ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղից ստացված տեղեկության համաձայն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ «Նուվել դ՛ Արմենի» հանդեսը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգիչ խորհրդի աջակցությամբ մայիսի 24-ին Փարիզի 9-րդ շրջանի թաղապետարանում կազմակերպում են բանավեճ: Այն նվիրված է Եվրոսահմանադրության առթիվ մայիսի 29-ին Ֆրանսիայում կայանալիք հանրաքվեին: Գլխավոր բանախոսներն են քաղաքագետ, «Մեծ թուրքը» եւ «Վենետիկի հանրապետությունը» գրքերի հեղինակ Սիլվի Գուլարը եւ իրավաբան, Սորբոնի համալսարանի եվրոպական եւ միջազգային իրավունքի պրոֆեսոր Կատրին Քեսեջյանը:
Հանրաքվեից առաջ կազմակերպվող այս բանավեճը ֆրանսահայերի համար եվրոսահմանադրության դրական եւ բացասական կողմերը հրապարակավ քննարկելու վերջին հնարավորությունն է:
Մինչ հայերը հարաճուն ակնկալիքներ ունեն եվրոպական կառույցներից, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ առհասարակ հակահայ քաղաքականություն է վարում: Եվրոմիության պետությունները, սակայն, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների օրակարգում չեն դնում Ցեղասպանության ճանաչման հարցը, իբր չնկատելով համաեվրոպական արժեքների եւ թուրքական կառավարության դիրքորոշման բացահայտ հակասությունը:
Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանց մեջ եվրոսահմանադրության հակառակորդների թիվը, ըստ վերջին հարցումների, 51 տոկոսից փոքր-ինչ ավելի է:
Պ. Ք.