Բազմաթիվ մրցանակների դափնեկիր «Գոլդ սթարս» պարային համույթը բոլորեց իր 11 տարին: Այդ առթիվ երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում պարային ստուդիան կազմակերպել էր հաշվետու մենահամերգ:
Ինչպես նշեց ստուդիայի տնօրեն Արման Ղուկասյանը, ծրագրում կներկայացվեն երբեւէ չբեմադրված (իրենց կողմից) 32 նոր պարեր: Մինչ համերգի սկիզբը, զրուցեցինք պարային ստուդիայի սաների եւ նրանց ծնողների հետ: Ստուդիայում արդեն 2 տարի սովորող 7-ամյա Անի Կոստանդյանն ասաց, որ լավ է պատրաստվել եւ երկար է սպասել համերգին: «Շատ եմ սիրում պարել, այսօր կպարենք 2 պարՙ «Չա-չա-չա» եւ «Ջայֆ», հուզված ասաց աղջնակը: Թե՛ պարային ստուդիայից, թե՛ հատկապես պարուսույցներից գոհունակություն հայտնեցին նաեւ ծնողները, որոնք եւս քիչ չէին հուզված եւ բավական երկար էին պատրաստվել համերգին:
1994 թ. հիմնադրված «Գոլդ սթարս» պարային համույթը 2004 թ.-ից դարձել է պարային ստուդիա, ունի բազմաթիվ սաներ, որոնք շատ անգամ են ներկայացել թե՛ հայ, թե՛ միջազգային բեմերում: Պարային ստուդիայում ուսանում են 3-25 տարեկան սաներՙ ժամանակակից, սպորտային, պարահանդեսային, աշխարհի ժողովուրդների եւ հայկական ժողովրդական պարերի բաժիններում:
2001-2002 թթ. «Գոլդ սթարս» պարային խումբը մասնակցել է «Մուտք 21-րդ դար» հեռուստափառատոնին եւ դարձել կրկնակի ոսկե մեդալակիր, 2002 թ.ՙ «Կռունկ» փառատոնում «Տարվա լավագույն պարային համույթ» անվանակարգում դարձել է դափնեկիր, 2003 թ. «Գիսաստղ» համահայկական պարերի փառատոնումՙ կրկնակի գրանպրիակիր, իսկ 2004 թ. Երեւանում անցկացված իսպանական պարերի մրցույթումՙ կրկնակի չեմպիոն: Իսկ հունիսի 5-ին կկայանա «Գոլդ սթարս» պարային ստուդիայի սպորտային պարերի երկրորդ բաց առաջնությունը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լուսանկարըՙ հեղինակի