Այդ մասին մայիսի 17-ի համարում տեղեկացրել է թուրքական «Միլլիեթը»: Ըստ տեղեկության, 1999 թ. Իգդիրում «հայ ավազակների սպանած 80 հազար թուրքի հիշատակը հավերժացնելու» համար կառուցված «ցեղասպանության հուշարձան-թանգարանն» աշխատողներ չունենալու պատճառով երկու տարի ի վեր անտեր է մնացել: Մշակույթի եւ զբոսաշրջության քաղաքային վարչությունից «Միլլիեթին» հայտնել են, որ ադրբեջանցի ճարտարապետ Ջաֆար Քըյասի կառուցած այս թանգարանը բացվում է միայն այն դեպքում, երբ այցելուները նախապես զգուշացնում են վարչության աշխատակիցներին: Թանգարանի աշխատողների հաստիք տրամադրելու մասին վերոհիշյալ վարչության հղած բոլոր դիմումները համապատասխան մարմիններինՙ առ այսօր մնում են անպատասխան: Այդ ընթացքում «Առաջին համաշխարհային պատերազմում հայերի իրագործած կոտորածներից տուժածների միության» ղեկավար Իսմեթ Թաղալը դժգոհել է, որ «ցեղասպանության հուշարձանն անտերությունից սիրահարների համար համբուրվելու վայր է դարձել»:
Կարծում ենք, նրա դժգոհությունն անտեղի է այն առումով, որ Իգդիրի այսպես կոչված ցեղասպանության հուշարձանը գոնե սիրահարներին է ծառայում:
Հ. Չ.