Մայիսի 9-ին Եղեգնաձորում եւս մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մինչ այդ նախորդել էին մի շարք հանդիսություններ: Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի գծով մասնագետ Սոնա Մարգարյանի խոսքերով, հաղթանակի ոգեկոչման այս արարողությունից առաջ մարզպետարանը բոլոր համայնքներում տոնական հանդիսություններ էր կազմակերպել, դպրոցներում ստեղծել էր անկյուններ:
Միջոցառման բացման ժամանակ, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի հրապարակում, հյուրերին, վետերաններին ողջունեցին Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Սերյոժա Աբրահամյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Եղեգնաձորի պատերազմի եւ աշխատանքի միության նախագահ Աշոտ Խալաթյանը: Վերջինս նշեց, որ հայրենական մեծ պատերազմին Եղեգնաձորը տվել է 3893 զինվոր, որից 1924-ը չի վերադարձել: Շրջանն ունի 2 հերոս, փառքի 3 նշանակիր, 2 գնդապետ, 2 փոխգնդապետ, 67 սպա, 122 վետերան:
Հանդիսությունից հետո ներկաները բարձրացան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող բլուր-հուշաքար` ծաղկեպսակներ դնելու:
Եղեգնաձորցիների համար հաղթանակի օրը վերածվեց իսկական տոնի` շնորհիվ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի, որը 150 վետերանների (110-ը Եղեգնաձորից, 40-ը Վայքից) պարգեւատրեց 100-ական դոլարով: Թե՛ գումարը, թե՛ Արա Աբրահամյանի ուղերձը վետերաններին ներկայացրեց նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Սերյոժա Աբրահամյանը: Այդ պարգեւատրումը վետերաններին, որոնք պատերազմի մասնակիցների վերջին սերունդն էին ներկայացնում, իսկապես շատ ուրախացրեց: «Շատ մեծ շնորհակալություն Արա Աբրահամյանին, երանի բոլոր գործարարներն էլ նրա նման բարերար լինեին», իր գոհունակությունը հայտնեց 84-ամյա Վաղինակ Մխիթարյանը:
Սա Արա Աբրահամյանի եւ առհասարակ Աբրահամյանների ընտանիքի բարի կամքի դրսեւորման միակ օրինակը չէ: Արա Աբրահամյանի աջակցությամբ Եղեգնաձորի Մալիշկա գյուղում 1996 թ. կառուցվել եւ 2000 թ. սկսել է գործել Սուրբ Աննա եկեղեցին, 2001 թ. կրկին նրա ուժերով կառուցվել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, իսկ 2001 թ. հիմնանորոգվել է գյուղի թիվ 2 դպրոցը:
Նույն օրը ՀՀԿ-ի եւ ՌՀՄ-ի կողմից Հաղթանակի 60-ամյակի առթիվ ծաղկեպսակներ դրվեցին նաեւ Անհայտ զինվորի հուշարձանին, որով էլ ավարտվեց նրանց միջոցառումների շարքը Հայաստանում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ