«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2005-05-25 | #95, 2005-05-26 | #96, 2005-05-27


ՀՈՒՇԱՐՁԱՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սխալվում ենք, երբ հնագույն կիսավեր կառույցների, վանքերի կամ եկեղեցիների պահպանության լավագույն միջոցը դրանց վերակառուցումն ենք համարում: Քաղաքակիրթ աշխարհում շատ վաղուց հուշարձանների պահպանության քննարկումների խնդիրն է հարգել դրանց ճարտարապետական մթնոլորտը, կառուցվածքը, պատմությունը, պահպանել մշակութային անցյալի այդ ժառանգությունըՙ չաղարտելով նախնական տեսքը:

Անցած ամսին ԳԱ Ակադեմիայում տեղի ունեցած «Հուշարձանների հիմնավոր պահպանությունը» գիտաժողովին ներկայացվեց հայ եւ իտալացի ճարտարապետների համագործակցությամբ ուսումնասիրությունների մի փաստաթուղթ, որում ամփոփված էին Հայաստանիՙ որպես զբոսաշրջության վայրի նկատմամբ արտասահմանցիների հետաքրքրությունների հետազոտության արդյունքները: Այդ մասին տեղեկություններ հաղորդեց Իտալիայի հայկական մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի ճարտարապետության մասնագետ Գայանե Կազնատին: Մեր հանդիպման ժամանակ իրեն մեկ քառորդով հայուհի համարող (պապիկըՙ Օնիկ Մանուկյանը, հայ է) Գայանե Կազնատին իտալական արտաբերումով, քիչ անսովոր, բայց քաղցրահունչ հայերենով պատմեց Հայաստանում «Քարեդարան» ՀԿ-ի հետ իրենց կատարած աշխատանքների մասին:

Մուրադ Ռաֆայելյան վարժարանի գրադարանում այժմ գործող Հայ արվեստի ուսումնասիրության կենտրոնը դեռեւս 1960-ական թվականներից է իր գործունեությունը սկսել, որի ակունքներում կանգնած էին հայ եւ իտալացի մասնագետներ, այդ թվում նաեւ Գայանեի մորեղբայրըՙ ճարտարապետ Արմեն Մանուկյանը: Այդ ժամանակներից սկսած մինչ այսօր հիշյալ հաստատությունը հայ արվեստին նվիրված բազմաթիվ գիտաժողովներ եւ էքսպոներ է կազմակերպել տարբեր երկրներում: Հիշարժան է հատկապես նրանց հրատարակչական գործունեությունըՙ 23 հատորով հայ ճարտարապետությանը նվիրված գունատիպ գրքերով: Այժմ հրատարակության է պատրաստվում 1895-1923 թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթային մի ժողովածու:

Առաջին անգամ իտալացի ճարտարապետների հետ Արմեն Մանուկյանը Հայաստան այցելել է 1967 թ., կատարել ուսումնասիրություններ, չափագրումներ: Գայանեն Հայաստան եկավ 1987-ին, 1989-ին Վենետիկի համալսարանի մասնագետների հետ չափագրումներ են կատարվել Երերուքի տաճարում, 1991-ինՙ Մարմաշենի եկեղեցում, որից հետո սկսվել են աշխատանքները: Ֆինանսավորումը կատարել է «World Monument found»-ը, աջակցություն են ցուցաբերել իտալահայ մի քանի ընտանիքներ, Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի պրոֆեսորները, որոնք անհատույց աշխատանքներ են կատարել, համապատասխան գործիքներ նվիրել: 2003-ին Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց Մարմաշենի եկեղեցու բացումը:

Այլ էր մեր քրիստոնեական ճարտարապետական արվեստի հրաշալի կոթողներից մեկիՙ Երերուքի ճակատագիրը. կիսավեր հուշարձանը Անի Պեմզայի երկրաբանական պայթեցումներից վնասվել էր եւ 1998-ին «Ժամանակավոր զարգացումներ» ծրագրի աջակցությամբ կատարված երկաթաձողերով պատերի ամրացման աշխատանքները եկեղեցին փրկեցին փլուզումներից, որը, սակայն, ուժեղ երկրաբանական ցնցումներին հնարավոր է եւ չդիմակայի: «Մենք հիմնավոր ուսումնասիրում ենք այս հնարժեք կառույցի բոլոր մանրամասները, ավելի թույլ հատվածները եւ աշխատում ենք հատկապես եկեղեցու արեւմտյան ճակատն ամրացնել: Վերջերս Բջնիում առաջարկեցին մեկ ամբողջական պատ քանդել ու նորը վերականգնել, սակայն մենք երկաթաձողերով ամուր կապեցինք ու շինանյութ (կիր) սրսկեցինք. ցեմենտ չենք օգտագործում, որովհետեւ այստեղի ցեմենտի մեջ աղերը շատ են, որոնք քայքայում են եւ օգտակար չեն: Աշխատանքները հիմնականում ավարտված են նաեւ Հովհաննավանքում, ֆինանսական օգնությամբ ավելի կարագացվեն:

Մենք ուզում ենք հարգել հուշարձանը, որ պահպանվի եւ մնա հարազատ իր ժամանակին, եթե քարերը փոխեն, վերաշինեն, նոր շենք կդառնա»:

Գայանե Կազնատին Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետական բաժնի շրջանավարտ է, վերանորոգման մասնագետ, արմատներով հայ է, այստեղՙ Երեւանում աշխատում է հայ մասնագետների եւ Միլանի պոլիտեխնիկի պրոֆեսորների եւ ուսանողների հետ: Սքանչելի ճարտարապետության կլասիկ ավանդույթների մթնոլորտում ապրող իտալացի մեր հյուրերը հայկական ճարտարապետությունը բարձր են գնահատում, սակայն «Նորավանքի վերանորոգումը (իբրեւ օրինակ) իտալացիների համար ընդունելի չէ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4