«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ԳԻՐՔՆ ԻԲՐԵՎ ԶԵՆՔ

Հ. Հարություն Պզտիկյանի գրքի քննարկումը

Վերջերս մեր մտավորական, հասարակական շրջանակները եւ մամուլը բավականին սուր արձագանքում են մեր հարեւան երկրումՙ Վրաստանում կատարվող հակահայկական մշակութային քաղաքականությանը: Այն, որ Վրաստանի տարածքում հայ հոգեւոր մշակույթը (եկեղեցիներ, վանքեր, դամբարաններ) ենթարկվում են բարբարոսության, հայկական կողմի համար նորություն չէ եւ դիտվում է պատմական անցյալի արձագանք-շարունակություն:

Վրացահայ համայնքը, վիրահայոց թեմը տագնապած է, հայկական մամուլը, մասնավորապես «Ազգն» այս առումով լայն արձագանքներ ունեցավ եւ շարունակում է ունենալ:

Երեկ ՀԳՄ-ումՙ վերջերս լույս տեսած Հայր Հարություն Պզտիկյանի «Վրացական թէ՞ հայկական Տայք-Բարձր Հայք» գրքի քննարկումն առիթ հանդիսացավ մեր դրացի երկրներումՙ Վրաստանում եւ Թուրքիայում ցայսօր շարունակվող հայկական մշակույթի նկատմամբ անարգանքի եւ առեւանգումների եղեռնական երեւույթների մասին կրկին բարձրաձայնելու:

«Իմ կոլեգաներից մեկն անցյալ տարի Վրաստանում գտնվելիս ասում էր, որ Թբիլիսիում Վրաստանի նախագահի գովազդային պաստառներին որպես ֆոն ծառայում էին Տայքի եկեղեցիները, որոնք մեր իրականության համար երկրորդական պլանում են: Հայր Հարություն Պզտիկյանի այս գիրքը գուցե վերարթնացնի հետաքրքրությունը մեր կորուսյալ գանձերի նկատմամբ», հիշեցրեց ազգագրագետ Հարություն Մարությանըՙ նկատելով, որ չնայած երրորդ հանրապետության 2-րդ իշխանավորները շատ խոսում են Արեւմտյան Հայաստանի մշակութային գանձերի մասին, բայց եզակի հրատարակություններ են լույս աշխարհ գալիս: Ճարտարապետ Տիրան Մարությանի աշխատությունից 30 տարի հետո սա հաջորդն է Տայքի ուսումնասիրության բնագավառում:

Ազգագրագետի դիտարկումով հեղինակը բարձրացնում է նաեւ հայ քաղկեդոնական մշակույթի ուսումնասիրության հարցը եւ առաջարկեց Վենետիկում կամ որեւէ այլ տեղ վրացերեն, հունարեն տիրապետող երիտասարդներին ուսման հնարավորություն տալ, քաղկեդոնական մշակույթի ուսումնասիրությունը գիտական աստիճանի մակարդակին հասցնելու:

Վրդ. Պզտիկյանի այս նոր աշխատությունը ներկայացնելիս Մուրադ Հասրաթյանը նշեց հունադավան քաղկեդոնիկ մեր մշակութային (պատմական հանգամանքներով պայմանավորված) արժեքները պատմական ֆոնի վրա ներկայացնելու հեղինակի վարպետությունը եւ գիրքը կարեւորեց ոչ միայն պատմական-ճարտարապետության, այլեւ Հայ դատի տեսանկյունից, որովհետեւ նաեւ սրանով են պահանջատիրական մեր իրավունքները հիմնավորում ստանում մեր պատմական հայրենիքի տարածքում: Գիրքը հեղինակի վերջին տարիների բեղմնավոր գործունեության ամենաարժեքավոր աշխատանքը նկատելովՙ այն համարեց զենք գիտական լեզվով:

Ըստ Լեւոն Լաճիկյանի, հիշյալ աշխատությունը պատմական ճշմարտությունը նոր լույսով եւ իմացական նոր երանգներով է ներկայացնում: Գրքի գիտականությունը պայմանավորված է ավելի քան 50 հայ եւ օտար պատմիչների վկայություններով, որով գիրքը ձեռք է բերում սկզբնաղբյուրային արժեք: Հեղինակի արվեստագետի հայացքը անասելիորեն գեղեցիկ պատմական միջավայրին, բնավ չի խանգարում փաստացի գիտական մոտեցումներին, ինչը հաստատեց նաեւ քննարկումը վարող գրականագետ Սուրեն Դանիելյանըՙ մերթ ընդ մերթ իր հետաքրքրական դիտարկումներով: Ըստ Լաճիկյանի, Հ. Պզտիկյանը շրջանառու է դարձնում լեզվազգացողական նոր իրողությունՙ «պատմական գինովություն» տերմինը: Նա ուշադրություն հրավիրեց նաեւ Ճորոխ գետի վրա թուրքերի կառուցած հսկայական հիդրոկայանին եւ Հայր Հարությունի մտահոգությանըՙ Արաքսի եւ Քուռի միջոցով հայոց գետերի ջրահոսքին, Թուրքիայի տարածքով...

«Հայր Հարությունը հաստատում է, որ հայոց պատմությունն անցած գնացած հիշողություն չէ, այն ներկայից ապագային միտված իրողություն է, որի վերահաստատումի համար բոլորս պիտի ջանք գործադրենք»:

Վահրամ Թաթիկյանը եւս կարծում է, որ ճիշտ աշխատելու դեպքում մեր հայրենիքը կորսված չպետք է համարենք, ահավասիկ փաստ, որ հայի սիրտը բաբախում է Արեւմտյան Հայաստանով, եւ որ մեր դատը եվրոպաներից պարզ պահանջատիրությունը չպետք է միայն լինի, այլեւՙ մահմեդականացված հայերի ինքնարթնացումը:

Գնահատանքի խոսքերով հանդես եկան նաեւ Հովսեփ Սեֆերյանը, Հրաչյա Մաթեւոսյանը, Զավեն Սարգսյանը: Հեղինակի պատմական անդրադարձը Քաղկեդոնի 451-ի ժողովին եւ հայ եկեղեցու դավանաբանական խնդիրներինՙ Տայքի եւ Բարձր Հայքի մշակութային արժեքների հայկական պատկանելությունը հաստատող եւ մեկնաբանող նշանակությամբ, եզրափակեց հանդիպումը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4