«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ԵՐԵՎԱՆԸ ԲԱՔՎԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է. «ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՇԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ»

Տասը տարի առաջ այս օրերին Հեյդար Ալիեւը ճոխ ճաշկերույթների էր մասնակցում Լոնդոնում, Մոսկվայում

Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին: Հարեւան հանրապետության նախագահի մամլո ծառայությունն Իլհամ Ալիեւի որոշումը պայմանավորել է այն բանով, որ այդ օրը Հայաստանի նախագահը եւս ներկա կլինի գագաթաժողովին: Ալիեւը Մոսկվա կմեկնի մայիսի 9-ինՙ շուրջ չորս տասնյակ պետությունների ղեկավարների հետ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին:

«Հայկական օկուպացիոն ուժերի բուն ադրբեջանական հողիՙ Շուշի քաղաքի գրավման օրը, որն արյունոտ տառերով է գրվել մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ, Ադրբեջանի նախագահը հնարավոր չի համարում մասնակցել միջոցառմանը, որին ներկա է գտնվելու ագրեսոր պետությանՙ Հայաստանի նախագահը», նշվում է նախագահ Ալիեւի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Երեկ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը պատասխան հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Նախօրեին Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, քանի որ դա նախատեսված է մայիսի 8-ին, ինչպես նշված է հաղորդագրությունումՙ «հինավուրց ադրբեջանական հողըՙ Շուշի քաղաքը հայկական օկուպացիոն ուժերի բռնագրավելու օրը»:

Ռոբերտ Քոչարյանի մամլո գրասենյակից Բաքվին հիշեցրել են, որ «հայկական Շուշի քաղաքն ազատագրվել է ադրբեջանական օկուպացիայից մայիսի 9-ին եւ հենց այդ օրն է ամեն տարի նշվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում»:

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետՙ տեղեկացնելով ԱՊՀ գագաթաժողովին չմասնակցելու իր որոշման մասին:

Ալիեւի այս քայլն ակնհայտորեն քարոզչական, ամբոխահաճ, հակահայկական նպատակներ է հետապնդում: Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ԱՊՀ գագաթաժողովին չմասնակցելով հիշեցնել «ադրբեջանական հինավուրց Շուշի քաղաքի զավթման» մասին, մյուս կողմիցՙ ադրբեջանական հասարակությանն ազդանշաններ է տալիս, որ այդ ողբերգական օրը չի կարող չլինել իր ժողովրդի հետ: Անշուշտ, չի բացառվում, որ ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելով Ալիեւն այլ նպատակներ է հետապնդում:

Ուշագրավ է, որ նրա հայրըՙ հանգուցյալ Հեյդար Ալիեւը, չէր հրաժարվել 1995 թ. մայիսի 6-9-ը մասնակցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարություններին: Մայիսի 6-ին հայր Ալիեւը 56 երկրների ղեկավարների, այդ թվումՙ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մասնակցեց Լոնդոնում տված ճաշկերույթին: Նույն թվականի մայիսի 8-ին Հեյդար Ալիեւը Մոսկվայում կրկին Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ մասնակցեց 50-ամյակի տոնակատարություններին:

Վերադառնալով Շուշիին, հիշեցնենք, որ ԼՂ ինքնապաշտպանական ստորաբաժանումները 1992 թ. գարնանը ձեռնամուխ եղան քաղաքի ազատագրմանը նաեւ այն պատճառով, որ օգտագործելով Շուշիի աշխարհագրական բարենպաստ դիրքը, ադրբեջանական զինուժն անդադար հրետակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը: Շուշիից արձակված արկերը մասամբ ավերեցին Ստեփանակերտըՙ պատճառ դառնալով հարյուրավոր խաղաղ հայ բնակիչների սպանությանը: Չազատագրվեր Շուշին, դժվար թե հայկական ուժերը կարողանային բացել Լաչինի մարդասիրական միջանցքը եւ արցախահայությանը փրկել ֆիզիկական բնաջնջումից:

Եթե 1910-ական թթ. Անդրկովկասում մեծությամբ հինգերորդ քաղաքիՙ Շուշիի շուրջ 40 հազար բնակչության ավելի քան 2/3-ը հայեր էին, ապա 1990 թ. քաղաքում մնացել էին միայն 2 հազարը, որոնք բռնի դուրս քշվեցին իրենց տներից: Սակայն 1920 թ. մարտի 23-ն է համարվում հայկական Շուշիի ամենաողբերգական էջը. թուրք-ադրբեջանական հրոսակներն այդ օրը սրի քաշեցին մի քանի հազար հայերի:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4