«Տրանսիլվանիայի հայ արմատներ» ընկերության նախագահ Շառլոտա Իշեկուցի հետ 10-օրյա այցով Հայաստան է ժամանել հունգարախոս հայերի առաջին խումբը, որը բերել է Տրանսիլվանիայի եւ Հունգարիայի հայ համայնքների պատմությունը ներկայացնող բազմաթիվ գրքեր, գիտական աշխատություններ: Դրանք ընկերությունը նվիրաբերել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային, Մատենադարանին եւ Ազգային գրադարանին: «Մենք բերել ենք մեր սրտի ջերմությունը հոգով մեր հայրենիքի հետ ենք եւ կամենում ենք նրա հետ մեր կապերն ամրապնդել», ասաց ընկերության նախագահը: Հունգարախոս հայերի նախնիները 1239 թվականին դուրս են եկել հայոց հին մայրաքաղաք Անիից եւ մի քանի դար տարբեր երկրներում թափառելուց հետո, 1672 թվականին ապրելու թույլտվություն են ստացել Տրանսիլվանիայում, ուր նրանք հիմնել են 2 քաղաքՙ Գեռլա եւ Եղիսաբեթուպոլիս: Տարիների ընթացքում հայերը կորցրել են հայրենի բարբառը, դարձել հունգարախոս, նրանք փոխել են նաեւ իրենց ազգանունները եւ գրեթե չեն տարբերվել հունգարացիներից մինչեւ 1993 թվականը, երբ Հունգարիայում ընդունվեց «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը: Հայերն ազգային մյուս փոքրամասնությունների պես գրանցեցին իրենց ազգային ինքնավարությունը եւ ստեղծեցին ինքնավարության ընտրովի մարմիններ գրեթե բոլոր քաղաքներում: (Ի դեպ, այդ կանոնադրությունը մշակվեց Երեւանում, այն ժամանակվա ՀՌԱԿ փորձագետների ջանքերով):Ստանալով պետական քաղաքական եւ դրամական աջակցություն, ինքնավարությունները ծավալել են կրթական-մշակութային եւ հրատարակչական գործունեություն: Հունգարահայերն ունեն ակումբ, հրատարակում են ամսաթերթ, գրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ եւ տարբեր միջոցառումներ:
«Հայաստան-Հունգարիա» արտասահմանյան ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանի ասելով, վերջին տարիներին սերտացել են 2 երկրների կապերը, կնքվել են համագործակցության պայմանագրեր:
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միությունում երեկ բացվեց ցուցահանդեսՙ նվիրված Մեծ եղեռնի 90-ամյակին: Ցուցադրվեցին «Տրանսիլվանիայի հայ արմատներ» ընկերության հիմնադիր անդամներից մեկիՙ Տիբոր Վակարի «Հայկական սիմֆոնիա» գծանկարները, որոնք նա ստեղծել է 60-ականներին, առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո, ինչպես նաեւ ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած օրացույցի լուսանկարները:
Հունգարահայերը բազմիցս դիմել են երկրի խորհրդարանինՙ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու խնդրանքով, սակայն որեւէ հաջողության դեռ չեն հասել: Նրանք հույս ունեն, որ առաջիկա տարիներին, գուցե եւ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության հարցն անպայման կմտնի խորհրդարան:
Վահրամ Մարտիրոսյանի թարգմանությամբ երեկ առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեց Յանոշ Պիլինսկու «Արգելված աստղի վրա» գիրքը, որի վրա թարգմանիչն աշխատել է մոտ 20 տարի: «Պիլինսկին որպես բանաստեղծ շատ մոտ էր ինձ, եւ ես սիրով թարգմանեցի նրան: Նա սակավախոս է, մակդիրներ չի օգտագործում, շատ հազվադեպ է համեմատություններ անում եւ առօրյա բառապաշարն օգտագործելով հասնում է զգացմունքային շատ մեծ խորության», ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ