«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2005-05-21 | #93, 2005-05-24 | #94, 2005-05-25


ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ

ԼՂՀ-ում ընտրական գործընթացն արդեն մտել է ամենաակտիվ փուլի մեջ` սկսվել է նախընտրական քարոզչությունը: Մեծամասնական կարգով հայտ ներկայացրած 125 թեկնածուից գրանցվել է 111 հոգի, ընդ որումՙ 15 թեկնածու ինքնաբացարկ է տվել կամ սահմանված ժամկետում փաստաթղթերը չի ներկայացրել, իսկ մեկ հոգու ԿԸՀ-ն չի գրանցել ժամկետները խախտելու պատճառաբանությամբ: Համամասնական կարգով գրանցվել են 6 կուսակցություն եւ մեկ դաշինքՙ ճիշտ այնքան, որքան առաջադրվել էին:

ԿԸՀ վերջին նիստում որոշում է ընդունվել Արցախի հանրային հեռուստառադիոյով վճարովի եթեր տրամադրել նաեւ մեծամասնական կարգով գրանցված թեկնածուներին, թեպետ նախապես կար որոշումՙ եթերից օգտվելու հնարավորություն տալ միայն կուսակցություններին: Այդպես պահանջում է ընտրական օրենսգիրքը, սակայն ԿԸՀ-ում քննարկելով այդ հարցըՙ նպատակահարմար է գտնվել բոլոր 111 մեծամասնականներին եւս թույլատրել, որպեսզի յուրաքանչյուրը 10-ական րոպե վճարովի հեռուստառադիոեթերից օգտվի: Ղարաբաղում կա միայն մեկ հեռուստատեսություն, ուստի մեծամասնականների համար դա պարզապես ընձեռված շռայլություն է, մանավանդ որ ԼՂՀ-ում գործող մասնավոր ռադիոկայաններին արգելված է մասնակցել քարոզչական գործընթացին: Այլ հարց է, թե արդյոք պատգամավորության բոլո՞ր թեկնածուներն են վճարունակ այս հարցում:

Ինչ մնում է կուսակցություններին, ապա նրանք հնարավորություն ունեն 60 րոպե անվճար եւ 90 րոպե վճարովի եթերային ժամանակահատվածում քարոզչություն ծավալելու: Վիճակահանություն է արվել բոլոր կարգի թեկնածուների հեռուստաելույթների հերթականությունը ճշտելու համար, եւ արդեն մեկ շաբաթ Արցախի հանրային հեռուստատեսությունը վերածվել է յուրօրինակ պայքարի դաշտի: Ընդ որումՙ առայժմ ելույթների գլխավոր նյութը իշխանությունների քննադատությունն է կամ պարզապես քննադատությունՙ առանց մատնանշելու կոնկրետ հասցեն, նայած թե ելույթ ունեցողը ինչ քաղաքական ուժ կամ հոսանք է ներկայացնում: Այն տպավորությունն է ստեղծվում, թե ԼՂՀ ապագա խորհրդարանի անդամի մանդատին հավակնողները առավելապես քննադատության մեջ են տեսնում ժողովրդի վստահությունը ձեռք բերելու բանալին, իհարկե, չմոռանալով ընտրողին ներկայացնել նաեւ խոստումների սեփական ցանկը:

Դատելով ոչ պաշտոնական արձագանքներից, առայժմ քարոզչությունն ընթանում է պատշաճության սահմաններում, սակայն ընտրապայքարի լարվածության աճն ակնհայտ է: Ինչպիսի՞ն կլինի հետագա ընթացքըՙ տրամադրվենք լավատեսորեն, մանավանդ որ հունիսի 19-ին կայանալիք ընտրություններին հետեւելու են նաեւ մեծ թվով դիտորդներ, ինչպես տեղացի, այնպես էլ տարբեր երկրներից ժամանած:

Արցախի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցի ժամանակ ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, որ հրավերներ են ուղարկվել տարբեր միջազգային կառույցների ու անհատների, որոնց մի մասն արդեն դրական է արձագանքել:

Ամենաուշագրավն ու նկատելին այն է, որ ԼՂՀ-ում թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը շահագրգռված են խորհրդարանական ընտրություններն անցկացնելու ազատ, արդար եւ թափանցիկ, քանզի բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ ժողովրդավարությունն Արցախում իսկապես այլընտրանք չունի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4