Երեւանցի դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն օրերս իր փարիզյան ուղեւորության ժամանակ հանդես է եկել «Սուրբ Մեսրոպ» մշակութային կենտրոնի համերգասրահում: «Լեգլիզ արմենիեն» հանդեսի մեկնաբանը ֆրանսիացի հանդիսականի համար հայտնություն դարձած հայ դերասանուհուն բնութագրում է «բացառիկ» բառով եւ անվանում «Երեւանյան Սառա Բեռնար»:
Ընդգծվում է, որ հապճեպորեն կազմակերպված երեկույթից առաջ փարիզեցի թատերասերներին հայտնի էր միայն, որ տվյալ դերասանուհին բարեհամբույր, փոքր-ինչ սեթեւեթ անձնավորություն է, որը թիկնոցը կրում է գրեթե բեմական ձեւով: Բայց բեմի վրա Հասմիկ Տեր-Կարապետյանի առաջին իսկ խոսքերից դահլիճը զմայլվեց: Վիլյամ Սարոյանի պատմվածքներից մեկը կամ թույն խմող ռոմանտիկ սիրահարին ներկայացնելիս դերասանուհին իր շարժումներով, արտաբերմամբ ու ձայնով հմայում էր հանդիսականին:
Հասմիկ Տեր-Կարապետյանի համար մատչելի են ինչպես նուրբ հեգնանքը, այնպես էլ մռայլ ողբերգականությունը: Նրան կարելի է ունկնդրել ժամերով: Հիշյալ հանդեսի մեկնաբանն առանձնացնում է երբեմնի բազմազգ Կոստանդնուպոլսի հայ դերասանուհիներից մեկի ողբերգական կերպարը: Նա բեմ բարձրացած առաջին կանանցից մեկն էր եւ անհասանելիորեն սիրահարված էր մի թուրք դերասանի: Ամեն անգամ բեմի վրա «Կամելիազարդ տիկնոջ» հերոսուհու ողբերգական մահն արցունքներ էր հոսեցնում հանդիսականների աչքերից: Պատմում են, որ պոլսեցի դերասանուհու մահից հետո ամբողջ քաղաքը լալիս էր: Հուղարկավորության ժամանակ թուրքերը հրապարակավ սգում էին հայ կնոջը:
Պ. Ք.