«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2005-05-17 | #89, 2005-05-18 | #90, 2005-05-19


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈԲԲԻԻՆԳ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

Անտարբերությունը գալիս է նաեւ անտեղյակությունից

Կոալիցիայի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մայրաքաղաքում դրա քննարկումների ու նոր առաջարկներով բարեփոխելու նախաձեռնությունների իսկական բում է սկսվել: Երեկ միաժամանակ 6 հասարակական կազմակերպություններ («Սահմանադրական նախաձեռնություն» միավորում անվան տակ) ներկայացրին առաջարկությունների միացյալ փաթեթ: Նպատակը` ներմուծել դրանք կոալիցիոն նախագծում` Վենետիկի հանձնաժողովին եւ երկրորդ ընթերցման ներկայացվելու ընթացքում եւ հնարավորինս լավ տարբերակ ունենալ:

Արտախորհրդարանական այդ ներմուծումները կատարվելու են խումբ-խմբակցությունների հետ հանդիպումների եւ համոզելու տեխնոլոգիաները հմտորեն կիրառելու միջոցով, քանի որ նույնիսկ նիստերի օրերին պատգամավորները ոչ միայն ակտիվություն չցուցաբերեցին, այլեւ քննարկումներն ընթանում էին կիսադատարկ դահլիճում:

Նախատեսվում է, որ օգոստոսի վերջին սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի է դրվելու: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, ապա սահմանադրությունը հասարակությանը մարսելի դարձնելու համար չափազանց կարճ ժամանակ է մնացել:

Մարդկանց իրազեկելու համար միավորման կազմակերպություններից մեկը («Ընտրությունը քոնն է»), մտադիր է հանդիպումներ կազմակերպել մարզերում եւ բնակչությանը բաժանել սահմանադրության նոր նախագծի օրինակները: Հայաստանում բրիտանական դեսպանատունը հոգալու է դրանց տպագրության խնդիրը:

2003 թվականին Հայաստանի իշխանությունները հանրաքվեի դրեցին սահմանադրության մի նախագիծ, որի բովանդակությանը հասարակությունը բոլորովին անտեղյակ էր: Այն ժամանակ իշխանություններն առանձնապես նախանձախնդիր չէին, թե նա ինչպես կընդունի կամ որքանով է տեղյակ դրա դրույթներին: Հիմա էլ ոչ միայն անտեղյակ է, այլեւ լիակատար անտարբերություն է ցուցաբերում: Այնպես որ հասարակական կազմակերպությունների բարեփոխիչ ոգեւորությունն ընդամենը դրամաշնորհային պարտավորությունների ի կատար ածում է լինելու... առանց որեւէ գործնական արդյունքի:

Ինչպես եվրոպականացնել սահմանադրությունը

Եվրոխորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման բացերը հերթական քննարկման թեման էին երեկ, «Կոնգրես» հյուրանոցում: Եվրապարտավորությունների կատարումը գնահատելով իբրեւ ժողովրդավարության դուռը բացելու գլխավոր պայման, մասնակիցները ժողովրդավարության սեփական ոսպնյակից նոր խմբագրումներ էին առաջարկում սահմանադրական բարեփոխումների նախագծում, որոնք, չնայած դրանց մասին բազմապատիկ քննարկումներին ու հիշեցումներին ե՛ւ մամուլում, ե՛ւ տպագիր լրատվամիջոցներում, այդպես էլ դուրս չեկան կոալիցիոն նախագծից:

Մասնավորապես խոսքը վերաբերում է իշխանության համակարգին, որի ճյուղերը մեկը մյուսի հանդեպ գերակայություններ չպետք է ունենան, դատական համակարգն անկախ պիտի լինի գործադիրից, Երեւանի քաղաքապետը պիտի լինի ընտրովի: Վերջին պարագայում հատկապես ակնառու է նախագծի անկատարությունը: Թիվ 107 հոդվածը նշում է, որ համայնքի ղեկավարներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Թիվ 108 հոդվածը Երեւանը համայնք է հռչակում: Այդուհանդերձ, մեկ այլ հոդվածով ամրագրվում է, որ քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ պիտի նշանակի նախագահը:

«Մարդու իրավունքներն ու ազատությունները հստակ տարբերակված, կոնկրետացված ու առանձնացված չեն պետության սոցիալական քաղաքականությունից եւ դեկլարատիվ բնույթ ունեն: Այս իրողությունը վտանգում եւ կասկածի տակ է դնում դրանց իրականացումը», կոալիցիոն նախագծի` մարդու իրավունքներին վերաբերող բաժնի մասին դիտողություն է անում «Ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Պողոսյանը:

Եվրոպարտավորությունների անտեսման հաջորդ հետքերը տանում են դեպի ընտրական օրենսգիրք, ուր այդպես էլ չլուծվեց ընտրական հանձնաժողովներում հավասարակշռված կազմ ունենալու եւ դրանց անդամներին նշանակելու կարգը: ՀՀ նախագահի կողմից 3 անդամի նշանակելու իրավունքը փոխարինվել է վճռաբեկ դատարանին, ՀՀ նախագահին եւ անկախ պատգամավորների խմբինՙ մեկական տեղի հատկացումով: «Հայաստանում ընտրությունների գինը շատ ավելի բարձր է, քան որեւէ ժողովրդավարական երկրում: Դրանք հասարակության մեջ ծագած կոնֆլիկտները չեն լուծում, այլ ավելի են սրում, քանի որ իշխանության են ձգտում ուժեր, որոնք որեւէ կապ չունեն քաղաքականության հետ», նկատում է նույն կազմակերպության ներկայացուցիչ, իրավագետ Հրայր Թովմասյանը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4