«Մոսկվա» կինոթատրոնի բազմությունը հուսահատված էր
«Անցած օրեր» հուշագրության մեջ Շառլ Ազնավուրը «Վերադարձ ակունքներին» հատվածում պատմում է հայաստանյան իր առաջին հյուրախաղերի մասին: «Աստիճաններով իջնելիս ձեռքս խցկեցին մի մեծ ծաղկեփունջ: Արդեն իսկ շատ բան չէի տեսնում առատ տեղացող ձյան պատճառով, հիմա այլեւս ոչինչ: Ծաղկեփունջս խոթեցի դիմավորող կոմիտեի առաջին քարտուղարի գիրկն ու նրա այտերին երկու սառը շլմփոց դնելուց հետոՙ աշխատելով հետ չվերցնել անհարմարավետ նվերս, շրջվեցի դեպի պաշտոնյաները, որոնք եկել էին ինձ դիմավորելու բարի գալուստի խոսքերովՙ իհարկե, հայերեն, վրան էլՙ «Բարի եկաք ձեր տուն, ուրախ ենք, որ վերադարձաք»:
Ի՜նչ վերադարձ: Ես այստեղ երբեք ոտք չէի դրել...
...Հրմշտում էին, քաշքշում ավելի վատ, քան Օլիմպիայից դուրս գալիս... Ինձ մի կերպ խցկեցին մի մեծ սեւ «Լիմուզինի» մեջ, այն տեսակներից, որ օգտագործում էին կուսակցական կարկառուն ներկայացուցիչները:
...Օպերայի բեմի վրա դրված էին ամենամիջակ կարգի մի դաշնամուր ու մի Սթեյնուեյ, ինձ հատկացրել էին միջակը, քանի որ ես դասական արտիստ չէի:
...Երեւանում ուսանողներն օպերայի պատերին խզմզել էին. «Տեղերը կուսակցության համար են, սակայն Ազնավուրը մերն է»:
Հետաքրքրական է, հայաստանյան այս այցից եթե հուշեր գրելու լինի աշխարհահռչակ երգիչը, ինչպե՞ս կամ ի՞նչը պիտի հիշի երեկ «Մոսկվա» կինոթատրոնում Համահայկական երիտասարդական հիմնադրամի կազմակերպած եւ նրա աջակցությամբ տպագրված (թարգ.ՙ Համլետ Գասպարյան) իր նորընծա «Անցած օրեր» հուշերի գրքի շնորհանդեսային արարողությունից:
Օրեր շարունակ պարբերաբար հեռուստատեսությամբ հիշեցնում էին այս հանդիպման մասին, պատշաճ մակարդակով գրքի ներկայացում հեղինակի մասնակցությամբ, ապա գիրքը ձեռք բերած երջանիկներին սպասում էր աշխարհահռչակ շանսոնեի, մեծ հայի մակագրությունները: Թերեւս կազմակերպիչները չէին պատկերացնում, որ այս պղտորված ու շաղված հասարակության մեջ հնարավոր է դեռ պահպանված լինեն նվիրական ու ազնիվ զգացումներ: Թերեւս կարծում էին, թե նա անդարձորեն վեր է ածվել ընդամենը ֆիզիկական մի զանգվածի, որին հիմա էլ համահայկական շուրջպարի ֆարսով ուզում են միասնություն եւ ոգեղենություն հաղորդել (մի պարզ հայ մարդ ասաց, թե ամեն ինչ կորցրինք, էլ կորցնելու բան չունենք, մնաց ծափ տանք ու պար գանք): Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում պարզվեց, որ հասարակության տարբեր շերտերում դեռ անթեղված սեր կա, որը սպասում է սիրելի հերոսին, արտիստին, անհատին, մտավորականին, թերեւս, այո՛, կուռք է որոնում... Եթե այս գիտակցությունն ունենային կազմակերպիչներըՙ երեկվա խայտառակությունը, խառնամբոխային անփույթ վիճակը չէր ստեղծվի:
«Մոսկվա» կինոթատրոնի մուտքից 100 մ հեռավորությամբ երկաթյա ձողաշերտային ամրություններում կանգնած ոստիկանները գիրքը ձեռքերին մարդկանց ներս չէին թողնում, լրագրողական անցաթուղթն էլ չէր օգնում: Ներսը լեփ-լեցուն էր, պատշգամբներում տեղ չկար, երկրորդ հարկի ճեմասրահի անհարմար մի անկյունում (բազմության համար) տեղադրված էր մի աթոռ ու մի երկու սեղան, խռպոտ միկրոֆոնը հանդարտության էր կոչում, անկյուններում փոքրիկ սեղաններին մի քանի շիշ գինին չգիտես ում էր սպասում:
Հասարակության ամենատարբեր շերտերից, երիտասարդներ, գրկի երեխաներ, հղի կանայք, ծեր տատիկներ Երեւանից ու հանրապետության մարզերից, որը ծաղիկներով, որը նվերներով (Ազնավուրի դիմանկար, սիմվոլիկ ազգային դրոշ եւ այլն) սրտատրոփ սպասում էինՙ գոնե մի պահ Ազնավուրին տեսնելու: Ոստիկանները պատ էին կազմել: Աղմուկի հրմշտոցների մեջ մի կերպ ներս մտավ երգիչը: Մարդկանց կրքոտ ցանկությունն անկառավարելի էր դառնում, հեղձուցիչ տոթ էր, անտանելի կացությանն արտիստը չդիմացավ, հեռացավ: Մշակույթի նախարարը, արտգործնախարարության ներկայացուցիչը, պատգամավորները որեւէ կերպ իրավիճակը փրկել չէին կարող: Դա կազմակերպված բան չէր կամ պարզ ապաշնորհություն էր, անպատասխանատվություն. հանդիպման վայրը ճիշտ չէր ընտրված, մնում է ենթադրել, որ հեռուստատեսային գովազդ-հիշեցումները նպաստեցին ընդամենը գրքի բարեհաջող վաճառքին, բարեբախտությունն այն է միայն, որ հասույթը փոխանցվելու է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությանը:
Հավաքվածները խորագույն հիասթափության մեջ էին, եղածը խայտառակություն ու ամոթ էին համարում: Մի սեւազգեստ ծեր կին արցունքն աչքերին ասում էր, թե թոշակը տվել, գիրքն է գնել, ուզում է իր շնորհակալությունը հայտնել Շառլին, որ նա հայ որդեկորույս ու այրի կանանց անունից միջնորդի, որ արյուն թափած հողերը չվերադարձվեն. մի ուսուցչուհի թեՙ աշխարհի առաջ խայտառակ եղանք, աշակերտներիս էի բերել, ի՞նչ եմ ասելու նրանց, չէին կարող կազմակերպել, թողնեին մեր հույսին, այսպես չէր լինի. «Բա այսպիսի մարդուն բերում են, այդպիսի տեղ են նստեցնում...»:
Քիչ անց նույն երեւույթը «Երեւան» հյուրանոցի դռների առջեւ էր. ոստիկանները ստիպված հետ էին հրում մարդկանց խմբերին, հերթն անգամ կարմիր բերետավորներ կանչելուն հասավ: Միջին տարիքի մի տղամարդ կոկորդ էր մաշումՙ փորձելով հասկացնել, որ կանոնավոր շարք կանգնեն, որ մարդը դա տեսնելով հարգի իրենց, այլապես այդ զանգվածին ով կհարգի...»:
Բազմությունը խաղաղվեց, կանոնավորվեց ու շարունակեց սպասել արտիստին:
...Շառլ Ազնավուրի «Անցած օրերը» հրաշալի հուշագրություն է, տարագիր հայ արվեստագետի կյանքի հուզիչ պատմություն, մարդու սովորական ու անսովոր ապրումների, օտարումների ու բաժանումների, լքումների, կարոտի ու ցավի, իր սերերի ու իր երգի: Եվ ինչի մասին էլ երգում է Շառլ Ազնավուրը, աշխարհի մեծ սիրո մասին է պատմում: Այս հուշագրության մեջ անթաքույց անկեղծությամբ է բացվում նա աշխարհի ու ժամանակի առաջ, բացում իր աշխարհն ու իր ժամանակը...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ