Մայիսի 27-ին ԼՂՀ արդարադատության նախարար Ռոբերտ Հայրապետյանը հրավիրեց մամուլի ասուլիսՙ լրագրողներին իրազեկելու հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին, ինչպես նաեւ ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության վերջին 5 տարիների գործունեությունը:
Նախարարը ներկայացրեց համակարգում գործող ծառայությունների ու բաժինների աշխատանքը ըստ նրանց գործառնությունների: Մասնավորապես, Ռ. Հայրապետյանի գնահատմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որն ամենամեծ կառույցն է համակարգում, ներկայումս օժտված է ավելի մեծ լիազորություններով, քան նախկինում էր: Նա նշեց, որ եթե նախկինում ԴԱՀԿԾ-ն տարվա կտրվածքով բռնագանձում էր տարեկան մինչեւ 7 մլն դրամ, ապա նոր կարգավիճակով եւ ավելի հետեւողական աշխատանք ծավալելովՙ բռնագանձումների թիվը տարեկան հասցնում է մինչեւ 500 մլն դրամի:
ԼՂՀ բոլոր շրջաններում գործում է նոտարի մեկական հաստիք, իսկ Ստեփանակերտում կա նաեւ նոտարի օգնականի հաստիք: Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարում իրականացվել է 53 հազար նոտարական գործառույթ: ԼՂՀ-ում գործող «Նոտարիատի մասին» օրենքը թեպետ բխում է ՀՀ նույն օրենքից, սակայն ունի որոշակի տարբերություն: Դա վերաբերում է նախեւառաջ վարձավճարներին: Նախարարի պարզաբանմամբ, հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական վիճակը, նվազեցվել է վարձավճարների չափը, այսինքնՙ գանձվում է միայն պետական տուրքի ձեւով, իսկ նոտարական ծառայության համար քաղաքացիներից վճար չի վերցվում: «Մենք չենք գնացել այդ գների ազատականացմանը, ինչպես ՀՀ-ում է», նշեց Ռ. Հայրապետյանը:
Նախարարության օրենսդրական աշխատանքի բաժինը մշակել եւ կառավարության միջոցով խորհրդարան է ուղարկել ավելի քան 50 օրինագիծ, որոնք հիմնականում եղել են դատաիրավական համակարգի վերաբերյալ: Բաժինը մշակել է նաեւ 250 կառավարական որոշումների նախագծեր, ստուգվել ու գրանցվել են շուրջ 400 նորմատիվ գերատեսչական ակտեր:
Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների հետագա ընթացքում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ դատական համակարգում: Մշակվում է ԼՂՀ սահմանադրությունը, որի ընդունումից հետո նախատեսվում է առանձնացնել ԼՂՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատական ատյանները, որոնք ներկայումս գործում են, այսպես կոչված, նույն տանիքի տակՙ գերագույն դատարանում: ԼՂՀ 1-ին ատյանի մեկ դատարանի փոխարեն կգործեն երեք 1-ին ատյանի դատարաններ, կստեղծվի նաեւ տնտեսական դատարան:
Պատասխանելով «Ազգի» թղթակցի այն հարցին, թե ինչու Հայաստանի Հանրապետության օրինակով քրեակատարողական հիմնարկները ոստիկանության համակարգից առ այսօր չեն փոխանցվել ԼՂՀ արդարադատության նախարարությանը, Ռ. Հայրապետյանը դա բացատրեց այսպեսՙ պետք է ստեղծել համապատասխան իրավական բազա եւ ֆինանսական անհրաժեշտ ներդրումներ կատարել: Խնդրի լուծման հետաձգումը պայմանավորված է նաեւ ռազմական դրության ռեժիմի առկայությամբ: Նա միաժամանակ անխուսափելի համարեց հետագայում քրեակատարողական հիմնարկների փոխանցումը արդարադատության համակարգին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ