«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2005-05-25 | #95, 2005-05-26 | #96, 2005-05-27


ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԿՈՂՄԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԽԻՋԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ԵՐԿԱԹԳԾԻ ՈՒ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋԸ

Երեւանի արձագանքը. «Բաքվում իրականության հետ կապ չունեցող հերթական հայտարարությունն են անում»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի արտգործնախարարը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Պրահայի գործընթացի շրջանակներում քննարկվել են խաղաղ կարգավորման ստույգ մանրամասներ, ընդ որում «երկխոսության ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից է տրանսպորտային եւ հաղորդակցության խնդիրը»: Մամեդյարովն ասել է, որ քննարկվում են ոչ միայն Լաչինի միջանցքիՙ որպես անվտանգ տրանսպորտային ուղու օգտագործման, այլեւ Նախիջեւան-Մեղրի երկաթգծի եւ ավտոմայրուղու բացման հարցերը:

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Բաքվում իրականության հետ կապ չունեցող հերթական հայտարարությունն են անում: Արտգործնախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա «Ազգին» ասաց, որ Բաքվում արվող նման մեկնաբանությունները խոչընդոտ են ղարաբաղյան հարցի իրական համաձայնության հասնելու ճանապարհին: Դիվանագետը կարծիք հայտնեց, որ նմանօրինակ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, «ըստ երեւույթին Ադրբեջանի իշխանությունները ներքին խնդիրներ ունեն»:

Դիվանագետն ասաց նաեւ, որ իրականության հետ կապ չունեցող նմանօրինակ մեկնաբանություններով Բաքուն հավելյալ խնդիրներ է ստեղծում հենց ներքին լսարանի համար, քանի որ երբ հայտնի դառնան բանակցությունների մանրամասները կամ կողմերը մոտ լինեն կարգավորման համաձայնագիր ստորագրելուն, նույն իշխանությունները սեփական ժողովրդի առաջ ստիպված կլինեն արդարացումներ գտնել:

«Բաքուն իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ անելը դարձրել է տակտիկա», ասաց նա: Նախագահների վարշավյան հանդիպումից հետո նույն Մամեդյարովն ադրբեջանցի լրագրողներին ասել էր, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնել «Ադրբեջանի գրավյալ 7 շրջանները»: Նա նաեւ նշել էր, որ ճշտվում են «գրավյալ տարածքները վերադարձնելու ժամկետները»:

Պաշտոնական Երեւանը հերքեց Մամեդյարովի հայտարարությունները, իսկ Բաքվի թերթերը հեգնեցին իրենց արտգործնախարարի ձեւակերպումները: Մամեդյարովի հայտարարությունն ըստ էության հերքեց նաեւ ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը. «Ի՞նչ է նշանակում Հայաստանը պատրաստ է: Զորքերի դուրսբերման հարցը քննարկվում է: Հայաստանը կասկածի տակ չի դնում այդ սկզբունքը, որ ԼՂ շրջակա շրջաններից հայկական զորքերը դուրս են բերվելու: Սակայն դեռեւս չկա պայմանավորվածություն դուրսբերման պայմանների, կարգի, ժամկետների, ընդհանուր առմամբՙ մանրամասների վերաբերյալ»: Մերզլյակովը հավելել էր, որ զորքերի դուրսբերումը «վաղվա կամ հաջորդ օրվա հարց չէ»:

ԼՂՀ արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ «տարածքների վերահսկողությունը ԼՂՀ իշխանությունների գործն է»: Արման Մելիքյանը, ըստ «Մեդիամաքսի» ասել է, որ «այսօր անիմաստ է խոսել տարածքների կամ զորքերի վերատեղակայման մասին», քանի որ «այս հարցի շուրջ որեւէ պայմանավորվածություն չկա»: Տարածքների եւ դրանցից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին հայտարարությունները Մելիքյանը որակել է «ադրբեջանական կողմի համար ցանկալի», սակայն իրականությանը չհամապատասխանող:

«Ազգի» հետ զրույցում հայ դիվանագետը նշեց, որ դեռեւս ճշտված չեն Հայաստանի արտգործնախարարի եւ միջնորդների առաջիկա հանդիպման ժամկետները: Նախատեսվում է միջնորդների առանձին հանդիպում նախ Ադրբեջանի, ապա Հայաստանի արտգործնախարարի հետ, որից հետո հնարավոր է Օսկանյան-Մամեդյարով հանդիպում: Ենթադրվում է, որ այդ հանդիպումներից հետո միայն միջնորդները հուլիսին կժամանեն տարածաշրջան:

«Արդեն նախարարների հանդիպման անհրաժեշտություն կա, քանի որ մեզ համար նոր դաշտ է բացվել նախագահների վարշավյան հանդիպումից հետո, եւ մենք արդեն խոսելիք եւ աշխատանք ունենք անելու», մայիսի 19-ին Հ1-ին տված հարցազրույցում ասել էր Օսկանյանը: Նախարարը նշել էր, որ ուշ կամ շուտ պետք է կարգավորման փաթեթի բոլոր տարրերին անդրադառնալՙ ընդսմին առանձնացնելով չորս խումբ. կարգավիճակ, տարածքներ, փախստականներ եւ անվտանգության խնդիրներ:

Օսկանյանը նույն հարցազրույցում պնդել էր, որ Հայաստանի համար կարեւորագույնՙ կարգավիճակի հարցում նախագահների վարշավյան բանակցություններից հետո «իսկապես որոշ դրական տեղաշարժ» է արձանագրվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4