«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2005-05-04 | #81, 2005-05-05 | #82, 2005-05-06


«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿԼԻՆԻ»

Հեյկի Տալվիտիեն Երեւան-Անկարա հարաբերություններում հայկական կողմին հորդորում է լինել հետեւողական

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երեկ չհաստատեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվայում կամ Վարշավայում հանդիպելու հավանականության մասին տեղեկությունները: Վարդան Օսկանյանը Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցչի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշեց, որ Երեւանը պաշտոնապես նման առաջարկ չի ստացել, հայկական կողմը նման հանդիպման նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Օսկանյանը նշեց, որ նման հանդիպում անցկացնելու հավանականության մասին վերջին օրերին ակտիվորեն գրում է թուրքական մամուլը, եւ «դժվար է ասելՙ դա թուրքական իշխանությունների յուրահատուկ անուղղակի առաջարկն է, թե՞ թուրք լրագրողների ենթադրությունը»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ հնարավոր է համարել Քոչարյան-Էրդողան հանդիպումը, սակայն հավելել, որ որեւէ կոնկրետ բան նախատեսված չէ: «Դա (հանդիպումը) հնարավոր է, սակայն որեւէ բան նախատեսված չէ», Աբդուլլահ Գյուլի խոսքերը մեջբերում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը երեկ հերթական անգամ ընդգծեց, որ Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության բանակցությունների վրա անկասկած կանդրադառնան հայ-թուրքական հարաբերությունները: Հեյկի Տալվիտիեն Էրդողան-Քոչարյան նամակագրությունը որակեց հայ-թուրքական երկխոսության նախնական փուլ, հավելեց, որ այս հարցը շատ զգայուն է եւ ժամանակ կպահանջվի կնճիռները հարթելու համար: Ֆինն դիվանագետն ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է իր ավանդը բերելու այդ երկխոսության զարգացման գործում:

Մյուս կողմիցՙ Տալվիտիեն ասաց, որ Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի: ԵՄ ներկայացուցիչը նկատեց, որ Երեւանը պետք է Անկարայի հետ հարաբերությունները բնականոնեցնելու իր բանաձեւն առաջարկի: «Հայ-թուրքական սահմանների բացվելը խիստ դրական զարգացում կլինի: Կուզեի հայկական կողմին խրախուսել, որ լինի հետեւողական», ասաց Տալվիտիեն:

Ապրիլի 10-ին Էրդողանը Քոչարյանին հղած նամակում առաջարկել էր «պատմաբաններից եւ այլ փորձագետներից ստեղծել մի խումբ, որն անցյալի դեպքերն ու զարգացումներն ուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում»: Հայաստանի նախագահը պատասխան նամակում նկատել է, որ «մենք իրավասու չենք լիազորել պատմաբաններին, ուստի առաջարկում ենք առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ»:

Էրդողանի առաջարկին աջակցել էին ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Ի՞նչ դիրքորոշում ունի ԵՄ-ը Էրդողանի առաջարկի առումով: Հեյկի Տալվիտիեն երեկ հայտարարեց, որ ԵՄ-ը հստակ դիրքորոշում չունի թուրք վարչապետի առաջարկի հարցում: Մյուս կողմից, ըստ ֆինն դիվանագետի, եթե «կողմերը տվյալ հարցում միասնական դիրքորոշում որդեգրեն, ապա մենք կողջունենք նրանց որոշումը»:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայկական կողմը հրաշալի հասկանում է, թե թուրքական կողմը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով ինչ նպատակներ է հետապնդում: Ինչ վերաբերում է Գերհարդ Շրյոդերին, որը դրական էր գնահատել Էրդողանի առաջարկը, ապա, Օսկանյանի խոսքերով, Գերմանիայի կանցլերը դրական էր գնահատել թուրք վարչապետի առաջարկը միայն այն բանից հետո, երբ նրան տեղեկացրել էր, որ Բունդեսթագը նույնպես քննարկում է հայկական հարցը եւ ճանաչում Գերմանիայի մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Օսկանյանը հիշեցրեց Շրյոդերի այն խոսքերը, ըստ որի «ազգն իր անցյալին պետք է նայի ինքնաքննադատաբար»:

Հայաստանի արտգործնախարարը կարծիք հայտնեց, համաձայն որի «եվրոպական երկրների ղեկավարները գտնում են, որ հանձնաժողովի ստեղծման առաջարկություն անելով, Թուրքիան ձգտում է բացել իր պատմության մութ էջերը եւ ոչ թե վիճարկել Հայոց ցեղասպանության պատմական փաստը»: Օսկանյանը, անդրադառնալով հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի վարչապետի առաջարկի հանդեպ եվրոպական ղեկավարների դրական արձագանքին, ասաց, որ «եվրոպական առաջնորդներն ընկալում են այն որպես իր պատմության հետ հաշտվելու Թուրքիայի փորձ»:

Շրյոդերը, որ մի քանի օր առաջ այցելել էր Թուրքիա, հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն: Գերմանիան պատրաստ է այս հարցում անել հնարավոր ամենը եւ բացել իր աղբյուրները պատմաբանների համար»: Կանցլերը հստակ նշել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք նախապայման չի լինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին, եւ «ընդհանրապես ոչ մի հանրաքվե Եվրոպայի որեւէ երկրում չի ազդի Թուրքիայի անդամակցության վրա»:

Երեկ «Անատոլու» գործակալությունը, որը որպես կանոն արտահայտում է պաշտոնական Անկարայի տեսակետները, հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Թուրքիայի իշխանությունները դեմ չեն 1915 թ. իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին հայ եւ թուրք պաշտոնյաների մասնակցությանը»: «Մեդիամաքսը», վկայակոչելով թուրքական գործակալությանը, հաղորդում է, որ կարող են ստեղծվել 2 հանձնաժողովներ. մեկում կընդգրկվեն պատմաբանները, մյուսումՙ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները: Անկարայում կարծում են, որ հայ եւ թուրք պատմաբաններին կարող են միանալ նրանց գործընկերները Գերմանիայից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը երեկ հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հանդիպումներում քննարկվել են հարցերի երեք առանձին բլոկներ. ՀՀ-ԵՄ հարաբերություններ, ԼՂ հակամարտություն եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ ԵՄ-ի Թուրքիայի անդամակցության ենթատեքստում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4