«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2005-05-20 | #92, 2005-05-21 | #93, 2005-05-24


ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՁԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԳՄ XIV համագումարի երկրորդ օրն աննախադեպ հաջող ընթացք ունեցավ: Այս միջավայրին անհարիր զարմանալի հանդարտություն ու հանգստություն էր տիրում, առանց ավելորդ կրքերի ու հուզումների: Մինչ նախագահի եւ վարչության անդամների ընտրությունը, եղան ելույթներ, որոնք հիմնականում դրվատանք արտահայտեցին նախագահի գործունեության մասին եւ իրենց համակրանքըՙ Գրողների միության նախընթաց քաղաքականության նկատմամբ: Գրական հարցեր շոշափելուց զատ, անդրադարձ արվեց հասարակական կյանքին նույնպես, մասնավորապես օրախնդիր դարձած մշակութային օջախների նկատմամբ իրականացվող քաղաքականությանը: Ավիկ Իսահակյանն իր զայրույթն արտահայտեց մտավորական շերտի նկատմամբ սկսված լայնաթափ ջարդի առիթով, որ սպառնում է ոչ միայն զուտ մշակույթին, այլեւ մեր ազգային ինքնությանը, անդրադառնալով Ավ. Իսահակյանի արձանի շուրջ ծայր առած սրճարանային տոնավաճառներին, Իսահակյանի անվան գրադարանի շենքի, Պանթեոնի շուրջ ծավալվող առեւտրային գործարքներին եւ արդեն մեծ խուճապ առաջացրած ու հույժ անբարոյական այն քայլին, որ փորձում են իրականացնել Ազգային պատկերասրահումՙ վերջինս «հարստացնելով ռեստորանախանութային» խայտառակ ավելցուկով:

Համագումարին իր ելույթով եւ կեցվածքով առանձնացավ արձակագիր Լեւոն Խեչոյանը, որն ըստ էության գրողական միջավայրի համահարթեցման դեմ էր եւ կարեւորեց գաղափարական համակիր գրողական նոր ասոցիացիայի գոյության անհրաժեշտությունը: Այս դիրքերից արտահայտվեց նաեւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը, որ բանաստեղծական տարածքներում որոշել է բնակեցնել լեզվական ազատության շատ առօրյա իրողություններ:

ՀԳՄ նոր կանոնադրության քննարկմանը հետեւեց նախագահի եւ համապատասխան գրական սեկցիաների առաջադրած 51 անդամից բաղկացած վարչության ընտրությունները: Առաջարկված բաց ընտրությունների ընթացքում տառացիորեն 1-2 րոպեում ձայների 1 դեմով (Լեւոն Խեչոյան) նախագահ ընտրվեց Լեւոն Անանյանը, նմանապես բաց քվեարկությամբ ընտրվեց վարչության կազմը:

Կարծիքներ կային, թե այս դյուրընտրության պատճառը միության նախագահի պաշտոնի նկատմամբ հետաքրքրության նվազումն է կամ նախագահի գրող չլինելու հանգամանքը, սակայն կարելի է փաստել, որ Լեւոն Անանյանի հաջողությունն իր կազմակերպչական կարողությունների եւ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու ճկունության մեջ է, որ հնարավորություն է տալիս ամենատարբեր նկարագրի, տաղանդի ու հայացքների տեր գրողների հետ հնարավորինս ներդաշն աշխատել: Եվ առհասարակ ստեղծագործական միությունները, գրողներինը եւս, կոչված են կազմակերպչական, սոցիալական, հրատարակչական հարցեր լուծելուն, տաղանդի, ստեղծագործական հարցերը դուրս են այս տիրույթի բուն ֆունկցիայից: Սակայն դա չի նշանակում, թե պետք է անտեսվեն գրական չափանիշներըՙ համահարթեցման տխուր վիճակ ստեղծելով: Այս համատեքստում կարեւորվում է գրական մամուլի դերը, ինչպես է կատարվում ընտրությունը, այսօրվա գորշ միջակության ներկայացումը «Գրական թերթի» էջերում գրական կյանքի զարգացումը կասեցնում է: Այսօր տպագրության հնարավորության ազատությամբ, գրական խիստ չափանիշների անտեսման պարագայում ոչ միայն զուտ գրական ճաշակն է ոչնչանում, նաեւ արվեստի ճշմարիտ արժեքները:

Գրական արտադրանքի որակից, չափանիշներից զատ, կարեւոր հարց է գրողի, որպես հասարակության ընտրյալ անհատի ակտիվության եւ նրա առաջադեմ ներգործության դերը հասարակության վրա: Նորընտիր նախագահ Լեւոն Անանյանի կարծիքով, գրողն իր ներքին արժանապատվությամբ, գրահրատարակչական գործունեությամբ եւ հասարակական դերի առումով կարծես թե վերականգնվել է, առաջիկա խնդիրը գրական մամուլի եւ գրաքննադատության միասնական աշխատանքով գրականության սանդղակը «քրիստոնեական վիճակի» բերելն է, նաեւ գրական գործընթացների մեջ ներգրավելը ինքնամեկուսացված, տաղանդավոր մարդկանց: Ինչ վերաբերում է Լեւոն Խեչոյանի ընդդիմադիր կեցվածքին, պրն Անանյանն այսպես արտահայտվեց. «Նրա ելույթը գնահատում եմ իբրեւ միությունում տեղի ունեցող պրոցեսներից այնտեղյակ մարդու խոսքեր, եւ գնահատում եմ այդ անտեղյակությունը, որովհետեւ նա իր գիրքն է գրում: Ես այս տարիներին ստեղծել եմ հնարավորություններ եւ շատ ջանք եմ դրել, որ «Հր. Մաթեւոսյանի մրցանակը» բազմաթիվ հավակնորդների մեջ իրեն տրվի, 4 տարի առաջ առաջարկեցի քարտուղարի պաշտոնը, հրաժարվեց: Լեւոնը շարունակում է մնալ իմ ընկերը, սա գաղափարների պայքար է եւ այս հարցերը ես համարում եմ գրական էսթետիկայի խնդիրներ, որը կապ չունի մարդկային փոխհարաբերությունների հետ»:

Երեկ ՀԳՄ նորընտիր վարչության անդրանիկ նիստում ընտրվեցին ՀԳՄ նախագահություն եւ վարչության քարտուղարներՙ Դավիթ Մուրադյան, Էդվարդ Միլիտոնյան, Հովհաննես Գրիգորյան:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4