«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2005-05-21 | #93, 2005-05-24 | #94, 2005-05-25


ՎԱՐԱՐԱԾ ԳԵՏՈՒՄ ԽԵՂԴՎԵՑԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ՈՒ ՍԱՆԸ

Չնայած անձրեւաշատ գարնանըՙ լուրջ հեղեղումներ այս տարի Արցախում չեն եղել: Այդուհանդերձ, գետի վարարումների զոհ են դարձել երկու հոգի:

Մայիսի 18-ին Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի մոտակայքում, Կարկառ գետն անցնելու ժամանակ, վարար ջրի հոսանքը քշել, տարել է նույն գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Միքայելյանին: Դպրոցականներին ուղեկցող ուսուցչուհինՙ Լիլիթ Գրիգորյանը (ծնված 1982 թ.) փորձել է փրկել խեղդվող աշակերտուհուն, սակայն ինքն էլ զոհ է գնացել գետի փրփրած ալիքներին:

Աշակերտուհու դիակը փրկարարները հայտնաբերել են նույն օրըՙ դեպքի վայրից մոտ հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ծանծաղուտում, իսկ ուսուցչուհու դիակը գտնվել է միայն հաջորդ օրըՙ Աղդամի տարածքը հատող մասի ծանծաղուտում:

Ինչպես «Ազգի» թղթակցին հայտնեցին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության լրատվական ծառայությունում, ընթացիկ տարում դա առաջին դժբախտ պատահարն է, իսկ անցյալ տարի նման դեպք հանրապետության տարածքում չի գրանցվել:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4