«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2005-05-03 | #80, 2005-05-04 | #81, 2005-05-05


ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ

Սլավիկ Չիլոյանի հուշ-ցերեկույթը

Ժամանակներից դուրս բանաստեղծական կերպար, հախուռն ու տարերային, բոլոր տեսակի պայմանականություններից ու պարտադրանքներից հեռուՙ տարագիր իր էությամբ ու հոգով - Սլավիկ Չիլոյանՙ մեր գրականության ընթացքից հանիրավի դուրս մնացած տաղանդավոր բանաստեղծ, որի կյանքն ավարտվեց ողբերգական ու ցավոտՙ «Պապլավոկ» կոչված վայրում, 30 տարի առաջ, երբ նա ընդամենը 35 տարեկան էր: Իր սերնդակիցները երեկ հուշերի մի համանվագ հնչեցրին Գրողների միությունում, որտեղ իր մահից հետո երբեւէ չէր հիշատակվել նրա անունը:

Ալեքսանդր Թոփչյանը, սովետական շրջանի գրականագետներից այն եզակիներից, որ այդ գաղջ իրականության մեջ ժամանակին նկատում էր ճշմարիտ բանաստեղծական պրկումներն ու նրանց կողքին էր, ովքեր դուրս էին խորհրդային մտածողության կլիշեներից եւ գեղագիտական այլախոհների հետ էր, համոզված է, որ «եթե նա ողջ լիներ, թույլ չէր տալու այսպիսի բան, որովհետեւ ծաղրում էր ամեն հանդիսություն, դրա մեջ կեղծիք տեսնելով, բայց նա մեր պատմությանն է պատկանում, եւ մենք էլ մեր խղճի հանդեպ պարտք ունենք»:

Վստահաբար միայն խղճի պարտքը չէր Ալ. Թոփչյանին, Հ. Էդոյանին, Ա. Գասպարյանին, Ա. Հարությունյանին, Ա. Մարտիրոսյանին, Է. Միլիտոնյանին եւ մյուսներին հավաքել այս սրահում:

Կարոտի փոքր-ինչ անսովոր մթնոլորտի մեջ էին հայտնվել նրանք, ովքեր Չիլոյանին չէին տեսել ու մտովի միայն պատկերացրին ընդունված նորմերից դուրս այդ դժվար, բայց շիտակ ու անհաշտ մարդու կերպարը: Սլավիկ Չիլոյանիՙ գրական ընթացքից դուրս մնալը Ալ. Թոփչյանն ինչ-որ առումներով պայմանավորեց նաեւ իր այն պահվածքով, որ մասնակցություն չէր բերում 60-ականների գրական մամուլում ծայր առած բանավեճերին եւ այդպես էլ չարձանագրվեց ժամանակագրության մեջ: Իր գրածների հանդեպ ծայրահեղ հեգնական վերաբերմունքով, նա հաճախ չէր էլ պահում գրածը, պատռում, դեն էր նետում. «Իր համար կարեւորը բանաստեղծությունը վավերական ապրելու պահն էր»: Նա պոեզիան ապրելու բանավոր կերպն ուներ եւ կենդանության օրոք իր գիրքը այդպես էլ տպագրված չտեսավ: 1975-ի իր միակ ժողովածուն կազմեցին ընկերները, որոշ դեպքերում փրկելով դրանք, իր ձեռքից ժամանակին վերցնելով, իսկ գրքի առաջինՙ «Պոետ էին նրանք» բանաստեղծության համար պարտ ենք Ազատ Գասպարյանի հիշողությանը:

Դժվար է երեկվա հուշերն այստեղ արձանագրել: Հաստատապես Ալ. Թոփչյանիՙ Չիլոյանի ստեղծագործությունների հրատարակության առաջարկըՙ նաեւ հուշերով եւ իր մասին հոդվածներով, մեր գրական մթնոլորտը, անշուշտ, կհարստացնի:

Ըստ իր ընկերներիՙ կյանքում անփույթ, ծայրահեղ թափթփված, բոհեմիկ, ըմբոստ, չհամակերպվող, կռվազան, «անթրաշ», անոթի ու անտուն հանրակացարանային կեցությամբ այս պոետըՙ ներքուստ կազմակերպված, գրականության մեջ կլասիցիստականության, կանոնիկության ձգտումով, մետաֆորիկ մտածողությամբ նոր պոեզիա էր ներմուծում մեր գրականություն, հոգեւոր մեծ ներուժով, աստվածային շնորհով եւ մտքի, հոգու ու գործի ներդաշն համակեցությամբ:

Հեթանոս էր նա, թե՞ քրիստոնյա, լեգենդ էր, թե՞ ոչՙ այնքան էլ կարեւոր չէ, մի «անպաշտպան հոգի» էր, բազմաշերտ ներաշխարհով, որ ողբերգականորեն ժամանակի շավղից դուրս էր նետվել:

Ազատ Գասպարյանն իր արտիստիկ կերպարի մեջ երբեք այսպես տարերքոտ չէր եղել. նա հուզված էր, եւ իր հուշերի մեջ մտասույզ: Պարբերաբար վեր էր կենում, մի պատառիկ անցյալից նետում կամ բանաստեղծության մի կտոր հիշում: «5-6 օր չկար, խառնվել էի: 2 անձ եկան քաղաքացիական հագուստով, թեՙ այստե՞ղ է ապրում Սլավիկ Չիլոյանը: Հակասովետական պոեմ է գրելՙ «Ռուսլանի երգը»: Ֆրանսիական էպոսիՙ «Ռոլանդի երգի» մասին էր խոսքը: Ես ծիծաղեցի, ինձ ապտակեցին, լավ էրՙ օրեր առաջ պահարանի հետեւն էի գցել: 6-րդ օրը գիշերը ժ. 3-ին եկավ, սափրած գլխով: Գիտեքՙ ինձ ինչ ասին. «Չխթխթասՙ կսպանենք, մենք Չարենց ենք սպանել, դու ո՞վ ես»: Մի բան, որ փորձեց հաստատել Վարուժան Նալբանդյանն իր վարկածով. «Իր մահը սպանություն էր, ամեն սերնդի մեջ մեկին սպանում են, որ մյուսները խեղճանան: Ինքը զոհը եղավ»:

Այսպես կյանքն ապրեց 35-ամյա հավերժական բանաստեղծն այս, որի ամբողջական նկարագիրը թերեւս «Գարուն» ամսագրի 2002-ի հունվարյան համարում Հենրիկ Էդոյանի ստեղծած դիմանկար-կերպարն է, որից հարկ եմ համարում ներկայացնել մի հատված. «Ճակատագրով բանաստեղծ (բառիս բուն իմաստով), բնավորությամբ ինքնուրույն եւ անկախ, կյանքովՙ վտարանդի, կեցությամբՙ հակասական եւ առեղծվածային, մահվամբՙ ինքնակամ (նրա մահը պատահականություն էր, կյանքըՙ ինքնասպանություն), նախասիրություններովՙ դասական, լեզվամտածողությամբՙ մոդեռն, առօրյայովՙ անտուն, բոլորի առջեւ բաց, իսկ ներքուստՙ փակ, փողոցն իբրեւ գիրք ու գիրքն իբրեւ փողոց ընդունող այս, Պ. Վեռլենի խոսքերով ասածՙ «նզովյալ» բանաստեղծներից ամենավերջինը, ապրեց 1940-75 թթ.ՙ իր անձնական կյանքով հաստատելով իր պոեզիայի, իր պոեզիայովՙ իր կյանքի ճշմարտությունը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4