«Ֆորբս» ամսագիրը հերթական հատուկ թողարկմամբ ընթերցողներին է ներկայացրել Ռուսաստանի 100 ամենահարուստ բիզնեսմենների ցուցակը: Համանման առաջին թողարկման ժամանակ հանդեսը հեռատեսորեն նկատել էր. «Կապիտալիզմն ամենադինամիկն է մարդկության հնարած բոլոր հասարակական-տնտեսական համակարգերից: Ինը զրոների համար մրցավազքում ձեռնարկությունները հաղթում են կամ կնքում մահկանացուն ապշեցուցիչ արագությամբ», 31 հոգի դուրս են մնացել անցյալ տարվա ցուցակից:
Այս անգամ էլ հաստաքսակների մեջ չկա... ոչ մի հայ: Մինչդեռ կան վրացական ու ադրբեջանական ազգանուններ: Այս «օլիմպիադայում» էլ մենք չեմպիոններ չունենք: Անկախանալուց հետո ինչ-որ անհասկանալի բաներ են տեղի ունենում հայերիս հետ, այդ թվումՙ նաեւ սփյուռքում. կորցնում ենք անհատականություններ ծնելու մեր փառավոր ավանդույթները:
Եվ այսպես, Ռուսաստանի մեծահարուստների «հայազուրկ» ցուցակն «ավանդաբար» գլխավորում են հրեաները: Ճիշտ է, այս անգամ առաջատարի դերը շնորհազուրկ Խոդորկովսկու փոխարեն ստանձնել է «Չուկոտկայի պետ, լոնդոնցի դենդի» Ռոման Աբրամովիչըՙ 14.700 մլն (գումարները բերված են դոլարներով): Ակամա հիշում ես ռուսական թերթերից մեկի խայթիչ արտահայտությունըՙ նահանգապետ լինելուց լավ բիզնես չկա...
100-ից 30-ը միլիարդատերեր են: «Ամենաաղքատն» ունի 280 միլիոն: Ամենաջահելը 33 տարեկան է, ամենաահելըՙ 73: Ցուցակում կա իգական սեռի միայն մեկ ներկայացուցիչ, բայց ինչպիսի՜. Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինըՙ Ելենա Բատուրինան (1.400 մլն): Ինչպես տեսնում եք, քաղաքագլխի կին լինելն էլ վատ բիզնես չէ: Եթե բոլոր մեծահարուստների ունեցածը հանրագումարենք, կանցնի 141 միլիարդից:
Հնարավոր է, որ ռուսաստանցի շատ պաշտոնավարներ հանգիստ մրցեն միլիոնատերերի հետ, սակայն «Ֆորբսը» սկզբունքորեն առայժմ չի «հաշվում» նրանց փողերը, որովհետեւ դրանք անթափանց են: Այդուհանդերձ, ցուցակի մեջ մտնում են 7 սենատոր, Պետդումայի 5 պատգամավոր եւ 2 պրեզիդենտ: Շատ քիչ բան է փոխվում այն իմաստով, որ մեծահարուստների գերակշիռ մասը հարստությունը կուտակում է Ռուսաստանի ազգային հարստությանՙ բնական պաշարների շահագործման միջոցովՙ նավթ, գազ, ածուխ, անտառ, մետաղ եւ այլն: Շատ քիչ են նրանք, ովքեր փորձում են զարգացնել արդյունաբերության ճյուղերը, արմատավորել նորագույն տեխնոլոգիաներ: Այլ խոսքով, Ռուսաստանը դեռեւս չունի իր Ուիլյամ Գեյթսը:
Համարում հետաքրքրական շատ տվյալներ կան մեծահարուստների ունեցվածքի, անձնական կյանքի, նախասիրությունների մասին եւ այլն: Սակայն, կարծում եմ, նվազ ուշագրավ չեն այդ անձանց վերաբերյալ անցկացված հասարակական հարցումների արդյունքները: Ռուսաստանցիների մեծ մասը գտնում է, որ երկրի տնտեսական կյանքի վրա ունեցած ազդեցության լծակները ներկայիս գործարար ընտրախավին բաժին են ընկել ոչ թե սեփական ջանքերի, այլ այն բանի շնորհիվ, որ նրա ներկայացուցիչներն «անհրաժեշտ պահին հայտնվել են անհրաժեշտ տեղում»: Այսինքնՙ բնակչության աչքում նրանք ոչ թե ձեռներեցներ են, որոնք հաջողության են հասել իրենց աշխատանքի ու տաղանդի շնորհիվ, այլ «քաջնազարներ», որոնք կարողացել են իրենց բաժինը գռփել նախ եւ առաջ պետական սեփականությունը կոպեկներով ձեռք գցելու, բնական պաշարներն անօրինականորեն ու անարդարացիորեն իրենց մատչելի դարձնելու միջոցով:
Շատ ռուսաստանցիների համար այդ մարդիկ ապրում են «Լուսնի վրա». նրանց ապրելակերպն այնքան է հեռու ու կտրված առօրյա կյանքից, որ հաստաքսակները սովորական մարդու համար վերածվում են անցանկալի երեւակայական էակների: Հակակրանքը հասնում է այն աստիճանի, որ մարդիկ չեն հավատում նաեւ միլիոնատերերի բարեգործական նախաձեռնություններինՙ Ռուսաստան վերադարձնել Ֆաբերժեի ձվերը, աջակցել Մեծ թատրոնին եւ այլն: Նման գործողություններն ընկալվում են որպես աչքակապության փորձերՙ նվաճել իշխանության բարեհաճությունը, խուսափել պատասխանատվությունից, պահպանել ապօրինաբար յուրացվածը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա