«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2005-05-03 | #80, 2005-05-04 | #81, 2005-05-05


«ԾՈՎՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆԸ»

Ասում է կանցլեր Շրյոդերը ի պատասխան ցեղասպանության բանաձեւի առնչությամբ վարչապետ Էրդողանի մտավախությունների

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Աշխատանքային երկօրյա այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը մայիսի 4-ին հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նկատի ունենալով, որ Թուրքիան ամեն կերպ ձգտում է անդամակցել Եվրոմիությանը, իսկ Գերմանիան եվրոպական այդ կառույցի առանցքային երկու երկրներից մեկն է, թվում էր, թե թուրքական զանգվածային լրատվամիջոցները կանցլերի այցը լուսաբանելիս իրենց ուշադրությունը կբեւեռեն ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա:

Ըստ երեւույթին, Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր մուտքը Գերմանիայի խորհրդարանի օրակարգ երկրորդ պլան է մղել վերոհիշյալ հարաբերությունները, որ թուրքական հանրային հեռուստատեսությունը երկու երկրների ղեկավարների հանդիպմանն արձագանքեց «Էրդողանն այսպես կոչված ցեղասպանության բանաձեւի առնչությամբ փոխանցեց Թուրքիայի մտահոգությունը», իսկ թուրքական թերթերըՙ «Բանաձեւի առնչությամբ նախազգուշացվեց Շրյոդերը» ընդհանուր խորագրերով:

Ինչ խոսք, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներքաշվել է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ոլորտ: Ակնհայտ են նաեւ դրանից բխող թուրքական պաշտոնական շրջանակների մտահոգությունները: Սակայն, անկախ մտահոգության աստիճանից, ցեղասպանության հարցն ինքնին ի զորու չէ Թուրքիայի համար երկրորդ պլան մղել ԵՄ-ի հետ հարաբերությունները, որոնք երկրի արտաքին քաղաքականության դեռեւս գլխավոր առաջնահերթությունն էին:

Ըստ երեւույթին, ԵՄ-ին մերձենալու Թուրքիայի ձգտումների նկատմամբ ԱՄՆ-ի ոչ դրական մոտեցումն ու թուրք-ամերիկյան տարաձայնությունների հաղթահարման հրամայականը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների երկրորդ պլան մղվելու հարցում կատարել են իրենց դերը: Ընդ որում այն աստիճանի, որ թուրքական մամուլն այդ հարաբերությունների հետ երկրորդ պլան է մղել եվրոպական այս կառույցում առանցքային դեր կատարող Գերմանիայի կանցլերի այցը, չդարձնելով այն ուշադրությունը, ինչն անհրաժեշտ էր:

Համենայն դեպս, Էրդողան-Շրյոդեր հանդիպմանը քննարկվել են ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ-ի հետ ներդաշնակության շրջանակներում Թուրքիայում իրականացվող բարեփոխումներին, Կիպրոսի հիմնահարցին, Կ. Պոլսո հույն հոգեւոր ճեմարանի վերաբացմանն ու գերմանաբնակ թուրքերի երկքաղաքացիությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ «ցեղասպանության հայկական պնդումների» հարցը: Վարչապետ Էրդողանը նկատի ունենալով Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր մուտքը գերմանական խորհրդարանի օրակարգ, Շրյոդերին ասել էր, որ գերմանացի որոշ պատգամավորներ առանց իմանալու իրադարձությունների մասին ճշմարտությունը, քայլեր են կատարում, որոնք վշտացնում են Թուրքիային:

Շրյոդերն Էրդողանի խոսքերին պատասխանել է հիշեցնելով գերմանական հետեւյալ ասացվածքը. «Բաց ծովում եւ խորհրդարանում պետք է ապավինել Աստծո ողորմածությանը»: Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ Էրդողանի մտավախությունների եւ դրանց Շրյոդերի արձագանքի առնչությամբ ուշագրավ է հանդիպման ավարտին հրավիրված մամուլի ասուլիսը, որի առանձին մանրամասներ մայիսի 4-ին հեռարձակվել են թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից:

Ըստ հաղորդման, Էրդողանը լրագրողներին ասել է. «Կանցլերին հայտնեցի մեր մտահոգությունները քրիստոնեա-դեմոկրատների մշակած «Աքսորի եւ կոտորածների 90-րդ տարելիցի հիշատակումը. Գերմանիան պետք է նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» խորագրով բանաձեւի առնչությամբ, որը վերջին շրջանում է հայտնվել մեր օրակարգում եւ պարունակում է երկու երկրների հարաբերություններին վնասող հատկանիշներ»:

Կանցլեր Շրյոդերը թուրք լրագրողների հարցին պատասխանել է, որ Հայոց ցեղասպանության հարցում կարելի է ներգրավել գերմանացի գիտնականներին, եւ պատրաստակամություն է հայտնել բացելու արխիվները: Շրյոդերն, ըստ թուրքական հանրային հեռուստատեսության, Հայաստանին կոչ է արել դրական մոտեցում ցուցաբերել համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին:

Այս ընթացքում Հույն ուղղափառ եկեղեցուն վերաբերող Թուրքիայում առկա խնդիրների առնչությամբ գերմանական մամուլը էրդողանին մեղադրել է թուրք ազգայնամոլների դիրքերն անցնելու մեջ եւ ընդգծել. «Ստեղծված իրավիճակում կարելի է հասկանալ Էրդողանի լարվածությունը: Սակայն վարչապետն արտահայտում է այնպիսի մտածելակերպ, որն անհապաղ պետք է փոփոխության ենթարկվի»:

Նույն օրը Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերին ընդունել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Այցը դեռեւս նոր է ավարտվել: Դա նշանակում է, որ արդյունքներն ամփոփված չեն: Առաջիկա օրերին ի հայտ կգան այցի նոր մանրամասներ, որոնք մեզ հնարավորություն կտան ավելի հստակ պատկերացում կազմելու ե՛ւ Շրյոդերի այցի արդյունքների, ե՛ւ թուրք-գերմանական հարաբերությունների ընթացքի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4