ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի գրողների միության հերթական 14-րդ համագումարը մեկնարկեց երեկՙ ԳԱ ակադեմիայի նիստերի դահլիճում: Համագումարի հանդիսավոր մասը ուղերձային բովանդակությամբ ներկայացնում էր ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների, ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի ողջույնի բարեմաղթանքները: Որոնց հետեւեցին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի եւ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի մաղթանքի խոսքերը, ապա ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը թվարկեց համագումարին ուղղված հեռագրերը, մասնավորապես «Կիլիկիա» նավի անձնակազմից, Կալիֆոռնիայի հայ գրողների վարչությունից, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանից, Ռ. Հատտեճյանից, Ռուսաստանի 30 գրողներից, Թեհրանից Ահմադ Նուրիզադեից, Վրաստանի գրողների միության նախագահ Ռեւազ Միշվելաձեից եւ ուրիշներից:
ՀԳՄ կանոնադրության համաձայն, ընտրվեց մանդատային (Ա. Անդրանիկյան, Ի. Մամյան, Ռ. Ասատրյան, Ս. Սիմոնյան եւ ուրիշներ) եւ խմբագրական (Ա. Ղազարյան, Ա. Նալբանդյան, Գ. Խանջյան, Ն. Ադալյան), նաեւ 2 շրջիկ հանձնաժողովՙ 15 հիվանդ գրողների ընտրության հնարավորություն ընձեռելու համար: Ընտրվեց նաեւ համագումարի երկօրյա նիստերը վարող նախագահություն (Զահրատՙ պատվավոր նախագահ, Ա. Եղիազարյան, Է. Միլիտոնյան, Ս. Մուրադյան, Ավ. Իսահակյան, Ա. Ավագյան, Ռ. Հովսեփյան), որոշվեց անցկացման կարգըՙ ՀԳՄ ներկա նախագահի հաշվետու զեկուցում եւ, ըստ գրական ժանրերի ու սեռերի, զեկուցումներՙ ժամանակակից հայ արձակի մասինՙ Ազատ Եղիազարյան, պոեզիայիՙ Ս. Մուրադյան, թատերգությանՙ Ժ. Քալանթարյան, մանկական գրականությանՙ Ա. Դոլուխանյան, հրապարակագրությանՙ Ֆ. Բախչինյան, գրականագիտություն-քննադատությանՙ Ա. Ավագյան, թարգմանական գրականությանՙ Հակոբ Մովսես: Ապա եղան զեկուցումների շուրջը քննարկումներ, որը կշարունակվի այսօր, առավոտյան, որին կհետեւեն ՀԳՄ նախագահի եւ 51 անդամից բաղկացած վարչության փակ գաղտնի ընտրությունները: Ըստ երեկվա տվյալների, նորընտիր նախագահի թեկնածության համար Լեւոն Անանյանը մրցակից չուներ:
Հարկ եմ համարում զուտ համեմատության համար արձանագրել, որ երեկվա տպավորությամբ համագումարը կազմակերպվածության առումով եւ կոռեկտության դրսեւորումներով բնավ չէր հիշեցնում 4 տարի առաջվաՙ նախորդի էքսցենտրիկ, անհավասարակշիռ մթնոլորտը եւ բնորոշվում էր հանդարտ ու քաղաքակիրթ ընթացքով: Նկատենք միայն, որ զեկուցումների երբեմն ձգձգվածության պատճառով համագումարը կորցնում էր իր դինամիզմն ու հետաքրքրությունը: Թերեւս հաշվի առնելով, որ գրողական քմայքոտ ճաշակը եւ պահանջը բավարարելն այնքան էլ դյուրին չէ, զեկուցումային գրավոր ներկայացումները փորձում էին ընդգրկել գրականության տվյալ ոլորտի համայնապատկերը, արդի գրական ընթացքն ամբողջացնելու նպատակով: Գրական ընթացքի տարբեր դրսեւորումները լավ ու վատ կողմերով ներկայացվեցին, սակայն, ինչպես ընդունված է մեզանում, դրվատելինՙ անուններով, իսկ գրական խոտանի կամ միջակությունների մասին, ավելի ընդհանրական, առանց մասնավորումների անուններ հիշատակելով:
Գրողների համագումարի առաջին օրվա կարեւոր մասը, ինչ խոսք, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հաշվետու զեկուցումն էր, որտեղ նա ընդհանուր ներկայացրեց միության վարած քաղաքականությունը, փաստերը թողնելով համագումարի առիթով հրատարակված 2001-2005 թթ. ՀԳՄ գործունեության ամփոփագրի ընթերցմանը: Անդրադառնանք ՀԳՄ նախագահի, մեր կարծիքով, բավականին դրական եւ փաստարկված զեկուցմանը:
4 տարի առաջ ինչ են փորձել անել գրողների նորընտիր նախագահն ու նախագահության անդամները. «4 տարի առաջ համագումարը հասարակության մեջ թյուր պատկերացում թողեց մեր գրողական համայնքի մասին, մենք փորձեցինք վերականգնել գրողի դերը եւ նշանակությունը հասարակության կյանքում, նախ եւ առաջ գրողի արժանապատվությունից սկսելով»: Իսկ թե ինչ է արվել դրա համար, ներկայացնենք ըստ Լեւոն Անանյանի: Կայացել է գրողական համախմբում եւ գրական կյանքի աշխուժացում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ գրողների ավանդականՙ Լոռվա, Շիրակի եւ Արցախի բաժանմունքներում, նկատի ունենալով մարզերի մշակութաթափ վիճակը, նոր բաժանմունքներ են ստեղծվել Տավուշում եւ Սյունիքում, առաջիկայում կստեղծվի Գեղարքունիքում: Կանոնավորվել եւ համալրվել է գրական մամուլի վիճակը շնորհիվ նաեւ պետական լրավճարների:
ՀԳՄ պաշտոնաթերթիցՙ «Գրական» թերթից բացի, գրական մամուլը հարստացել է «Սատիրիկոն» երգիծաթերթով, «Լուսապսակ», «Գրական ցոլքեր» մանկապատանեկան թերթերով, ՀԳՄ-ի եւ ԳԱԱ գրականության ինստիտուտի համագործակցությամբ լույս ընծայվող «Գրականագիտություն» հանդեսով: Այս տարիներին է հիմնվել նաեւ ՀԳՄ հրատարակչությունը, որ գործում է ինչպես պետաջակցությամբ, այնպես էլ սփյուռքի եւ անհատ բարերարների օգնությամբ: Հրատարակությունների որակն առայժմ բավարար չէ, որի համար առաջարկվեց ստեղծել հրատարակչական պրոֆեսիոնալ խորհուրդ:
Աշխատանքներ են կատարվել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման առումովՙ 2 համաժողովները, սփյուռքահայ համախմբումները հայահոծ համայնքներում, երիտասարդ գրողների առաջին համաժողովը: Իսկ Արամ Ա-ի ուղերձում 2006 թ.-ին 3-րդ համաժողովի Անթիլիասում անցկացնելու մասին հիշատակումը հույս է ներշնչում սփյուռք-Հայաստան գրական առնչությունների ավելի սերտացման: Կարեւորվեց նաեւ գրական կապերի վերահաստատման փաստըՙ վերականգնվել են Ռուսաստանի, Վրաստանի հետ գրական ավանդական խզված կապերը, ինչպես նաեւ գրողների միության երիտասարդացման միտումը, ՀԳՄ միության շարքերը համալրել են մինչեւ 30 տարեկան 12 գրողներ, որոնց համար ստեղծվել են «Մուտք» մատենաշարը եւ էլեկտրոնային «Սերունդ» թերթը: Մեկ ամսից հայ գրողները էլեկտրոնային կայքէջով իրենց ստեղծագործական կենսագրությամբ եւ ստեղծագործությունների անգլերեն եւ ռուսերեն թարգմանությամբ համաշխարհային գրականության շրջանառության մեջ կմտնեն:
Մրցանակների մասին.- Գործում են պետական եւ նախագահական մրցանակներ, վերականգնվել է ՀԳՄ ամենամյա մրցանակըՙ յոթ անվանակարգերով, «Կանթեղ» թարգմանական մրցանակը Մայր աթոռի հետ, Մանկականը, որ տրվում է մանկական գրականության շաբաթին: Քանի որ մրցանակաբաշխությունը մշտապես կամայական մեկնաբանություն է ստանում (մրցանակը մեկն է, արժանավորները գոնե այդ մեկից ավելի) առաջարկեց մրցանակային հեղինակավոր խորհուրդ ստեղծել:
Ամենացավոտ հարցըՙ գրողի սոցիալական ապահովվածությունը.- 65 տարեկանից բարձր գրողներին հավելումներ են արված, կանոնավոր օգտվում են Ծաղկաձորի ստեղծագործական տան ծառայություններից, ծանր դատական պայքարում հետ նվաճվեց ԳՄ պոլիկլինիկան եւ մեկ ամսից նորոգված եւ վերազինված կշարունակի անվճար սպասարկել գրողական ընտանիքին: Առաջին անգամ ստեղծվել է Համահայկական գրական հիմնադրամը եւ 2 խնայբանկում դրված 200.000 դոլարը ծառայելու է գրողների սոցիալական, առավելապես հրատարակչական խնդիրներին:
Բավականին հետաքրքրական ծրագիր է նաեւ առաջիկայում օտարագիր հայազգի գրողների առաջին համախմբումը Հայաստանում:
Լեւոն Անանյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցողներին, լրատվամիջոցներին, նաեւ իր թշնամիներինՙ իրեն զգոն պահելու եւ ամենօրյա ինքնահաշվետվություն տալու հնարավորության, ներողություն իր բարեկամներիցՙ հարվածները նաեւ իրենց վրա վերցնելու համար եւ նորընտիր նախագահին հաջողություն մաղթեց:
Իսկ թե ով կլինի նաՙ կպարզվի այսօր: