Բաքվի իշխանությունները հունիսի 4-ին էլ են «ցրելու» ընդդիմության ցույցը
Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմն իր ափսոսանքն է հայտնել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվի իշխանությունների գործողությունների կապակցությամբ: Մայիսի 21-ին իրավապահ մարմինները թույլ չտվեցին Բաքվում ընդդիմության հանրահավաքըՙ ձերբակալելով մի քանի տասնյակ ցուցարարների, որոնց մի մասը շարունակում է մնալ անազատության մեջ:
«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ Ադրբեջանի կառավարությունը մերժել է հանրահավաք անցկացնելու ընդդիմության խնդրանքը: Ցավալի է նաեւ, որ ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքողների փոքր խմբին ցրելու եւ չարտոնված հանրահավաքի մասնակիցներին ձերբակալելու նպատակով», «Մեդիամաքսը» մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերի խոսքերը:
«Մենք վճռականորեն պաշտպանում ենք մարդկանց խաղաղ եւ ազատ ժողովներ անցկացնելու իրավունքը, ինչը ժողովրդավարական գործընթացի բնական մասն է», ասել է Բաուչերըՙ Բաքվի իշխանություններին հորդորելով անհապաղ պատշաճ իրավական գործընթաց ապահովել ձերբակալվածների համար: Նա նաեւ ասել է, որ հանրահավաքի անցկացման նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ մասնակիցների ձերբակալումը չեն համապատասխանում մայիսի 11-ին նախագահ Ալիեւի ստորագրած խաղաղ ժողովներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքի դեկրետին:
Բաքվի իշխանությունները, սակայն, չեն պատրաստվում հետեւել Վաշինգտոնի ցուցումներին: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը սպառնացել է, որ իշխանությունները խոչընդոտելու են հունիսի 4-ին նշանակված հանրահավաք-երթին, որն, ինչպես մայիսի 21-ինը, կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմության այսպես կոչված արմատական թեւըՙ «Մուսավաթը», «Ժողճակատը» (բարեփոխիչները) եւ «Դեմկուսը»:
Հասանովն ասել է, որ հանրահավաք անցկացնելով արմատական ընդդիմությունը բոլորովին էլ նպատակ չունի հասնելու ժողովրդավարական բարեփոխումների: «Եթե իշխանությունները տեսնեին, որ նրանք իրենց մտադրություններում ազնիվ են, ապա կմիանային ընդդիմության հանրահավաքին: Ցավոք, սակայն, այդպես չէ: Ընդդիմության նպատակն է միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալը, ինչը թույլ չի տա Ադրբեջանի կառավարությունը», ասել է նա, հավելելով, որ Բաքվի իշխանությունները մտադիր են մինչեւ վերջ պաշտպանել պետության ազգային շահերը:
Վերջին 8 ամիսներին արդեն երկրորդ դեպքն է, երբ Վաշինգտոնը հրապարակավ իր ափսոսանքն է հայտնում Ալիեւ կրտսերի վարչակազմին: 2004 թ. սեպտեմբերին պետքարտուղարությունը քննադատել էր Բաքվի իշխանություններին (կրկին «խոր ափսոսանքի» տեսքով), քանի որ նրանք թույլ չէին տվել մի քանի հայ սպաների մուտքը Բաքու:
Երբ 2003 թ. հոկտեմբերի 15-ին եւ 16-ին Իլհամ Ալիեւը ֆիզիկապես եւ հոգեբանորեն ջարդուփշուր արեց ընդդիմությանը, Մ. Նահանգները շատ ավելի հանդուրժող էր: Բաքվում ԱՄՆ դեսպանն անգամ հայտարարեց, որ նախագահի ընտրություններն անցել են ժողովրդավարության մթնոլորտում: Ավելորդ չէ հիշեցնել, որ այդ օրերին տուժեց 71 լրագրող, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ ձերբակալվեցին եւ բանտարկվեցին:
Մայիսի 21-ի ընդդիմության ցույցը ցրելու իրենց որոշումը Ադրբեջանի իշխանությունները բացատրել էին այսօր նախատեսված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկման արարողությունից առաջ իրավիճակի ապակայունացման մտավախությամբ: Այս առնչությամբ Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Ստեյնար Հիլը դատապարտել է Բաքվի իշխանություններին եւ ասել, որ մայիսի 21-ի բռնությունը միայն վատթարացրել է իրավիճակը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ