«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ՌԱՖՍԱՆՋԱՆԻՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի են ունենալու 1979 թ. հեղափոխությունից հետո նախագահական 9-րդ ընտրությունները: Այսօր ներքին գործերի նախարարությունում նախագահության թեկնածուների գրանցման վերջին օրն է:

Երեք օր առաջ, ինչպես ակնկալվում էր, Իրանի նախկին նախագահ (1989-1997 թթ.) Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւս հայտ է ներկայացրելՙ դառնալով, ինչպես ենթադրում են միջազգային եւ իրանցի դիտորդները, նախագահի հիմնական հավակնորդը: Ռաֆսանջանին համարվում է պրագմատիկ պահպանողական, որը վճռորոշ ազդեցություն ունի պետության կարեւորագույն որոշումներումՙ սկսած տնտեսությունից, վերջացրած արտաքին քաղաքականությամբ:

Ռաֆսանջանին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո անցած 26 տարիներին միշտ էլ զբաղեցրել է բարձրագույն պաշտոններ: Նա համարվում է Իրանի ամենաազդեցիկ եւ հարուստ (մեր բառապաշարովՙ օլիգարխ) գործիչներից: Ներկայումս նա զբաղեցնում է Նպատակահարմարության խորհրդի նախագահի պաշտոնը, որը դատավորի դեր է կատարում խորհրդարանի եւ Պահապան խորհրդի վեճերում:

Իրանի խորհրդարանը, ինչպես նաեւ նախագահի ինստիտուտը լուրջ դերակատարություն չունեն երկրի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերում: Իրականում իսլամական հանրապետության որոշումները կայացնում են բարձրաստիճան կրոնական գործիչներըՙ ղեկավարությամբ երկրի կրոնապետ Ալի Խամենեիի: Ինչ վերաբերում է Պահապան խորհրդին, ապա բարձրաստիճան շիա հոգեւորականներիցՙ 12 հոգուց կազմված մարմին է, որը եւ որոշում է, թե նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում գրանցված թեկնածուներից ո՞ւմ է թույլատրվում մասնակցել դրանց:

Այսպես, անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Պահապան խորհուրդն ավելի քան 2000 բարեփոխական թեկնածուների թույլ չտվեց մասնակցելու ընտրություններին: Իսկ 2001 թ. մայիսին տեղի ունեցած նախորդ նախագահական ընտրություններում 814 թեկնածուներից միայն 10-ին հաջողվեց որակավորում ստանալ եւ պայքարել նախագահի աթոռի համար: Ինչպես 2001 թ., այնպես էլ 1997 թ. ընտրություններում հաղթել էր բարեփոխական եւ չափավոր կրոնականի համբավ վայելող Մոհամմադ Խաթամին:

Ըստ իրանական լրատվամիջոցների, ՆԳՆ դիմած եւ նախագահի հավակնություններ ունեցողների թիվը անցնում է 100-ից: Ռաֆսանջանիից բացի, նախագահ դառնալու ցանկություն են հայտնել նաեւ Մեյբոդ քաղաքի կղմինդրի գործարանի պահակը, 18-ամյա մի աղջնակ Սպահան քաղաքից: Թեկնածուների մեջ ամենատարեցը 76-ամյա մի կղերական է:

Իրանում նախագահի թեկնածուն, ըստ սահմանադրության, պետք է լինի ազգությամբ եւ քաղաքացիությամբ իսլամական հանրապետության քաղաքացի, հարգված կրոնական եւ քաղաքական գործիչ, բանիմաց, ունենա լավ համբավ, ինչպես նաեւ հավատարիմ լինի Իսլամական հեղափոխության սկզբունքներին: Հենց Պահապան խորհուրդն է որոշում, թե թեկնածուներից ովքեր են համապատասխանում վերոնշյալ սկզբունքներին:

Վերջին տարիներին Իրանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում պայքարը ծավալվում է բարեփոխումների կողմնակիցների եւ պահպանողական կղերականների միջեւ: Ռաֆսանջանին միջին դիրք է գրավում երկու թեւերի միջեւ: Փորձագետների կարծիքով, բարեփոխականների թեւից նախագահության լուրջ թեկնածուներ կարող են լինել նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին նախագահ Մեհդի Քյարուբին եւ կրթության նախկին նախագահ Մուստաֆա Մոինը:

Կղերականների թեւից նախագահի լուրջ հավակնորդներ են համարվում նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, պետական հեռուստատեսության նախկին ղեկավար Ալի Լարիջանին եւ օրենքի պաշտպան ուժերի նախկին ղեկավար Մոհամմադ Բաքր Ղարիբաֆը:

71-ամյա Ռաֆսանջանին ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը համարել է «ամենադժվար որոշումը կյանքում»: Ըստ ԻՌՆԱ գործակալության, Ռաֆսանջանին վերջնականապես որոշել է 3-րդ անգամ զբաղեցնել նախագահի աթոռըՙ կանխելու «ապակառուցողական լարվածությունը», ինչը, նրա խոսքերով, խոչընդոտում է երկրի զարգացմանը:

Ռաֆսանջանին, լինելով հեղափոխության առաջնորդ եւ իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնու հավատարիմ հետեւորդը, 1989 թ. նախագահ դառնալուց հետո սկսեց քայլեր ձեռնարկել տնտեսության ազատականացման եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորելու ուղղությամբ: Արդեն քառորդ դար Վաշինգտոնը եւ Թեհրանը խզել են դիվանագիտական հարաբերությունները: Մ. Նահանգները շարունակում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները եւ իսլամական հանրապետության միջազգային մեկուսացման փորձերը: ԱՄՆ պետքարտուղարության վերջերս հրապարակած զեկույցում Իրանը Սիրիայի եւ 4 այլ երկրների հետ համարվել է միջազգային ահաբեկչությունը պետական մակարդակով հովանավորող երկիր: Թեհրանը կտրականապես մերժում է մեղադրանքները եւ ԱՄՆ-ին համարում աշխարհն ապակայունացնող գլխավոր միջազգային ուժը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4