Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի նվիրատվությամբ Ստեփանակերտում այսօր կառուցվում է քաղաքի ամենամեծՙ թիվ 7 դպրոցը, որի ավարտուն տեսքը նոր շունչ կհաղորդի քաղաքի կենտրոնին: Նրա հատկացրած միջոցներով քաղաքում այսօր քարուքանդ շինություն այլեւս չի մնացել. վերջերս ավարտվեց նաեւ երկար ժամանակ քանդված նախկին հյուրանոցի վերակառուցումը, որը դարձել է բնակելի շենք, որտեղ ապրում են զոհված ազատամարտիկների, հաշմանդամների, ներկայիս զինվորականների ընտանիքները: Ստեփանակերտի հոգեւոր կյանքին նոր լիցք է տվել բարեգործական միության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ անցած տարվա սեպտեմբերին հիմնված կամերային նվագախումբը: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի ասելով, այսօր այնքան է մեծացել նվագախմբի համերգների ունկնդիրների թիվը, որ դահլիճում կարելի է տեսնել ոտքի վրա կանգնած մարդկանց: «Ղարաբաղյան պատերազմից 10 տարի անց զենքերին փոխարինելու եկան երաժշտական աղեղնավոր գործիքները: Ստեփանակերտցիների կյանքը հիմնովին փոխվել է», ասում է նա:
Սկզբնական շրջանում Լեռնային Ղարաբաղում տարբեր նախաձեռնություններով հանդես էին գալիս անհատ բարերարներն ու Բարեգործականի Ֆրանսիայի մասնաճյուղը, սակայն վերջին ժամանակներս գործուն աջակցություն Է ցուցաբերում ՀԲԸՄ 20 երկրներում գործող 60 մասնաճյուղերից յուրաքանչյուրը: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Լեւոն Քեբաբջյանը 1999 թվականից անսահման ոգեւորությամբ զբաղվում է Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերականգնման եւ վերաբնակեցման աշխատանքներով: Արդեն ավարտին է հասել 22 տների, մանկապարտեզի, սոցիալական եւ բուժական կենտրոնի շինարարությունը: Պատերազմական գոտում գտնվող գյուղը 1988-94 թթ. ամբողջովին ավերվել էր, դարձել լքված ու ամայի: Վերականգնման ծրագրի հաջող ընթացքը կամաց-կամաց հայրենի գյուղ բերեց նրան ամուր թելերով կապված բնակիչներինՙ հնարավորություն տալով վերստին աշխատելու եւ արարելու: Սկզբում վերականգնվեց 9 տուն, տարեցտարի դրանց թիվն ավելացավ, հետո բացվեց մանկապարտեզը, վերջերսՙ սոցիալական եւ բժշկական կենտրոնը: Լեւոն Քեբաբջյանի կնոջՙ Նադյա Քեբաբջյանի «Արի կանանց փոխադարձ օգնություն» կազմակերպությունը ընտանիքներին օգնեց ոտքի կանգնելու եւ հոգալու իրենց ապրուստի մասին: «Բնակիչների համար տներ կառուցելուց բացի անհրաժեշտ է միջոցներ տրամադրել ապրելու եւ գոյատեւելու համար: Հենց այդ նպատակով յուրաքանչյուր ընտանիք ստացավ 1 հորթ եւ կով, առաջին ձմռան դժվարությունը հաղթահարելու համար 150 կգ ալյուր:
Հողի մշակման աշխատանքը թեթեւացնելու համար Բարեգործականը գյուղին նվիրեց նաեւ տրակտոր», պատմում է Լեւոն Քեբաբջյանը:
Ղարաբաղում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը վերահսկելու համար միությունը վերջերս գրասենյակ է բացել նաեւ Ստեփանակերտում: Վերջին մեկ տարվա ամենամեծ դժվարությունը կապված է դոլար-դրամ փոխարժեքի տատանումների հետ: Մինչ բարերարները հատկացնում են այս կամ այն ծրագրի համար անհրաժեշտ գումարը, Հայաստանում դրամ-դոլար փոխարժեքի տարբերությունն այնքան է մեծանում, որ 54 հազար դոլար հայտարարված դպրոցը այսօր 69 հազարով չեն կարողանում կառուցել, միանգամայն հասկանալի է, թե նման վիճակն անհարմարության ինչ զգացում է առաջացնում:
Առաջիկայում ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը կսկսի Բարեշեն գյուղի վերականգնման եւ վերաբնակեցման ծրագիրը: Նորաշենից քիչ հարավ գտնվող այդ գյուղը եւս չափազանց կարեւոր նշանակություն ունիՙ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարավային դարպասն ամրացնելու առումով: «Հույս ունենք, որ ավելի շատ տներ ու գյուղեր կկարողանանք վերաշինել, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց տները եւ վայելեն Ղարաբաղի հարուստ բնությունն ու բարեբեր հողը», ասում է Լեւոն Քեբաբջյանը: Յուրաքանչյուր տան կառուցման վրա Բարեգործականը ծախսում է 5 մլն դրամ, այդ տներն ունեն ժամանակակից բոլոր հարմարությունները եւ արմատապես փոխում են ավանդական գյուղական տան մասին մեր պատկերացումները: Բարեշենի վերակառուցման ընթացքում գյուղի բնակիչները կօգտվեն Նորաշենի սոցիալական եւ բժշկական կենտրոնից, մանկապարտեզից, դպրոցից:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ