«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ՎՏԱՆԳՎԱԾ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՆԳՈՒՆ ԿԱՄ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

Զավթված բոլոր եկեղեցինե՞րն են վրացականի տեղում

Վրաստանի պատրիարքը հայկական եկեղեցիները զավթելու նոր արդարացում է գտել. ապրիլի 29-ին իր նստավայրում ընդունելով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին Իլյա Երկրորդը պնդել է, որ Թբիլիսիի Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է վրացական եկեղեցու տեղում:

«Սա վիճելի հարց է: Հայերն ասում են, որ սա հայկական եկեղեցի է, վրացիներն ասում ենՙ վրացական եկեղեցի է: Այդ պատճառով մենք առաջարկել ենք ապագայում ձեւավորել համատեղ հանձնաժողով, որն այդ հարցերը կքննարկի հանգիստ մթնոլորտում», ասել է համայն վրաց պատրիարքը:

Վերջին տարիներին, երբ վրաց ուղղափառ եկեղեցին մեկը մյուսի հետեւից «սեփականաշնորհում» ու վրացական ծեսով օծում էր հայկական եկեղեցիները, եւ երբ օր-օրի տկարացող վիրահայությունը փորձում էր ընդդիմանալ, վրաց հոգեւորականները բացատրում էին. «Նախկինում այս եկեղեցին եղել է վրացական, հարուստ հայերը գնել են եւ վերածել հայկականի»:

Փաստորեն Իլյա Երկրորդը նոր արդարացում է գտել հայկական եկեղեցին յուրացնելու համար: Տեսականորեն, անշուշտ, չի կարելի բացառել, որ, օրինակ, 15-րդ դարում կառուցված Սբ. Նորաշենի տեղում ավելի վաղ ժամանակներում վրացական եկեղեցի է եղել: Ենթադրենք, որ իրոք Նորաշենի տեղում մի ժամանակ եղել է վրացական եկեղեցի: Հարց է ծագումՙ արդյոք այն բոլոր եկեղեցիների տեղում, որոնք վերջին տարիներին զավթվել են եւ վրացականացվել, նո՞ւյնպես եղել են վրացական եկեղեցիներ: Վրաց ուղղափառ եկեղեցին, որը վերջին տարիներին պատվել է միջնադարյան ֆանատիզմով, հաջողությամբ յուրացնում է նաեւ Թբիլիսիի եւ երկրի այլ վայրերում գտնվող ոչ միայն հայկական, այլեւ ուղղափառ հունական, ուղղափառ ռուսական եկեղեցիները: Հետեւապես սա գործընթաց է եւ չպետք է դիտել որպես զուտ հայկական եկեղեցիները յուրացնելու փաստ:

Նախկին տարիներին Վրաստանում յուրացվել է հայկական շուրջ 30 եկեղեցի, եւս 9 եկեղեցիների խնդիրը վիճաբանության առարկա է: Արթուր Բաղդասարյանը Իլյա Երկրորդի հետ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է համարել քննարկման նյութ դարձնել այդ 9 եկեղեցիների խնդիրը, որոնց վրացականացման վտանգն առկա է:

Իլյա Երկրորդի համատեղ հանձնաժողով ձեւավորելու առաջարկը չի կարող լուծել այդ եկեղեցիների խնդիրը, քանի որ կարող է տարիներ շարունակ վերջնական արդյունքի չհասնել: Հայ պատմաբանները պնդելու են, որ այդ եկեղեցիները հայկական են, վրացի պատմաբաններըՙ որ վրացական են: Հետեւաբար քաղաքական հարցերը պատմաբաններին թողնելը կարող է նշանակել հարցի կարգավորումից խուսափում:

Արտաքին տեսքից վրաց ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիներն անմիջապես տարբերվում են, քանի որ վրացական եկեղեցին չի ունենում զանգակատուն: Այսօր էլ Թբիլիսիում եւ ամբողջ Վրաստանում կառուցվող նոր եկեղեցիները չունեն զանգակատուն: Ինչ վերաբերում է վրացական այն եկեղեցիներին, որոնք դա ունեն, նշանակում է, ժամանակին զավթվել ենՙ կամ հայկական են, կամ հունական:

1700 տարիների ընթացքում հայերը տասնյակ հարյուրավոր եկեղեցիներ են կառուցել ոչ միայն պատմական հայրենիքի տարածքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Դրանց մի մասը ժամանակի ընթացքում ավերել, խոնարհել կամ յուրացրել են այլազգիները: Այնպես որ կարելի էր հաշտվել Վրաստանի տարածքում եւս 9 հայկական եկեղեցիների օտարման իրողության հետ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե այդ եկեղեցիներն են, այլ վիրահայության ապագան ընդհանրապես:

Որտեղ էլ որ հաստատվում են հայերը, առաջինը եկեղեցի եւ դպրոց են կառուցում: «Վերածնունդ» ապրող Վրաստանում հայկական եկեղեցիների յուրացմանը կարող է հետեւել հայկական մշակութային մյուս կոթողների օտարումըՙ դպրոցներ, թատրոն եւ այլն: Երբ չկա հայկական եկեղեցի եւ դպրոց, բառի ընդգրկուն իմաստով չի կարող լինել նաեւ հայություն: Եվ եթե վրաց պետությունը շարունակի նման վիրավորական, կասկածելի եւ խտրական վերաբերմունքն իր իսկ քաղաքացի հայերի նկատմամբ, ապա վիրահայությունը ստիպված կլինի հեռանալ իր հայրենիքից կամ ձուլվել-վրացանալ, ինչը տեղի է ունեցել 1950-ական թթ.-ից եւ շարունակվում է մինչ օրս: Միգուցե վրացիները հենց դրա՞ն են ձգտում:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4