Թունիսում աշնանը կայանալիք Միացյալ ազգերի կազմակերպության «Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի» մրցանակաբաշխությունից առաջ «Ուորլդ սամիթ էուորդը» սկսել է համաշխարհային լավագույն էլ-բովանդակության ազգային մրցույթ-ցուցահանդեսների շարք: Հայաստանում այդ մրցույթը նվիրվում է մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյակին, կազմակերպիչն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը», հովանավորներըՙ ՀՀ կառավարությունը, «Հայաստան» համահայկական եւ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
«Մաշտոց-1600» մրցույթն անցկացվում է հետեւյալ անվանակարգերովՙ էլ-ուսուցում, էլ-մշակույթ, էլ-գիտություն, էլ-կառավարում, էլ-առողջապահություն, էլ-բիզնես, էլ-ժամանց, էլ-ներգրավում (տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվական հասարակությանն ինտեգրվելուն աջակցող գործեր): «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի առաջարկով առաջին անգամ ընդգրկվել են էլ-հայագիտություն, էլ-մայրենի եւ հայերեն էլ-տառատեսակներ անվանակարգերը: Ներկայացված աշխատանքները պետք է նորովի եւ բազմակողմանի մատուցեն հայագիտությունը, հայալեզու գրական արժեքները, ապահովեն հայերեն գրատեսակների էլեկտրոնային տարբերակների տեխնոլոգիական եւ գեղագիտական կատարելությունը:
«Ներկա պայմաններում ամեն մի երկրի մրցունակությունն ու հաջողությունը մեծապես կախված է տեղեկատվական տեխնոլոգիաներից: Բոլոր երկրները դա գիտակցում են, եւ գագաթաժողովի ամբողջ ընթացքն ու նախաձեռնությունը նվիրված են այդ հարցերի համաշխարհային իրազեկման բարձրացմանը:
Ցավոք, մեզանում եւս գոյություն ունի անջրպետ այդ ոլորտում ընդգրկվածների եւ ոլորտից դուրս մնացածների միջեւ, եւ այսօր ամենագլխավորը այդ անջրպետի վերացումն է, «Մեդիա» սրճարանում երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուքասզյանը: Ներկա էին նաեւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը: Նրանք խոսեցին մրցույթի պայմանների, անվանակարգերի, մրցանակների եւ այլ հարցերի մասին: Առ այսօր գրանցվել են ավելի քան 300 հայտերՙ բոլոր անվանակարգերի համար, հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 26-ն է: Մրցույթում ներկայացված աշխատանքները կամփոփվեն հունիսի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում: Կբացվի նաեւ ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մրցույթում հաղթած աշխատանքները: Հաջորդ օրը, հունիսի 12-ին, Օշականում, Մաշտոցի գերեզմանի մոտ տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որից հետո կանցկացվի սեմինարՙ էլեկտրոնային բովանդակության եւ մուլտիմեդիայի ոլորտներում կուտակված խնդիրները քննարկելու նպատակով:
Ամենաբարձր գնահատականի արժանացած առաջին 8 աշխատանքների համար սահմանված է 1000 դոլար, իսկ 9-16-րդ լավագույն աշխատանքների համարՙ 500 դոլար մրցանակներ: Հատուկ մրցանակներ են սահմանված էլ-հայագիտություն (2000 եւ 1000 դոլարՙ առաջին եւ երկրորդ կարգի համար), ինչպես նաեւ էլ-մայրենի եւ էլ-տառատեսակներ (1000 եւ 500 դոլար) անվանակարգերի համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ