Փլատակների վերածված Բուզանդի 11 շենքից մնացել է քանդված կամարըՙ «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակով: Շենքի բակում ավելի քան 70 տարի 200 քմ տարածք ունեցող Պապյանների ընտանիքը երեկ վճռաբեկ դատարանի որոշմամբ վտարվեց իր սեփական տնից: Նկարչուհի Սաթենիկ Դավթյանը որոշել է դուրս չգալ տնից, որի նկուղում իր արվեստանոցն է: «Մենք գնալու տեղ չունենք, մեր իրերը ոչ մի տեղ չենք կարող տեղավորել: Մեր վիճակը մյուսներից տարբերվում է նրանով, որ դատարանը չճանաչեց սեփականատիրոջ մեր իրավունքը, ինչը նշանակում է, որ «Գլենդեյլ հիլզ» ՓԲԸ-ն մեր ընտանիքի 7 անդամներից յուրաքանչյուրին կառավարության ընդունած որոշման համաձայն պետք է վճարի 2 հազար դոլար աջակցություն եւ 1500 դոլար օգնություն: Այդ գումարով ի՞նչ կարող ենք գնել, մի թոռնիկս անդամալույծ է, ո՞ւր տանեմ նրան», ասաց նա: 1995 թվականին ընտանիքը դիմել է սեփականության վկայական ստանալու համար, սակայն կադաստրի պետական կոմիտեից գրություն է ստացել, թե այդ տարածքը պետական չէ: Փաստաբան Վալտեր Գեղամյանը մեկ առ մեկ թվարկեց անհեթեթ փաստարկների շարքը, որով դատարանն ընտանիքին զրկել է սեփականատիրոջ իրավունքից: Իրականում պետությունը մինչեւ 2003 թվականը ճանաչել է նրանց սեփականությունը, գանձել է գույքահարկ, հողահարկ. «Մարդկանց վտարում են իրենց սեփական տարածքից, որտեղ նրանք ապրել են ավելի քան 70 տարի: Մինչդեռ ըստ հողային օրենսգրքի 72 հոդվածի, նույնիսկ եթե քաղաքացին սեփականատեր չէ եւ ինքնակամ զբաղեցրած տարածքում ապրել է 10 տարուց ավելի, օրենքի պահանջով նա անպայման պետք է փոխհատուցում ստանա: Դատարանում անտեսվեց օրենքի այդ, ինչպես նաեւ գույքի գնահատման պահանջը»:
Նրա ասելով, այս անօրինականությունը համատարած է, ուղեկցվում է սահմանադրության եւ միջազգային նորմերի խախտումներով, իսկ կառավարությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես որեւէ առնչություն չունի բնակիչներին վտարելու վճիռների հետ, մի կողմ է քաշվել, նախապես համաձայնության գալով Գլխավոր պողոտայի սեփականատերերի հետ: «Սա պետական քաղաքականություն է, ոչ թե դատարանի որոշում: 1995 թվականից սկսած բնակիչները դիմել են իրենց տները սեփականաշնորհելու համար, ոչ մի իրավական ձեւակերպում չի արվել, բայց պահանջվել է հողի հարկ եւ գույքահարկ վճարել: Որպես սեփականատեր նրանք կատարել են բոլոր վճարումները, սակայն նույն մարդիկ այսօր չեն ճանաչվում որպես սեփականատերեր», ասաց փաստաբանը:
Բնակիչներին այլ բան չի մնում, քան բողոքարկել վճիռը կամ դիմել միջազգային ատյաններին:
Նկարչուհի Սաթենիկը համոզված է, որ իրենց եւ հարեւան տան սեփականության վկայականները կադաստրի պետական կոմիտեում անհետացել են, որովհետեւ դրանք Բուզանդի 11-ի ամենամեծ հողային տարածքներն են եւ դրանց տեղում կարելի է բնակելի շենք կառուցել: Թեպետ նրանց փաստաթղթերում առկա է Կենտրոնի թաղապետարանի կնիքով 2001 թվականին տրված տեղեկանքը, որ «սեփականության իրավունքով ձեզ պատկանող Բուզանդի 11-ի հարկային պարտավորությունները կազմում են 3710 դրամ», սակայն այդ փաստաթուղթը որեւէ փոփոխություն չի մտցրել դատական գործում: Պապյանների ընտանիքը նույնիսկ որոշել է հրաժարվել իրենց իբրեւ աջակցություն տրվող գումարից եւ դատական կատարածուի հայտնվելու օրը նստացույց անել Հանրապետության հրապարակում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ