Սաակաշվիլին պատրաստ է «ժողովրդավարություն տարածել եւ զարգացնել» նախկին ԽՍՀՄ տարածքում եւ Մերձավոր Արեւելքում...
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Մ. Նահանգների նախագահը Թբիլիսիի «Ազատության» հրապարակում իր ելույթում Վրաստանն անվանեց «ազատության փարոս» տարածաշրջանում եւ ողջ աշխարհում: Տասնյակ հազար թբիլիսցիներին Ջորջ Բուշը ողջունեց վրացերենով. «Գամառ ջոբա»:
«Դուք պետք է իմանաք, որ Վրաստանում ցանված ազատության հատիկը ծիլեր է տալիս ամբողջ աշխարհում: Ես եկել եմ շնորհակալություն հայտնելու ձեր խիզախության համար... Ձեր երկրում ծաղկում է մամուլի ազատությունը, կա ուժեղ ընդդիմություն», ասաց Բուշն իր ելույթում:
ԱՄՆ նախագահը շեշտեց Վրաստանի կարեւոր ներդրումն ազատության գործում. «Հուսալի փոփոխություններ են տեղի ունենում Բաղդադից մինչեւ Բեյրութ եւ Բիշքեկ: Բայց նախքան Իրաքի մանուշակագույն, Ուկրաինայի նարնջագույն կամ մայրիների հեղափոխությունը Լիբանանում, Վրաստանում տեղի ունեցավ վարդերի հեղափոխությունը»:
«Աշխարհի բոլոր պետությունները պետք է հարգեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը», ասաց Բուշըՙ իր ելույթը վերջացնելով վրացերեն արտահայտությամբ. «Սաքարթվելոս գաումարջոս» (Կեցցե Վրաստանը):
Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Անդրկովկաս է ժամանում ԱՄՆ նախագահը: Ջորջ Բուշի երկօրյա այցը (մայիսի 9-10) տեւեց կես օր. գերհզոր տերության ղեկավարը Վրաստան ժամանեց մայիսի 9-ի երեկոյան եւ օդանավակայանից Միխայիլ Սաակաշվիլու ուղեկցությամբ այցելեց հին Թբիլիսի: Նախագահներն առաջին տիկնանց հետ մասնակցեցին պարահանդեսին, ծանոթացան թուրքական բաղնիքներին, հին տներին:
Մ. Նահանգների նախագահին ակնհայտորեն դուր էին եկել վրացական ազգային պարերը: Բուշն ինքն էլ պարեց, ճիշտ էՙ ոչ այնքան հաջող, սակայն հավաքվածներին, հատկապես Սաակաշվիլուն, ԱՄՆ նախագահի անկապ շարժումներն ավելի ոգեւորեցին:
Նախագահները տիկնանց հետ ընթրեցին Մեյդանի ռեստորաններից մեկում: Բուշը վրացական խոհանոցը հավանել էր: Նա ասաց, որ խինկալին շատ համով էր:
Բուշի Վրաստան այցը ակնհայտորեն փոխել է Թբիլիսիի կոլորիտը: Վառ, աչք ծակող գույներով ներկվել են կենտրոնական փողոցների շենքերը, փողոցներն ասֆալտապատվել են: Բուշի այցին նախապատրաստվել էր ամբողջ Վրաստանը:
Երեկ Մ. Նահանգների նախագահը հանդիպումներ ունեցավ Միխայիլ Սաակաշվիլու, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս:
Բուշն ասաց, որ երկու նախագահները բաց, ազնիվ քննարկումներ են ունեցել ժողովրդավարության, բարեփոխումների, Վրաստանիՙ ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ Աբխազիայում ու Հարավային Օսիայում հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին:
ԱՄՆ նախագահը շեշտեց, որ իրականում ժողովրդավարական է այն հասարակությունը, որտեղ հարգվում են փոքրամասնությունների իրավունքները: «Սա շատ բազմազան երկիր է», ասաց Բուշը:
Այցի շրջանակներում ԱՄՆ նախագահը Միխայիլ Սաակաշվիլու հետ հանդիպեց ազգային փոքրամասնությունների 10 ներկայացուցիչների, այդ թվում երկու հայերի հետ: Վրաստանի հայերի միության Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանը մասնակցել է հանդիպմանը:
«Ազգի» հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ զրույցը վերաբերել է ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանցՙ վրաց հասարակությանն ինտեգրելու անհրաժեշտությանը: Խոսվել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների մասին, Բուշը Վրաստանին համարել է ԱՄՆ-ի լավ բարեկամը եւ գործընկերը:
Միխայիլ Սաակաշվիլին մամուլի ասուլիսում ընդգծեց, որ «մենք խաղաղ ճանապարհով ենք կարգավորելու մեր վեճերը երկար տարիներ զրկանքներ կրող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մեր քաղաքացիների հետ»:
«Ժողովրդավարության տարածման եւ զարգացման գործում Վրաստանը լինելու է Մ. Նահանգների հիմնական գործընկերը նախկին ԽՍՀՄ տարածքում եւ Մերձավոր Արեւելքում: Եվ սա մեր առաջարկն է Ձեզ, պրն նախագահ», նայելով Բուշին ասաց Սաակաշվիլին:
Ախալքալաքից եւ Բաթումից ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցում ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ առավել քան զուսպ էր: Պատասխանելով վրացի լրագրողի հարցին Բուշն ասաց, որ Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման գործում Մոսկվան պատրաստ է աշխատել Թբիլիսիի հետ եւ ինքը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է այդ հարցը:
«Նա (Պուտինը) ինձ հիշեցրեց 1999 թ. (Ստամբուլում կնքված) համաձայնագրի մասին: Նա ասաց, որ ցանկություն ունեն աշխատելու Վրաստանի կառավարության հետ, որպեսզի կատարեն իրենց պարտավորությունները», ասաց Բուշը:
Երեկ կեսօրին ԱՄՆ նախագահը եւ նրա գլխավորած շուրջ 700 հոգանոց պատվիրակությունը Թբիլիսիից վերադարձան Վաշինգտոն: Ընդհանուր առմամբ, Բուշի այցը Վրաստանի բյուջեից կխլի մոտ 1 մլն դոլար: Սա այնքան էլ մեծ գումար չէ, եթե հաշվի առնենք Բուշի այցի քաղաքական կարեւորությունը Վրաստանի համար: Բացի այդ, Մ. Նահանգները միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրում Վրաստանին, ինքըՙ Սաակաշվիլին, ինչպես նաեւ մի քանի հազար բարձրաստիճան եւ միջին օղակների պաշտոնյաներ աշխատավարձ ստանում են Սորոսի հիմնադրամից: