«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՄԱՐ

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի օրենքը: Երեկ լրատվամիջոցների եւ պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարեւորեց նշված օրենքի վերաբերյալ հարցեր եւ պատասխաններ պարունակող գրքի հրատարակումը: Ըստ Դավիթ Հարությունյանի, վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի օրենքը կանոնակարգում է հարաբերությունները մի կողմից իշխանության, մյուս կողմիցՙ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջեւ:

Արդարադատության նախարարը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին այդ հարաբերություններն օրենքի մակարդակով կարգավորված չէին, եւ նման օրենքը լրջագույն փորձ է նաեւ այնպիսի խնդրի առնչությամբ, ինչպիսին կոռուպցիայի դեմ պայքարն է: Ըստ պրն Հարությունյանի, «Կոռուպցիայի աղբյուրներից մեկն այն է, որ օրենսդրական դաշտում առկա են այնպիսի դրույթներ, որոնք թույլ են տալիս պետական ծառայողին յուրաքանչյուր դեպքում, իր կարծիքով, ընդունել այս կամ այն որոշումը»:

Թեեւ, նախարարի խոսքերով, վճռորոշ օրենքն ընդունվել է, սակայն անհրաժեշտություն է առաջացել հանրամատչելի ներկայացնել հասարակությանը: Այդ կապակցությամբ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության իրավական համակարգի ամրապնդման խորհրդատվության ծրագրի օժանդակությամբ տպագրվել է օրենքի վերաբերյալ հարցեր, պատասխաններ պարունակող գիրք, որտեղ մոտ 150 հարցերի պատասխաններ տվել են օրենքի նախագծի նախապատրաստման աշխատանքային խմբի անդամները: Ի դեպ, նույն աշխատանքային խումբը, Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, ներկայացնելու է նաեւ մեկնաբանություններ, ինչպես նաեւ օրենքի իրական գործունեության բացատրություններ:

Թեեւ նոր օրենքն ուժի մեջ է հունվարից, օրենքը պարզաբանող հրատարակությունը միայն 4 ամիս անց կբաժանվի պետական հաստատություններին այն նպատակով, որ պետական ծառայողները վարչարարություն իրականացնելիս հաշվի կառնեն քաղաքացու կամ իրավաբանական անձի իրավունքները: Իսկ թե երբ այս նպատակը կդառնա իրականություն, դժվար է ասել:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4