Թուրքիայի արդարադատության նախարարի այս հայտարարությամբ հետաձգվում է Ստամբուլում Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված գիտաժողովը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Նախորդ համարում «Ազգը», անդրադառնալով «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովին, որը մայիսի 20-27-ը պետք է հրավիրվեր «Բոսֆորի» համալսարանում, մատնանշել էր դրա շուրջը Թուրքիայում բորբոքվող կրքերի մասին: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ «Բոսֆորի» համալսարանը Ստամբուլի նախկին Ռոբերտ քոլեջն է: Գիտաժողովի կազմակերպմանը Մուրադ Բելգեի գլխավորությամբՙ «Բիլգի», իսկ Հալիլ Բերքթայի ու Սելիմ Դերինգիլի գլխավորությամբ համապատասխանաբար մասնակցում էին նաեւ «Սաբանջի» եւ «Բոսֆորի» համալսարանների դասախոսները:
Թուրքական մամուլում «այլընտրանքային» կոչվող այս գիտաժողովին որպես զեկուցող եւ քննարկումների մասնակից մեծապես հրավիրվել էին այն գիտնականները, որոնք, «Միլիեթի» բնութագրմամբ, «քննության են ենթարկում 1915 թ. իրադարձությունների եւ տեղահանության» վերաբերյալ թուրքական պետության թեզը: Մասնակիցների ընտրության պատճառով գիտաժողովի կազմակերպիչներին դատապարտել էին «Գալաթասարայի» համալսարանի պրոֆ. Իլբեր Օրթայլըն, Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, ինչպես նաեւ նախկին դեսպան, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շյուքրու Էլեքդաղըՙ չմոռանալով նրանց անձնական վիրավորանք հասցնել եւ մեղադրել Հայոց ցեղասպանության հարցում «հայկական սփյուռքի դիրքերը պաշտպանելու մեջ»:
Դատապարտման, վիրավորանքի եւ մեղադրանքի պայմաններում միանգամայն տրամաբանական էր գիտաժողովի շուրջը կրքերի բորբոքումը: Մայիսի 24-ին, երբ թուրքական կենտրոնական թերթերը հրապարակման էին պատրաստում այս ամենին վերաբերող նյութերը, ահա բորբոքված կրքերը Մեջլիսի լիագումար նիստում էլ ավելի էին բորբոքվում: Դրա պատճառ են դառնում գիտաժողովի վերաբերյալ Էլեքդաղի ու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Ռամազան Թոփրաքի ելույթներին արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի պատասխանը:
Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, Ժողովրդա-հանրապետական Էլեքդաղը նշում է, որ գիտաժողովը կազմակերպվել է Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելու նպատակով, իսկ «Բոսֆորի» համալսարանը գործիք է դարձել հայկական քարոզչության համար: Թոփրաքը լրացնում է նրան. «Կարո՞ղ եք պատկերացնել թուրքական թեզը հաստատող որեւէ գիտաժողովի կազմակերպումը Հայաստանում, Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում: Իսկույն դատական հետաքննություն կսկսեն ձեր դեմ: «Բոսֆորի» համալսարանի արածն անպատասխանատվության դրսեւորում է»:
Նույն աղբյուրի համաձայն, երկու պատգամավորներն էլ Մեջլիսի ամբիոնից դիմելով բարձրագույն ուսուցման խորհրդի նախագահ Էրդողան Թեզիչին, կոչ են արել կատարել համալսարանի ռեկտորի դեմ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու իր պարտականությունը: Պատասխան ելույթով ամբիոնին է մոտեցել նախարար Չիչեքը: Ահա թե ինչ է ասել նա. «Աշխարհում չկա թուրքերի պես ձեռքն ու խիղճը մաքուր մեկ այլ ազգ: Դրա վկայությունը մեր պատմությունն է, արխիվներն են: Այսօր, երբ Շվեյցարիայի պես երկրներում ոտնահարվում է (թուրքերը ցեղասպանություն չեն կատարել) ասելու ազատությունը, մեր հասարակական կազմակերպություններից շատերը քրեական նոր օրենսգրքի առնչությամբ բացականչում են, թե երկրում ազատություն չկա: Մինչդեռ կար: Դա մեր ազգին թիկունքից դաշունահարելու ազատությունն էր, նրան զրպարտելու ազատությունը: Պետք է բոլորը հասկանան այս իրողությունը»:
«Միլիեթը», մասնավորապես «Զամանը» մայիսի 25-ի համարներում այլ մանրամասներ են հաղորդում նախարարի ելույթից: Ըստ թուրքական այս թերթերի, Չիչեքը շարունակել է. «Երբ մենք ազգովին եւ պետականորեն բուռն ջանքեր ենք գործադրում (հայկական պնդումների դեմ), ո՞րն է թիկունքից դաշունահարելու իմաստը: Այն, որ եթե դուք փորձեք համոզել որեւէ այլ երկրի պատգամավորներին, նրանք ձեզ կասեն. «Նախ դուք համոզեք «Բոսֆորի» համալսարանին եւ նրանց, ովքեր Բոսֆորի ափին այդպիսի ստեր են հորինում»: Հետեւաբար սա թուրք ազգին թիկունքից դաշունահարել է»:
Վերջում արդարադատության նախարարը գիտաժողովի նախաձեռնության առնչությամբ իրենց պարտքը կատարելու պահանջ է ներկայացրել անկախ կազմակերպություններին եւ ավելացրել. «Անհամբեր սպասում եմ, թե հիմա ինչպե՞ս է վարվելու բարձրագույն ուսուցման խորհուրդը եւ ի՞նչ է անելու «Բոսֆորի» համալսարանը: Սպասում եք դուք եւ մեր ողջ ազգը»:
Նույն օրը նախարարի ելույթից հետո «Բոսֆորի» համալսարանի ռեկտորատը հայտարարել է «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» թեմայով գիտաժողովի հետաձգման մասին: Հայտարարությամբ ռեկտորատն անընդունելի է համարել ընդամենը գիտական բանավեճի ծավալման նպատակ հետապնդող գիտաժողովի կազմակերպման համար համալսարանին զրպարտությունների ենթարկելը եւ տարակուսանքով ընդգծել. «Մեզ լրջորեն մտահոգում է այն, որ դեռեւս չհրավիրված գիտաժողովի բնույթի մասին կանխակալ եզրակացությունները լուրջ հարված են պետական կարգավիճակ ունեցող համալսարանի գիտական ազատ գործունեությանը»:
Գիտաժողովի կազմակերպման հանձնաժողովի անդամ Հալիլ Բերքթայը դատապարտել է Ջեմիլ Չիչեքինՙ նրա ելույթը համարելով անփառունակ արդարադատության նախարարի համար եւ շարունակել. «Կարծում եմ, գիտաժողովը հետաձգելու որոշումը մեծապես պայմանավորված է Թուրքիայի ազգային մեծ ժողովում արդարադատության մեծարգո նախարարի երեկվա ելույթով: Կազմակերպման հանձնաժողովը լրացուցիչ հայտարարություն կանի գիտաժողովի հրավիրման տեղի եւ ժամանակի մասին»:
Նրան է միացել հանձնաժողովի մեկ այլ անդամ Մուրադ Բելգենՙ մասնավորապես նշելով. «Թե ինչ է կատարվել անդրկուլիսում, տեղյակ չեմ: Պարզապես գիտեմ արդարադատության նախարարի վերին աստիճանի անվայել խոսքերը: Նման ելույթի ընդունակ անձնավորության նշանակումն արդարադատության նախարարի պաշտոնում խիստ մտահոգիչ է: Թուրքիայում ներքին օգտագործման համար ասում են. «Մենք այդպիսի բան (ցեղասպանություն) չենք արել: Ով որ հակառակն է պնդում, հռչակվում է հայրենիքի դավաճան: Մենք հասել ենք ընտրություն կատարելու սահմանագծին: Ո՞ր Թուրքիան է նպատակահարմարՙ մարդկանց պիտակավորո՞ղ, թե՞ դեպի քաղաքակիրթ եւ ժողովրդավարական աշխարհ ձգտող Թուրքիան»: