«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2005-05-17 | #89, 2005-05-18 | #90, 2005-05-19


ՏԱՊԱԼԵ՛Լ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ. ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱԶԴԱՆՇԱՆԸ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վարշավա

Մինչ «Արքայական ամրոցում» Եվրոխորհրդի անդամ մի շարք երկրների նախագահներ օրակարգի հարց էին դնում Բելառուսի ժողովրդավարացումն ու Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի տապալման անհրաժեշտությունը, Վարշավայի փողոցներում հավաքված շուրջ հազար անարխիստներ բողոքի ակցիաներով դատապարտում էին Եվրոպայի «ամենամեծ» քաղաքական կազմակերպության գործունեությունը:

Անարխիստները պնդում ենՙ Եվրոխորհուրդն անպետք, թանկ եւ բյուրոկրատական կառույց է, որի գործունեությունն արդյունքներ չի տալիս: Լեհ եւ այլազգի անարխիստները կարծում են, որ Եվրոխորհրդի ընդունած փաստաթղթերն «անհեթեթ ակտեր» են, իսկ կազմակերպության ֆունկցիոներներըՙ «շիզոֆրենիկներ ու երկերեսանիներ»:

Եվրոխորհրդին չանդամակցող Բելառուսի անմիջական հարեւան բոլոր պետությունների ղեկավարները, բացառությամբ Ռուսաստանի, կազմակերպության 3-րդ գագաթաժողովում առաջնային խնդիր էին համարում Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնատիրական վարչակարգի տապալումը:

Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Լուկաշենկոյին անվանեց «Եվրոպայի վերջին դիկտատոր»ՙ հույս հայտնելով, որ «մի օր Բելառուսը միանալու է ժողովրդավարությունների մեր համայնքին»:

Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը Բելառուսը համարեց «գորշ տարածք եվրոպական ժողովրդավարությունների քարտեզում»: Նա համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է «օժանդակել բելառուս ժողովրդին բաց եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու» հարցում:

Նույն ոգով արտահայտվեցին Էստոնիայի ու Լեհաստանի առաջնորդները, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ու Եվրոխորհրդի բարձրաստիճան չինովիկները: Ի դեպ, Եվրոխորհուրդը «շիզոֆրենիկների եւ երկերեսանիների» կազմակերպություն համարող անարխիստները եւս քննադատում էին Լուկաշենկոյին: Նրանք բողոքում էին, որ Եվրոխորհրդի անդամ Թուրքիայում եւ Ռուսաստանում դաժանաբար ոտնահարվում են քրդերի ու չեչենների իրավունքները, իսկ եվրոպական մի շարք պետություններ ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում են անմարդկային գործողություններն Իրաքում:

Գագաթաժողովն առանց կարեւոր առաջնորդների

56 տարվա պատմություն ունեցող Եվրոխորհուրդը Վարշավայում անցկացրեց 3-րդ գագաթաժողովը: Եթե 1993 թ. Վիեննայի գագաթաժողովը խորհրդանշեց Եվրոխորհրդի ընդլայնումը դեպի Արեւելքՙ նախկին խորհրդային եւ սոցիալիստական ճամբարի երկրներ, ապա չորս տարի անցՙ 1997 թ. Ստրասբուրգի վեհաժողովում շեշտվեցին նոր անդամ երկրներում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների հարգման հարցերը:

Վարշավյան գագաթաժողովի օրակարգում երեք հիմնական թեմաներ էին. եվրոպական միասնություն եւ եվրոպական արժեքներ, 800 միլիոնանոց Եվրոպային սպառնացող մարտահրավերները (ահաբեկչություն, կոռուպցիա, կազմակերպված հանցագործություն, թրաֆիկինգ) եւ եվրոպական ճարտարապետությունը, այսինքնՙ ինչպիսին պետք է լինի Հին աշխարհամասն ապագայում:

Եվրոխորհրդի անդամ ծանրակշիռ հինգ պետությունների առաջնորդներից Վարշավա էր ժամանել միայն Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը եւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին առաջնությունը տվել էին իրենց երկրների ներքին խնդիրներին, իսկ Վլադիմիր Պուտինը Վարշավա չէր եկել ինչպես Ռուսաստան-Եվրոխորհուրդ, այնպես էլ Ռուսաստան-Լեհաստան բարդ հարաբերությունների պատճառով:

Եթե Եվրոխորհուրդը Մոսկվային քննադատում է ժողովրդավարության նահանջի, մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվումՙ Չեչնիայի գործողությունների մեջ, ապա Լեհաստանի իշխանությունների հովանավորությամբ Վարշավայում հրապարակներ են վերանվանվում չեչեն գրոհայինների անուններով, որոնց Ռուսաստանն անվանում է պարզապես ահաբեկիչներ:

Եվրոպայի «սեւ կետերը»

Վրաստանի նախագահը Եվրոպայի «սեւ կետեր» համարեց «Մերձդնեստրը, Աբխազիան եւ Հարավային Օսիանՙ խորհրդային կայսրության մնացորդները»: Միխայիլ Սաակաշվիլին հույս հայտնեց, որ այս հակամարտությունների կարգավորման հարցում վճռորոշ դեր կունենան Ռումինիան, Ուկրաինան եւ Վրաստանը:

Ընդհանուր առմամբ, Սաակաշվիլին փորձում էր ներկայանալ որպես ոչ միայն շատ կարեւոր երկրի նախագահ, այլեւ միսիոներ, համարյա Մեսիա, որը պատրաստ է Սեւ ծովի ավազանը դարձնել ժողովրդավարության օազիս: Նա իր ելույթում հիշեցրեց Ջորջ Բուշի Թբիլիսի այցելության մասին, իր երկրի տարածքում ռուսական ռազմակայանների առկայությունը համարեց խորհրդային կայսրության մնացորդներ ու Մոսկվայից պահանջեց դուրս բերել դրանք:

Եվրոխորհուրդը եւ ԵԱՀԿ-ն ավելի սերտ կհամագործակցեն

Գագաթաժողովի շրջանակներում եվրոպական երկու կազմակերպություններըՙ Եվրոխորհուրդը եւ ԵԱՀԿ-ն (այս կառույցին անդամակցում են նաեւ ոչ եվրոպական երկրներ, ինչպես ԱՄՆ-ը) ընդունեցին համագործակցության հռչակագիր, համաձայն որի 21-րդ դարի մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու նպատակով միմյանց հետ ավելի սերտ աշխատանք են ծավալելու:

Եվրոխորհուրդը հետզհետե կորցնում է գրավչությունը հատկապես Եվրոմիության անդամ երկրների համար, որոնք ե՛ւ Եվրոխորհրդի, ե՛ւ ԵԱՀԿ անդամներ են: Ըստ էության, եվրոպական առաջատար պետությունները լուրջ կարեւորություն չեն տալիս Եվրոխորհրդին, իսկ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում հետնապահ երկրները հաճախ են քննադատում կազմակերպությանը իրենց ներքին գործերին միջամտելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4