«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ԲԱՑՎԵՑ ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐՈԳՎԱԾ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Էջմիածնի թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզը, որը սպասարկում է կարիքավոր եւ ծնողազուրկ 180 երեխաների, հիմնադրման օրվանից (1962 թ.) չէր վերանորոգվել: Շենքը հայտնվել էր վատթար վիճակում, ջրագծերի եւ կոյուղու մաշվածության հետեւանքով մանկապարտեզը զրկված էր ջրամատակարարումից: Էջմիածնի համայնքի կողմից, «Փրկեք երեխաներին» կազմակերպության աջակցությամբ եւ ԱՄՆ դեսպանատան «Համայնքային ինքնաաջակցման հիմնադրամի» ֆինանսավորմամբ 2004 թ. դեկտեմբերից սկսվում են վերանորոգման աշխատանքները, հիմնանորոգվում եւ բարեկարգվում է մանկապարտեզը: Ծրագրի ամբողջ արժեքը 25 140 ԱՄՆ դոլար է:

ԱՄՆ դեսպանատան, «Փրկեք երեխաներին» կազմակերպության, Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ ԱՄՆ աջակցության Եվրոպայի եւ Եվրասիայի կոորդինատոր Թոմ Ադամսի ներկայությամբ երեկ բացվեց նորոգված մանկապարտեզը:

«Նոր մանկապարտեզը ավելի է ոգեւորում մեզ, եւ մենք մեզ ավելի պարտավորված ենք զգում երեխաների հանդեպ», նախակրթարանի բացման ժամանակ նշեց մանկապարտեզի տնօրեն Սվետա Աբգարյանը` շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի աջակից պաշտոնյաներին ծրագրի իրականացման համար: Բացման ժամանակ Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության կոորդինատոր Թոմ Ադամսը նշեց. «Միացյալ Նահանգները ուրախ է օգնելու Հայաստանի նման ծրագրերին, եւ մենք ուրախ ենք տեսնելու Հայաստանը զարգացման ճանապարհին»:

Ներկաներին իրենց համերգային ծրագրով ողջունեցին մսուր-մանկապարտեզի «զինվորական-փոքրիկները», երգեցին օրհներգը, հնչեցրին զուռնան, ներկայացրին հայոց պարը, վերջում էլ պրն Ադամսին նվիրեցին հուշանվեր` հայկական խորհրդանիշներով:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4