Հայտարարում է Վարշավայում Թուրքիայի վարչապետըՙ արձագանքելով նախագահ Քոչարյանի ելույթին
Թուրքական քաղաքական շրջանակները միանգամայն հավանական էին համարում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վարշավայում, իսկ թուրքական մամուլն անընդհատ վերարծարծում էր հանդիպման հարցը: Ավելին, մայիսի 16-ի համարում «Միլլիեթը» կանխատեսել էր, թե երկու երկրների ղեկավարները կհանդիպեն նույն օրը:
Սակայն մայիսի 17-ին նույն «Միլլիեթն» սկսեց արդեն կանխատեսել Քոչարյան-Էրդողան հանդիպման վիժեցումըՙ պայմանավորելով դա Եվրոխորհրդի անդամ պետությունների երրորդ գագաթաժողովում ՀՀ նախագահի ելույթով: Այդ հարցում «Միլլիեթի» օրինակին հետեւեցին թուրքական մյուս թերթերը, մասնավորապես «Հյուրիեթն» ու «Զամանը»:
Դրանք ընթերցողի ուշադրությունը հրավիրում են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանում հավատում են բաց սահմաններով, առանց բռնության, շրջափակումների ու փախստականների Եվրոպային» արտահայտության վրա, ընդգծում, որ ՀՀ նախագահը ելույթում «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում էր այս համատեքստում», Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում էր «դե ֆակտո կայացած»ՙ փորձելով նրան ներգրավել եվրոպական ինտեգրացիոն գործընթացում եւ իր երկրի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը բացատրում «եվրոպական արժեքների նկատմամբ հավատով»:
Վերոհիշյալ թերթերում միաժամանակ մատնացույց է արվում, որ Քոչարյանը Եվրոխորհրդի անդամ պետություններին հիշեցրել է ցեղասպանության 90-րդ տարելիցի մասին եւ շնորհակալություն հայտնել այն երկրներին, որոնք «ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են»:
Ուշագրավ են Քոչարյանի ելույթի մեկնաբանություններն այդ թերթերում: Համաձայն դրանց, ՀՀ նախագահը «բաց սահմաններով, առանց շրջափակումների Եվրոպա» արտահայտությամբ ակնարկել է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կիրառած շրջափակումը, Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը հիշատակելիս նա «ցույց է տվել, որ Հայաստանը չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» ջանքերից: Ինչ վերաբերում է նրա «դե ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությանը, ապա դա, ըստ թուրքական թերթերի, «ի չիք է դարձրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկու ժամ տեւողությամբ հանդիպման հավանական նպաստի վերաբերյալ ենթադրությունները»:
«Միլլիեթը» նշում է, որ նախագահ Քոչարյանի ելույթի պահին վարչապետ Էրդողանը հանդիպում ուներ Լիտվայի նախագահի հետ, ուստի բացակայեց դահլիճից: Սակայն դա, ինչպես նշում էր «Հյուրիեթը», չի խանգարել Էրդողանին, որ մամուլի ասուլիս հրավիրիՙ հակազդելու ՀՀ նախագահին: «Միլլիեթի» տվյալներով, չնախատեսված այդ ասուլիսում էրդողանը, նկատի ունենալով ՀՀ նախագահին, ասել է. «Ես անհիմն պնդումներով Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելը համարում եմ ինքնաբավարարման դրսեւորում: Արտագաղթի ընթացքում տեղի ունեցած մահացու դեպքերը բնութագրելով իբրեւ «ցեղասպանություն»ՙ չեք կարող մարդկությանը խաբել: Լոբբիստական գործունեության միջոցով տարբեր երկրների խորհրդարաններում անցկացված անհիմն որոշումները մեզ համար բացարձակապես պարտավորեցնող չեն: Մենք Քոչարյանին անկեղծորեն հայտնեցինք մեր տեսակետները: Նա էլՙ նախկինի համեմատ, դրական պատասխան տվեց: Մեր ցանկությունն է, որ էլ ավելի դրական դառնա: Այս պնդումների դուրսբերումն օրակարգից լավ կլինի նաեւ Հայաստանի համար: Եթե դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում, ապա իրենք են դրա պատասխանատուն: Եվրոպան նրանց օկուպանտ ճանաչեց: Լեռնային Ղարաբաղից դուրս եկա՞ն: Ո՛չ: Նախ իր պարտականությունը թող կատարի: Ապագան այն իրողությունը չէ, որ քաղաքական գործիչը դա կառուցի ատելության վրա»:
Էրդողանի մամուլի ասուլիսի առնչությամբ «Զամանը» հավելում է «Միլլիեթին». «Ելույթում «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու» Հայաստանի նախագահի կոչն աշխարհին օրակարգից հանեց Թուրքիայի վարչապետի հետ նրա հանդիպումը: էրդողանն ասաց, որ Թուրքիան եւ Հայաստանը միմյանց ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ուստի չի կարող որեւէ հանդիպում լինել»: Ըստ «Զամանի»ՙ Թուրքիայի վարչապետը միաժամանակ նախազգուշացրել է այն երկրներին, որոնց խորհրդարանները Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումներ են ընդունելՙ մատնանշելով. «Այս հարցում չափն անցնելու դեպքում մենք էլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում կընդունենք ցեղասպանություն իրագործած այդ երկրներին դատապարտելու որոշումներ: Իսկ դրանք հիմնավորված կլինեն ոչ թե հետնաբեմային խոսակցություններով, այլՙ պատմական փաստաթղթերով»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ