«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2005-05-14 | #88, 2005-05-17 | #89, 2005-05-18


ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ճարտարապետ Կատյա Բարսեղյանի ասելով, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ եւ արձանախմբեր կան ողջ հանրապետությունում, գրեթե բոլոր քաղաքներում եւ գյուղերում: Դրանց թիվն առավելապես մեծ է Լոռու մարզումՙ 70, Շիրակումՙ 62, Արագածոտնումՙ 58, Սյունիքումՙ 50 եւ այլն, ընդհանուր թվով մոտ 460 հուշարձան: «Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված բոլոր հուշարձաններն ընդգրկված են մեր ցուցակում, եւ որպես լիազորված մարմին մենք պարտավոր ենք դրանք հսկողության տակ պահել: Ցավոք, համայնքներում շատ են անմխիթար վիճակում գտնվող հուշարձանները, որոնց շուրջը հաճախ կարելի է տեսնել աղբակույտեր, լինում են նաեւ դրանք անգիտակցաբար վնասելու դեպքեր», նշեց Կատյա Բարսեղյանը: Այդօրինակ երեւույթները կանխելու համար պաշտպանության նախարարությունը խոստացել է հուշարձանների մաքրման աշխատանքներ իրականացնել զինվորների եւ դպրոցականների մասնակցությամբ եւ գործակալության մասնագետների հսկողությամբ, սակայն մինչ երեկ վերջիններիս որեւէ տեղեկություն չէր հաղորդվել:

Համայնքներում հուշարձանների պահպանման պատասխանատվությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հետեւապես դրանց անխնամ վիճակը խոսում է վերջիններիս թերացումների ու անտարբերության մասին: Գործակալության մասնագետը վերջերս այցելել է Լոռու մարզի Շնող գյուղ, որտեղ դպրոցի մերձակա հուշարձանը անհամեմատ մաքուր է եղել, իսկ ավելի հեռվում տեղադրվածըՙ բացարձակապես անուշադրության մատնված:

Ամենից լավ հուշարձան պահպանողներն ապարանցիներն են, ինչի մասին է վկայում Ապարանում տեղադրված Ռաֆայել Իսրայելյանի արձանախմբի բարեկարգված ու խնամված տարածքը: «Հաղթանակի 60-ամյակը լավ առիթ էր այդ հուշարձաններին առանձնահատուկ ուշադրության արժանացնելու եւ պահպանության խնդիրները վերստին աչքի տակ առնելու համար: Գուցե այսուհետեւ պատկերը փոխվի, այլեւս ոչ մի գյուղում ու քաղաքում չտեսնենք վնասված ու աղտոտ տեսքով հուշարձան», ավելացրեց նա:

Գրեթե բոլոր հուշարձանները կերտված են անվանի քանդակագործների ձեռքերովՙ Լեւոն Թոքմաջյան, Արա Շիրազ, Ստեփան Քյուրքչյան, Արթուր Թարխանյան, Ռոմիկ Ջուլհակյան եւ ուրիշներ: Սիրողական մակարդակով արված հուշարձաններ իրականում գոյություն չունեն:

Լեռնային Ղարաբաղում նույնպես մեծ թիվ են կազմում Մեծ հայրենականի զոհերին նվիրված հուշարձանները, դրանց պահպանության խնդիրն իրականացնում է մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանման գործակալությունը: Հայրենական պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից մոտ 45 հազար հայ է զորակոչվել ռազմաճակատ, որից 22 հազարը զոհվել է մարտերում: Նրանց հիշատակին կառուցված հուշահամալիրը ճանաչվել է լավագույններից մեկը Խորհրդային Միությունում: Հուշահամալիրի նոր հատվածում ամփոփված են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների աճյունները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4