանակման արդյունքում ձեւավորված բարենպաստ մթնոլորտը, ապա եւ նշում, որ օգտվելով այս մթնոլորտից առաջընթաց մեկ քայլ եւս կատարելու ցանկություն դրսեւորող Անկարան հետամուտ է գտնել երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպմանը նպաստող բանաձեւը:
«Ռադիկալը» հիշեցնելով մայիսի 9-ին Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյա տոնակատարություններին ՀՀ նախագահի հետ Թուրքիայի վարչապետի մասնակցությունը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ նրանց համար որպես հանդիպման վայր Անկարան որոշեց նախընտրել Վարշավան: Ըստ «Ռադիկալի», շարունակվում են հանդիպումն ապահովելու Անկարայի դիվանագիտական ջանքերը: Ակամա հարց է ծագումՙ ո՞ւմ հետ: Թեեւ «Ռադիկալը» լռում է, բայց եւ այնպես պատասխանն ակնհայտ էՙ հայկական կողմի հետ: Չի բացառվում, որ Վարշավայում գագաթաժողովի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Քոչարյան-Էրդողան առաջիկա հանդիպման մասին «Ռադիկալի» ենթադրությունը, մայիսի 1-ի համարում վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին, անուղղակիորեն հաստատել էր «Վաթան» թերթը: Ի դեպ, այս թերթի թղթակիցները ներկա էին Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովին: Նրանք Երեւանից վերադառնալիս Ստամբուլում լուսաբանել են «Իրաքի հարեւանների գագաթաժողովը», որտեղ եւ հանդիպել են Գյուլին:
Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան թղթակիցների «ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Վաթանի» միջոցով հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղերձ հղեց Ձեզ» խոսքերի ասել է. «Գիտեմ: Ձեր թղթակցությունները (Երեւանից) տող առ տող կարդացել եմ: Շատ հավանեցի: Ձեր գրած ամեն ինչից տեղյակ եմ: Հայաստանի հարցում լավատեսական եմ տրամադրված, իսկ մոտեցումս դրական է: Ինչ-որ բաներ լինելու են: Մի քիչ համբերեք: Վերջին օրերին դրական զարգացումներ են կատարվում: Մենք նամակ ենք գրել, որին Քոչարյանը նամակով պատասխանել է: Հիմա պետք է մի քիչ համբերել: Ե՛վ մենք, ե՛ւ նրանք անելիքներ ունենք»:
«Վաթանի» թղթակիցները Գյուլին հարցրել են, թե ո՞ր անելիքի մասին է խոսքը: Նա պատասխանել է. «Նրանք այդ մասին գիտեն»: Իսկ այն հարցին, թե «Թուրքիան պաշտոնապես ե՞րբ է պատասխանելու Քոչարյանի նամակին», Գյուլը ժպտալով պատասխանել է. «Նամակի հարցը մի քիչ խճճված է»:
Վերջին օրերին թուրքական մամուլն անընդհատ արտահայտվում է հայ-թուրքական հարաբերությունների համար ստեղծված բարենպաստ մթնոլորտի մասին: Այդ մթնոլորտը մեծապես պայմանավորվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին ՀՀ նախագահ Քոչարյանի պատասխան նամակով: «Ազգը», նկատի ունենալով նամակների փոխանակման հարցը, նշել էր, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում միջպետական շփում պետք է համարել վերոհիշյալ փոխանակումը: Եթե Վարշավայում իրողություն դառնա Քոչարյան-Էրդողան հանդիպումը, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նամակների փոխանակման միջոցով սկզբնավորված միջպետական շփումը կդառնա անմիջական, եւ միանգամայն կբարձրանա շփումների մինչ այդ առկա մակարդակը:
Ինչպես հայտնի է, Հայաստան-Թուրքիա շփումները վերջին տարիներին ընթանում էին արտգործնախարարների մակարդակով, այն էլՙ Աբդուլլահ Գյուլի հետ Վարդան Օսկանյանը գլխավորապես հանդիպում էր միջազգային ֆորումներում:
Այս ամենը ողջունելի է դարձնում ՀՀ նախագահի հետ հանդիպելու Թուրքիայի վարչապետի ձգտումները: Միայն թե թուրքական կողմը չփորձի հանդիպման առիթը ծառայեցնել Հայոց ցեղասպանության հարցը միջազգային հանրության օրակարգից դուրս բերելու սեփական նկրտումներին: Դա ոչ միայն կմթագնի հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված բարենպաստ մթնոլորտը, այլեւ բարելավման հետագա նախաձեռնությունների հարցում կողմերի հետ կկաշկանդի նաեւ այդ ուղղությամբ ջանքեր գործադրող միջազգային ուժերին: